ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Գ.Պոլեյանի կողմից սպանություն կատարելու եւ ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2008թ. մարտի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Գ.Պոլեյանը եւ Ս.Զորոյանը Երեւան քաղաքի երկաթուղային կայարանի հրապարակում մի խումբ անձանց հետ վիճաբանել են: Անավարտ թողնված վիճաբանության շուրջ պարզաբանումներ պահանջելու նպատակով նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, Գ.Պոլեյանը հանդիպել է Ա.Գալստյանի եւ նրա ընկերների հետ: Վերսկսված վիճաբանության ընթացքում Գ.Պոլեյանը վրդովվել է Ա.Գալստյանի կողմից հնչեցված սպառնալիքներից:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ա.Գալստյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրական վտանգի տակ դնելով ինչպես Ա.Գալստյանի, վերջինիս ընկերներ Ա.Բադալյանի եւ Հ.Քլյանի, այնպես էլ մյուս ներկաների կյանքը` Գ.Պոլեյանն իր կողմից ապօրինի կրվող ատրճանակից մարդաշատ վայրում կրակոցներ է արձակել Ա.Գալստյանի ուղղությամբ, ով ծոծրակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Պոլեյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Կարդացեք նաև
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
ՀՀ դատախազություն