Հայաստանը մեկ տարի ժամկետով ստանձնել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի նախագահությունը
Մարտի 15-ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:
Խորհրդի որոշմամբ Հայաստանը մեկ տարի ժամկետով ստանձնել է Խորհրդի նախագահությունը:
Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրներում զբոսաշրջության ոլորտի վերջին զարգացումները, զբոսաշրջության բնագավառում համագործակցության և ինտեգրման հեռանկարները, այլ հարցեր:
Կարդացեք նաև
Զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով:
Ա.Պետրոսյանն իր ելույթում ներկայացրել է վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները և իրականացվող ծրագրերը:
Նիստին ընդունվել է մինչև 2020 թվականը ԱՊՀ անդամ պետություններում զբոսաշրջության բնագավառում ինտեգրման գործընթացների զարգացման Ռազմավարությունը, որում հաշվի են առնվել հայկական կողմի ներկայացրած առաջարկությունները: Հատկանշական է, որ Ռազմավարության մեջ, վերջինիս մշակման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի շարքում, համաշխարհային զբոսաշրջության վերաբերյալ Մանիլայի, Հաագայի և Օսակայի հռչակագրերի հետ մեկտեղ, ներառվել է նաև Զբոսաշրջության վերաբերյալ Երևանյան հռչակագիրը, որն ընդունվել է 2012 թվականի հոկտեմբերի 19-ին Երևանում կայացած «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության ներդրումը» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն