Լրահոս
Օրվա լրահոսը

Միջնորդելու է, որ Aravot.am-ը Ջհանգիրյանի գործով ներգրավվի որպես կողմ

Մարտ 20,2013 16:35

100_7071 100_7070 100_7072Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր այսօր ներկայացել նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Վահե Հովսեփյանը: Դատավոր Սիմիզար Հովսեփյանը ստուգեց նրա լիազորագիրը: Պարզվեց, որ այն տրված է 2 տարի ժամկետով եւ Ջհանգիրյանը լիազորել էր, որ փաստաբանը հանդես գա իր անունից բոլոր դատական ատյաններում: Հայցվորները երեքն են՝ Մատաղիսի գործով՝ երկու զինծառայողների սպանության համար նախ ցմահ ազատազրկման դատապարտված, անցյալ տարվա դեկտեմբերին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացված Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը: Նրանք իրենց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի համար պահանջում են Գագիկ Ջհանգիրյանից 100 հազար դրամ՝ իրենց վիրավորելու եւ 200 հազար դրամ՝ զրպարտելու համար, ինչպես նաեւ պահանջում են, որպեսզի նա հրապարակային ներողություն խնդրի իրենցից:

Երբ նախագահողն այսօր նախնական նիստին պահանջեց իրավական հիմքը, նրանք հիմքերի մեջ նշեցին նաեւ անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին Aravot.am-ում եւ «Լրագրում» Գ. Ջհանգիրյանի հարցազրույցը, մասնավորապես՝ նրա հետեւյալ արտահայտությունը. «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին, ես չեմ փոխել իմ կարծիքը, որ նրանք են սպանել»: Այս արտահայտությունը նրանք համարում են զրպարտանք եւ վիրավորանք իրենց հասցեին, ինչպես նաեւ անմեղության կանխավարկածի խախտում: Պատասխանողի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը խնդրեց ժամանակ՝ իր դիրքորոշումը արտահայտելու եւ առարկությունները դատարան ներկայացնելու համար:

Դատական նախնական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 10-ին:

Նկատենք,  որ ՀՀ վերաքննիչ եւ զինվորական գործերով դատարանում դեռ լսվում է Մատաղիսի գործով մեղադրանքի կողմի բերած բողոքը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած արդարացման դատավճռի դեմ: Արայիկ Զալյանը Aravot.am-ի հետ զրույցում չբացառեց, որ մեր լրատվամիջոցը կներգրավվի որպես երրորդ կողմ:

Այսօր երկրորդ դատական նիստն է, երբ Aravot.am-ի հրապարակումը մի դեպքում դառնում է ապացույց (Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործով), մի դեպքում էլ հրապարակումը պատճառ է դառնում դատավարական կողմ դառնալու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031