Քաղաքացիական հասարակության ակտիվիստները այսօրվանից սկսած իրենց կոչ-խնդրանքներով անվանի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին ապրիլի 9-ին նախատեսված Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանն են հրավիրում:
Ազատության հրապարակում, այսօրվանից սկսած, ցանկացողների կոչ-հրավերքը տեսանկարահանվելու է, եւ տեսահոլովակները մոտակա օրերին փոխանցվելու են Ս. Թանկյանին:
«Տարբեր մարդկանց խնդրանքն է, որ Սերժ Թանկյանը մասնակցի այս ակցիային, որ նա գա իր հայրենիք, ստեղծի մեզ հետ եւ պայքարի իր հայրենիքի համար»,- ասաց ակտիվիստ Ֆիլիպ Արզումանյանը:
Մեր հարցին, թե Սերժ Թանկյանը կմիանա՞ պայքարին, թե արտասահմանում բնակվող շատ հայերի նման իր ասելիքն ու աջակցությունը գրավոր կներկայացնի, Ֆ. Արզումանյանն ասաց. «Շատ մարդկանց գիտեմ, ովքեր գալիս են, մասնակցում պայքարին: Եվ շատ լավ օրինակ է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա եկավ եւ հայ ժողովրդի կողքին կանգնեց… նրա օրինակին թող բոլորը հետեւեն»:
Կարդացեք նաև
Ակտիվիստի համոզմամբ, եթե Ս. Թանկյանը մտահոգված է իր հայրենիքի ճակատագրով, նա անպայման կմիանա շարժմանը:
Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ արդեն բանավոր հրավերք եղել է Թանկյանին ուղղված, թե ինչ իմաստ կա տեսահոլովակների միջոցով նորից հրավիրել, Ֆ. Արզումանյանն ասաց. «Մենք սատարում ենք այն կոչին, որը հնչեց հանրահավաքի ժամանակ: Օգնում ենք, որ այդ կոչը հասնի հասցեատիրոջը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ