Ըստ նրա, միեւնույն է, կեղծ երդումով Սերժ Սարգսյանը չի դառնում հայ ժողովրդի նախագահ:
Ինչպե՞ս ապահովագրվել Մարտի 1-ից եւ ինչ քայլեր եք տեսնում, որպեսզի հայ ժողովուրդն ավելի ինքնավստահ քայլերով գնա դեպի հաղթանակ: Այսօր Ազատության հրապարակում բաց քաղաքացական խորհրդի նիստի ժամանակ լրագրողներից մեկի այս հարցին նիստը վարող Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Մենք գտել ենք ելքը: Հետընտրական զարգացումներին գործող ռեժիմը տարիներ առաջ սկսել է պատրաստվել այս օրվան: Մինչեւ Մարտի 1-ի մեղավորները չպատժվեն, նրանց չի հաջողվելու պետություն ստեղծել: Շատերն այսօր սեւեռված են ապրիլի 9-ի վրա: Ես չէի ուզենա սեւեռվել, որ այդ օրը ռեժիմի վերջը բերելու ենք, մտքեր են, որոնք բերելու են բախում: Մենք այդ մտքին կողմնակից չենք, այդ մարտավարությանը համաձայն չենք: Մենք մտադիր ենք սեւեռվել մի ընթացք տալ, որտեղ հակառակորդը ոչ մի զենք չունենա արգելելու»:
Պարոն Սեֆիլյանը ապագայի եւ Սերժ Սարգսյանի՝ իշխանությունը զիջելու իր կանխատեսումներում այսպիսի միտք հայտնեց. «Քանի որ դու այդ պահին նրա աթոռը չես փորձում վերցնել ու ջարդել գլխին, ուրեմն ինքը իրան ապահով է զգում: Մեզ մնում է ապրիլի 9-ից սկսած ուժ հավաքել, ոչ թե մենք ենք դեմ այդ բուրգին, այդ բուրգը ինքնափլուզման եզրին է: Կգա ժամանակ, որ մենք այնքան ուժեղ կլինենք, նրանք այնքան թույլ: Այդ ժամանակ է, որ մենք նրանց կհրավիրենք ռինգ: Եվ այդ ժամանակ է, որ նա չի համարձակվի արդեն բռնի ուժի դիմելու: Եթե համարձակվի, արդեն դա նման կլինի վերջին դիկտատորների վախճանին»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը ճշտեց՝ այսինքն առաջարկում եք, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը երդվի, հետո նրա կառավարությունը խնդիրներ ունենա, նոր այդ ժամանակ վրա հասնի Րաֆֆի Հովհաննիսյանի թի՞մը: Ժիրայր Սեֆիլյանը հստակեցրեց. «Առաջարկն այն է, որ պետք է արհամարհել դրանց: Եթե երդումը կեղծ է, այդ երդումով նա չի դառնում հայ ժողովրդի նախագահ: Պետք է արհամարհել եւ վերջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ