Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Տեր-Գաբրիելյան. «Ամենամեծ ձեռքբերումը կորսվելիքը փրկելն է»

Մարտ 20,2013 22:01

Հրանտ Մաթեւոսյանի բացառիկ հարցազրույցը եւ Կարեն Գևորգյանի կորսված ֆիլմը` «Հրապարակ նկուղ» գրքում 

DCIM104MEDIA

Այսօր «ՆՓԱԿ» նորարար փորձարարական արվեստի կենտրոնում տեղի ունեցավ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն, ՍՄԻԼ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ,  խաղաղության և կոնֆլիկտների փոխակերպման փորձագետ Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Հրապարակ նկուղ» գրքի շնորհանդեսը:

Aravot.am-ի հետ զրույցում հեղինակը նշեց, որ գիրքն ընդգրկում է այն նյութերը, որոնք գրել է 16-28 տարեկանում. «Դրանք մասամբ տպագրվել են հայկական մամուլում` Հայաստանի անկախացումից հետո: 1993-ին ես գնացի Հայաստանից եւ 14 տարի բնակվեցի արտասահմանում: Երբ վերադարձա, նյութերը գտա նկուղում, թվայնացրեցի եւ մեծ թիմի աջակցությամբ ստեղծվեց գիրքը, որն ինչ որ առումով այն ժամանակների հուշարձան է: Գրքում տեղ են գտել պատմվածքներ, էսսեներ, գրականագիտական հոդվածներ: Իսկ կինոյի մասին հոդվածներից մեկը կինոռեժիսոր Կարեն Գևորգյանի մասին է, մյուսը` Ռոման Բալայանի ֆիլմերից մեկի»:

Գրքում զետեղված նյութերից Գևորգ Տեր-Գաբրիելյանն առանձնացրեց Հրանտ Մաթեւոսյանի հետ հարցազրույցը, որը վերջնական տեսքի  է բերվել  գրեթե մեկ տարվա ընթացքում. «Այն երբեւէ չի հրատարակվել: Հրանտ Մաթևոսյանն ինձ ասաց, թե չի ուզում, որ ես նրա խոսքը ուղղակիորեն կրկնեմ եւ խնդրեց ուրիշ ձեւ գտնել: Փաստորեն, հարցազրույցը շարադրելու նոր ձեւ պետք է գտնեի, ինչը դժվար էր, սակայն ես արեցի դա: Մաթեւոսյսնը դրական էր տրամադրված, թեեւ ես ութ տարբերակ էի առաջարկել նրան: Առաջին տարբերակներն անելուց նա ասում էր` «դուրս գրի այն միտքը, որը դուրդ եկել է եւ այն նախադասությունը, որը գրելիս ձեռագիրդ դուրդ գալիս է»: Այդպես ես հասկանում էի, որ դեռ շատ անելիք կա… Իսկ վերջում նա ինձ ասաց, թե խմբագրությունից ասում են, որ լավ նյութ եմ ներկայացրել, թեեւ նա կարդացել էր նախապես»:

Մեր զրուցակցի խոսքով. «Գրքի շնորհիվ փրկվեց «այն ժամանակվա» արտադրանքը: Այսօր հանրությանը կարող  եմ դրա  մի բեկորը ներկայացնել, որովհետեւ շատ բան է կորսված, օրինակ` Կարեն Գևորգյանի «Հրաժեշտ եզրագծից անդին» ֆիլմը, որի մասին գրել եմ հոդված եւ վիպակ:  Ինձ համար տարօրինակ էր, որովհետեւ վերջերս սերիալ ստեղծվեց, որը կոչվում էր «Եզրագծից այն կողմ»: Այսինքն, ձեւակերպումն «օդի մեջ» է եղել, կամ ինչ-որ մեկը տեղյակ է եղել այդ ֆիլմի վերնագրից: Սակայն Գևորգյանի ֆիլմը չկա, որովհետեւ արգելվեց, անգամ վերջնական տեսքի չբերվեց: Իմ վիպակը եւ հոդվածը գուցե ինչ-որ չափով օգնեն մարդկանց պատկերացում  կազմել կորսված ֆիլմի մասին: Այսինքն` ամենամեծ ձեռքբերումը կորսվելիքը  փրկելն է»:

Հավելենք, որ գիրքը լույս է տեսել «Սոցիալ-մշակութային ինովացիաների լաբորատորիա» (ՍՄԻԼ) հիմնադրամի աջակցությամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031