Լրահոս
Օրվա լրահոսը

Դատվածներին Արգենտինա չեն թողնի

Մարտ 20,2013 20:05

«Արձակուրդի եւ աշխատանքի» ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է լինեն 18-30 տարեկան:

Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ մուտքի ռեժիմները կազատականացվեն: ՀՀ կառավարությունն այսպիսի որոշման նախագիծ է պատրաստել: Այն ընդգրկված է կառավարության նիստի վաղվա օրակարգում: Ինչպես տեղեկանում ենք գործադիրի կայք էջից՝ առաջին քայլը կլինի ՀՀ եւ Արգենտինյան կառավարությունների միջեւ արձակուրդի եւ աշխատանքի ծրագրի մասին համաձայնագրի կնքման առաջարկությունը: Ըստ որի նախատեսվում է երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելություններ, բարեկամական հարաբերությունների ամրապնդում եւ խորացում: Ըստ նախագծի հեղինակ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, համաձայնագրի կնքման հաջորդական կարեւոր քայլը կլինի կողմերի միջեւ մուտքի արտոնագրերի տարբեր ռեժիմների ազատականացումը: Նախարարը վստահ է, որ այս նախագիծը չի առաջացնի  փոխադարձ միգրացիոն ռիսկեր` հաշվի առնելով աշխարհագրական հեռավորությունը:
Համաձայնագրով նախատեսված է, որ յուրաքանչյուր կողմ, իր օրենսդրությանը համաձայն, մյուս կողմի քաղաքացիներին տրամադրում է ժամանակավոր աշխատանքային արձակուրդի մուտքի արտոնագիր, որը վավերական է 3 ամիս ժամկետով` սկսած տրամադրման պահից եւ նախատեսում է թույլատրելի 12- ամսյա կացության ժամկետ` սկսած մյուս կողմի պետության տարածք առաջին մուտքի պահից:
Համաձայն պահանջների` Հայաստան գալ եւ Արգենտինա մեկնել ցանկացողները պետք է լինեն Արգենտինայի քաղաքացիներ, որոնք հանդիսանում են Արգենտինյան Հանրապետության մշտական բնակիչներ, կամ ՀՀ քաղաքացիներ, որոնք հանդիսանում են Հ Հ մշտական բնակիչներ: Դիմում ներկայացնելու պահին նրանց տարիքը պետք է լինի 18-ի եւ 30-ի միջակայքում, ճանապարհորդությանը նրանց չպետք է ուղեկցեն իրենց խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամները, ունեն հակառակ կողմից տրամադրված վավերական անձնագիր, նախկինում չեն մասնակցել «Արձակուրդի եւ աշխատանքի» ծրագրին, ունեն վերադարձի տոմս կամ նման տոմս գնելու համար անհրաժեշտ միջոցներ, ունեն իրենց ծախսերը հոգալու համար ողջամտորեն անհրաժեշտ միջոցներ իրենց կացության սկզբնական ժամանակահատվածի համար, վճարել են նախատեսված մուտքի արտոնագրի վճարը, համաձայնել են ունենալ ամբողջական բժշկական ապահովագրություն իրենց կացության ժամանակահատվածի համար, չունեն դատվածություն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031