«Հանրապետականները պատից այս կողմ անկեղծանում են, այն կողմ` գովերգում այնպես, ինչպես կոմունիստները Բրեժնեւին ու Չեռնենկոյին»:
«Այս պահից սկսած, ընտրություններից հետո ամենակարեւոր դերակատարումն ունենալու են ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, եւ նրանց քայլերից է կախված լինելու Հայաստանի հետագա գործընթացները. եթե ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ճիշտ քայլեր անեն, ապա իրավիճակը կտուկ, դրական իմաստով, կփոխվի»,-այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց քաղաքագետ Գեղամ Նազարյանը:
Նրա խոսքերով` հիմա կարեւորը միասին պայքարեն արդար ընտրությունների համար եւ միավորվեն բոլոր նրանք, ովքեր Բաղրամյան 26-ի վերահսկողությունից դուրս են:
Պարոն Նազարյանի կարծիքով` եթե ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Դաշնակցությունը», «Ժառանգությունը» կարողանան համատեղեն իրենց ուժերը` կկարողանան կանխել Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ հնարավոր ընտրակեղծիքները, կկարողանան իրավիճակ փոխել, եւ այս կուսակցությունները պետք է մտածեն ոչ թե ով ինչքան շատ ձայն կհավաքի, այլ իրավիճակը փոխելու մասին:
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը, թե խորհրդարանական ընտրություններին էլ միասնական շտաբ ստեղծվեց, բայց չարդարացրեց իրեն, պարոն Նազարյանը պատասխանեց. «Ոչ թե չարդարացրեց, այլ` չգործեց այնքան, որքան ներուժ ուներ. վերջին պահին հանկարծ Ռուբիկ Հակոբյանն եկավ ու չգիտեմ` ինչ հեքիաթային պատճառաբանություններով դուրս եկան : Իսկ հիմա շատ լավ է, որ չգնացին միասնական ցուցակով, մենք չգիտենք, չենք ճանաչում, ինչ-որ պահի, ինչ-որ մեկի հանձնարարությամբ այդ ցուցակը կարող էր տապալվել եւ վերջին պահին արդեն ոչինչ չէինք կարող անել: Իսկ առանձին գնալով՝ նման ականների պայթյունի վտանգը նվազում է: Կարեւորը համագործակցելն է»:
Քաղաքագետի դիտարկմամբ, ներկայումս խորհրդարանական արտահերթ ընտրություններն անիմաստ են, քանի դեռ ընտրակեղծիքների խնդիր կա, ու մեծամասնական ընտրական համակարգը վերացված չէ. «Եթե ավագանու ընտրություններից հետո դրական տեղաշարժ լինի, քաղաքական ուժերը պետք է շատ արագ ընտրական օրենսգրքի փոփոխություն անեն` մեծամասնականից հրաժարվել, որից հետո կարելի է գնալ արտահերթ ընտրությունների: Այս փոփոխությունները, որ լինեն, նախագահն ինքն է ասելու` լավ, ներողություն, ես այստեղ անելիք չունեմ»:
Ասուլիսի ժամանակ քաղաքագետը մի ուշագրավ համեմատություն կատարեց ու իշխող կուսակցության «վախճանը» նկարագրեց` հանրապետականներին նմանեցնելով կոմունիստներին. «Հանրապետականները, որոնք խնդիրը ներսից ավելի լավ գիտեն, պատից այս կողմ անկեղծանում են եւ ասում ավելին, իսկ պատից այն կողմ նրանք գովերգում են Սերժ Սարգսյանին՝ ստեղծելով մի իրավիճակ, երբ Սովետական միության ժամանակ Չեռնենկոյին, Բրեժնեւին, Գորբաչովին գովերգում էին, հետո դուրս գալիս ուրիշ տեղ այլ բան ասում: Այդ երկիրը փլվեց, նույնը Հայաստանում է լինելու»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Միանգանայն,՝ ցավալի ճշմարտություն է: