Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին։
Պաբլիլիոս Սիրոս
«Իմ կյանքում շատ դժվարություններ եմ ունեցել, նույնիսկ մտածել եմ ծայրահեղ քայերի դիմել, բայց հասկացա, որ այդ ամենը փորձություն է, որն հաղթահարելուց հետո ավել մեծ եռանդ ես ծախսում ու քեզ ինչ-որ չափ երջանիկ ես զգում, որովհետև դու հաղթահարել ես դա, դու արդեն ավելի լավ ես գիտակցում քո կյանքի արժեքը»,-ասում է տնտեսագետ Նարեն: Ըստ նրա՝ երջանկությունը մարդու ընտրությունն է, ոչ թե անձին շնորհված պարգև, դրա համար պետք է համապատասխան քայլեր անել:
Այսօր երջանկության միջազգային օրն է: Տոնի մասին Նարեն տեղեկացավ մեզանից, շնորհավորում է բոլորին ու մաղթում. «Ճիշտ ապրեք, քիչ դժգոհեք»:
Համացանցն այսօր ողողված է աֆորիզմներով, շնորհավորական գրառումներով, ոմանք հավաստում են, որ իրենք անչափ երջանիկ են, ոմանք պարզապես շնորհավորում են միմյանց, իսկ ոմանք էլ ձգտում են տոնը հավերժացնել իրենց գրառումներում և տեղեկացնել հասարակությանը նման ուրախ իրադարձության մասին, քանի որ շատերը այսօրվա մասին ոչինչ չգիտեն: Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ առաջին անգամ այս տարի է անցկացվում «Երջանկության» միջազգային օրը: Օրվա վերաբերյալ որոշումը կայացվել է անցյալ տարի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: Ի դեպ, տոնի առիթով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունն ասել է. «Երջանկությունն ընկած է մարդկային ցանկությունների հիմքում»։
Մենք փորձեցինք պարզել երջանկության մասին մարդկանց մտորումները: Ոմանք Պասկալի նման կարծում են, որ երջանիկ է այն կյանքը, որը սկսվում է սիրուց ու ավարտվում` կրքով։ Շատերն ընդունում են, որ երջանկության իրական արժեքն իմանում են այն ժամանակ, երբ կորցնում են այն: Իսկ 21-ամյա ռեպեր Արսենն էլ պնդում է՝ մարդիկ ավելի շատ են երջանկանում դժբախտությունից հետո. «Դա կրկնակի տոն է, մարդիկ վերագնահատում են այն, ինչ անտեսել կամ արհամարհել են»,-ասում է նա:
«Մարդիկ են հնարել, որ երջանիկ են: Դա գոյությունը հեշտացնելու տարբերակ է,-ասում է 45-ամյա անհատ ձեռներեց Վահեն, անկեղծանում է,-ամեն դեպքում որոշ հարցերում ես ինձ համարում եմ երջանիկ, օրինակ, որ հասկացող և խելացի դուստր ունեմ: Իսկ երջանիկ չեմ այն առումով, որ չեմ վայելել կյանքը, փոշմանել եմ շատ բաների համար, որ չեմ արել»,-հավելում է Վահեն:
Ինչպես պնդում են շատ հոգեբաններ՝ երջանկությունը պետք է լինի հավերժական, այն չի կարող լինել ակնթարթային և անցողիկ: «Եթե կյանքում ինչ-որ մի բան այն չէ, օրինակ՝ մահացել է քո հարազատներից մեկը, դա դեռ չի նշանակում, որ դու դժբախտ ես, նույնն էլ այն դեպքում, երբ դու գերազանց ես ավարտում համալսարանը: Երջանկությունը պետք է լինի մնայուն, Ձեր վերաբերմունքը պետք է լինի այդպիսին՝ քո «ես»-ի, դիմացինի և առհաարակ աշխարհի նկատմամբ: Իսկ երջանկության գրավականը սերն է ՝ ամեն տեսակի, յուրովի»,- ասում է հոգեբան Անի Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ մարդիկ հաճախ են ցանկությունների ի կատար ածումը շփոթում երջանկության ձեռքբերման հետ, մինչդեռ պետք է հաշվի առնել ընդհանուր վիճակը, ոչ թե հենվել տվյալ իրավիճակի հիման վրա:
Նազենի Բաղդասարյան