Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանն ուրիշ գործ ունի

Մարտ 20,2013 17:46

Հովիկ Աբրահամյանը մի կերպ զսպեց ծիծաղը, երբ Զարուհի Փոստանջյանը վարչապետին հրավիրեց Հաղթահավաքի:

Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հեղափոխական բարեւներ շռայլելով կառավարության անդամներին, հիշեցրեց, որ ուրբաթ օրը Ազատության հրապարակում կայանալու է ժողովրդի «հաղթահավաքը» ու հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Ես ցանկանում եմ իմանալ` դուք մասնակցելո՞ւ եք Ազատության հրապարակի հաղթահավաքին»: Դահլիճում բոլորը մի պահ անակնկալի եկան: Նիստը վարող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմեց շփոթված վարչապետին`մի կերպ զսպելով ծիծաղը. «Պարոն վարչապետ, պատասխանեք հարցին»:

«Ես չեմ մասնակցելու»,- ասաց վարչապետը`պատճառաբանելով, որ այլ միջոցառումներ կան իր աշխատանքային օրակարգում: Վարչապետը Փոստանջյանին կոչ արեց կոռեկտությունը պահել. «Համաձայն չեմ ձեր գնահատականների  եւ հնչեցրած որակումների հետ, քանի որ դուք քաղաքական բանավեճը տեղափոխում եք վիրավորանքների դաշտ, որը, կարծում եմ տեղին չէ: Այս հեղինակավոր դահլիճը չի կարելի դարձնել այդպիսի բանավեճի տեղ: Դա շատ վատ ճանապարհ է եւ առաջարկում եմ ձեզ, որ մնանք երկխոության շրջանակներում՝ այն ձեւաչափի մեջ, որն այս տարիների ընթացքում կարողացել ենք պահպանել»:

Վարչապետը հորդորեց, որ «Ժառանգությունում» հարգալից վարվեն ՀՀԿ-ի քաղաքական սկզբունքներին, քանի որ ՀՀԿ-ում էլ հարգալից են վերաբերվում «Ժառանգության» սկզբունքներին:

Զարուհի Փոստանջյանն էլ այսպես հակադարձեց վարչապետին. «Փաստորեն, ես ճիշտ հասկացա, որ ձեր մեջ արդեն մարել է հեղափոխական լինելու ցանկությունը եւ եթե մարել է, չեք մասնակցելու ժողովրդի կողմից հաղթարշավին, հուսանք, որ հեղափոխությունը ձեր մեջ նորից կարթնանա»:

Ըստ Փոստանջյանի՝ հասարակությունը տրամադրված է զանգվածային անհամաձայնության միջոցառումներ անցկացնելու: Նա վարչապետից հետաքրքրվեց՝ եթե այդ համատեքստում ձեռնարկատիրությամբ զբաղվող անձինք հրաժարվեն այլեւս աշխատել եւ հարկեր մուծել`ինչպե՞ս պետք է կառավարությունը կազմակերպի իր աշխատանքը, ասենք, մեկ ամիս բյուջեում համապատասխան գումար չունենալով: Վարչապետն ասաց, որ հասկանում է հեղափոխության վերաբերյալ տիկին Փոստանջյանի ակնարկը, մասնավորապես այն հոդվածը, որ ինքը գրել է, թե ինչպես իրականացնել հեղափոխություն: «Եթե դուք ուզում եք արմատական հեղափոխական փոփոխություն կատարել, պետք է առաջին հերթին ձեր գաղափարները ներկայացնեք հանրությանը և հեղափոխական գաղափարախոսությունը առաջ տանեք: Ցավոք սրտի, այդպիսի մտածողության հեղափոխություն ես չեմ տեսնում այսօր հրապարակում»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Ինչ վերաբերում է հարկերին, նա նշեց, որ օրենսդրությունը հստակ տալիս է այդ հարցի պատասխանը` հարկերից խուսափողներին գործադիրն օրենքով սահմանված պատասխանատվության կենթարկի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031