Այսօր Ազատության հրապարակում բաց քաղաքացիական խորհրդի նիստը սկսվեց յուրահատուկ: Բանն այն է, որ այդ նիստին մասնակցում է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը՝ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը: Ընդ որում, տիկին Վարդիթերը միանգամից «մատնեց», որ Րաֆֆի Հովհաննիսյանի ազգակիցն է, քանի որ վերջինս իր ծանոթությունը հավաքվածների հետ սկսեց բոլորին ձեռքով բարեւելով եւ համբուրելով:
Այսօր նիստը վարում է Ժիրայր Սեֆիլյանը, որին պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց որպես խիստ հայրենապաշտ մարդ: Ժիրայր Սեֆիլյանը պատմեց, որ քիչ առաջ մոտեցել է տիկին Վարդիթերին ու համբերություն մաղթել: «Ինչի՞ համար»,- հարցրել է Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը: Ըստ Ժիրայր Սեֆիլյանի, իսկապես, բոլոր մայրերն էլ իրար նման են մտածում, երբ իրենց որդիները մարտի են դուրս գալիս:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ