Լրահոս
Օրվա լրահոսը

«Առեղծված չէր, իրականությունն էր, որն իմ աչքերում այլ էր թվում». Սիրահարված աղջիկը դժվարությամբ էր հավատում կատարվածին

Մարտ 20,2013 17:20

«Անհնար է», – շարունակ կրկնում էր Սոսեն, երբ Վարդանն ասում էր՝ մենք միշտ միասին ենք լինելու: «Սկզբում զգացմունք չունեի նրա հանդեպ, չէի սիրում, նույնիսկ նյարդայնանում էի նրա ուշադրությունից, նրա ջերմ վերաբերմունքից, բայց դա միայն սկզբում էր, – ժպտում է Սոսեն, – ինքս էլ չհասկացա մեկ ամսվա ընթացքում ինչպես դարձա նրա գերին. կապվածություն, սեր, հրապուրանք… չէի հասկանում, թե ինչ էի զգում, բայց մի բան հաստատ էր՝ առանց նրա օրս չէի պատկերացնում»: Վարդանը չէր դադարում կրկնել՝ միշտ միասին ենք լինելու, այդ խոսքերին ի պատասխան, Սոսեն արդեն ասում էր՝ միշտ: Նույն համալսարանում էին սովորում, միմյանց վաղուց էին ճանաչում ու ինչպես Սոսեն է ասում՝ երբևէ չէր կարող պատկերացնել, որ հնարավոր է նման բան պատահի: «Այնքան հետաքրքիր էր մեր մտերմությունը ու նաև տարօրինակ, մի օր Վարդանն ինձ ընկերության առաջարկ ուղարկեց համացանցով ու իմ ընդունելուն պես սկսեցինք խոսել, ամեն ինչ այնքան խորացավ, որ վերածվեց սիրո, – ասում է Սոսեն ու ավելացնում, – միայն թե ինձ մոտ»: Երբ սկսում էին խոսել իրենց մտերմության մասին կամ Սոսեն հարցնում էր՝ ինչպե՞ս որոշեց ընկերության առաջարկ ուղարկել, մինչ այդ արդեն զգացմունք ունե՞ր իր հանդեպ և նման հարցեր, Վարդանը միշտ թեման փոխում էր, կամ ասում՝ առեղծված է, «Չգիտեի` ինչո՞ւ է այդպես ասում, բայց ինչպես ասում են՝ սուտը երկար ճամփա չունի, մի օր ամեն ինչ բացահայտվեց, և պարզվեց, որ այդ ամենը ոչ թե առեղծված է, այլ նախապես պլանավորված քայլ, որն իր ընկերների հետ էր մշակել, իսկ ամենավատն այն էր ինձ համար, որ այս խաղի մասին իմացել է նաև իմ մտերիմ ընկերուհին ու լռել», – ասում է Սոսեն: Իրականությունն իրեն հենց ընկերուհին է ասել, Սոսեի խոսքով՝ ասել է խիղճս կտանջի, պետք է իրականությունն իմանաս ու պատմել է ամենը, իսկ Սոսեի հարցերին, թե ինչու՞, ինչպե՞ս, ընկերուհին չի պատասխանել: Այդ օրը երկու կարևոր մարդ կորցրեցին Սոսեին, իսկ նա՝ միանգամից երկուսին. Մտերիմ ընկերուհուն, ով պարզվեց մտերիմ համարվելու իրավունք չունի, և սիրելիին, ով թեկուզև ներողություն է խնդրել Սոսեից, բայց ինքն էլ գիտակցել, որ Սոսեի համար դժվար կլինի ներել: «Վերջին մեր խոսակցության ժամանակ չկարողացա ոչինչ ասել, – պատմում է Սոսեն, – այնքան բան կար կուտակված, որ չգիտեի որտեղից սկսել, իսկ Վարդանն անընդհատ ասում էր՝ կներես, կներես…»: Թեև հանդիպման ժամանակ ոչինչ չի ասել Վարդանին, բայց տուն գալուն պես որոշել է նամակ ուղարկել, գրելով. «Առեղծված չէր, իրականությունն էր, որն իմ աչքերում այլ էր թվում… եթե ուզում ես քեզ իսկապես ներեմ հեռացիր այնքան զգույշ, որ չզգամ, թե ինչպես ես քեզ հետ տանում հավատս՝ մարդկանց հանդեպ»: Նամակին պատասխան չեղավ, Սոսեն այդպես էլ սպասում էր, ասում է. «Էլ ի՞նչ կարող էր պատասխանել այսքանից հետո»: Թեև խաբված լինելու փաստը դժվարությամբ է ընդունել ու երկար ժամանակ է պահանջվել ամեն ինչ հիշողությունից ջնջելու համար, բայց այնուամենայնիվ Սոսեին դա հաջողվել է. «Թերթած էջ է, հիմա նորն եմ սկսում»: Սոսեն, սակայն, նշեց, որ ամիսներ առաջ Վարդանը նորից «հայտնվել» էր, ու հավատացնում էր, թե ինքը շատ է մտածել այս հարցի շուրջ ու հասկացել, որ թեև սկզբում այդ ամենը պլանավորված խաղ էր, բայց ինքն էլ մոռանալով խաղի կանոնները՝ սիրահարվել է Սոսեին, իսկ Սոսեն ծիծաղել է լսելով Վարդանին ու ասել. «Դու հենց նոր պարտվեցիր քո սեփական խաղում, ինձ էլ երբեք չհիշես, պարտված հերոս»:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031