ԱԺ պատգամավորն ահազանգում է
Այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ահազանգ հնչեցրեց այն մասին, որ գործարար Սամվել Մայրապետյանը մայրաքաղաքի կենտրոնում տասը հարկանի հյուրանոց է կառուցում`շինարարական նորմերի լրջագույն խախտումներով: Շինարարությունն իրականացվում է Աբովյան 3 հասցեում, ԱՕԿՍ-ի շենքի հարևանությամբ: «Այդ նախագծի իրականացմանը նպաստել է Երևանի ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
ԱՕԿՍ-ի շենքը պետական մշակութային հուշարձանների ցանկում է: Երկու նախարարություններ՝ ԱԻՆ-ն ու քաղաքաշինության նախարարությունները պաշտոնական գրություններով հաստատել են այդ շիննորմերի խախտումները: Ինչպե՞ս է ստացվել, որ քաղաքապետը հաստատել է հյուրանոցը կառուցելու նախագիծը, երբ նախարարությունները հաստատել են, որ կան օրենքի նորմերի խախտումներ»,- հարցրեց ՀԱԿ պատգամավորը:
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը (լուսանկարում՝ աջից, իսկ ձախ կողմինը արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն է-խմբ.) իր պատասխանում ասաց, որ քաղաքաշինության նախարարությունը չի ասել, որ դա շինարարական խախտում է, այլ նախագիծն է սխալ կազմված եղել. «Դիմել ենք քաղաքապետին, և այդ գործընթացը դատարանում է»:
Պատգամավորը հետաքրքրվեց` եթե կայացնի վճիռ՝ հօգուտ շինարարության շարունակման, ի՞նչ պետք է անի նախարարությունը: Նախարարը հավաստիացրեց, որ քաղաքաշինության նախարարությունը մասնակցելու է այդ գործընթացին և հետևողական է լինելու`հօգուտ նախարարության վճիռ կայացնելու հարցում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ