Այսօր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի Քաղաքացիական հասարակության ցանցի ոլորտային խմբերի նիստը:
Սարգիս Սեդրակյանը՝ նիստի նախագահը, առաջին հերթին քննարկման դրեց կառավարության կողմից ներկայացված Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի այն կետը, ըստ որի պետք է իրականացվեն գյուղերի խոշորացումներ՝ այսինքն մի քանի գյուղ միանան իրար՝ պաշտոնապես համարվելով մեկ գյուղ: Այս բարեփոխման նպատակը, ըստ կառավարության, գյուղապետերի կրճատումն է՝ հետևաբար անիմաստ աշխատավարձերի կրճատում: Կառավարությունը պատրաստվում է կրճատված աշխատավարձերով բարեփոխումներ իրականացնել գյուղերում: Սակայն քննարկման մասնակիցները պնդում են, որ սա կործանարար կլինի գյուղերի համար, քանի որ մեկ գյուղապետ չի կարող պատշաճ կերպով բավարարել մի քանի գյուղի պահանջներ և , ինչպես հարկն է, լուծել դրանց խնդիրները: Որոշվեց առաջարկել կառավարությանը գյուղերին տալ ընտրության հնարավորություն՝ միանալ, թե ոչ:
Քննարկման հաջորդ կետը վարկերն են: Ըստ Սարգիս Սեդրակյանի վարկային համակարգն այսօր գյուղացու համար աղետալի վիճակում է գտնվում: Գյուղացիների արտագաղթը ավելի է մեծացել վարկերի պատճառով: «Նախ տոկոսադրույքներն են բարձր, երկրորդ՝ պայմանները գյուղացու համար շահավետ չեն»: Որոշվեց առաջարկել վարկային արմատական բարեփոխումներ գյուղացիների համար:
Հաջորդը քննարկվեց անորակ, մաքսանենգ սերմերի ներկրման հարցը, որով ոչ միայն տուժում է գյուղատնտեսությունը, այլև առողջապահական ոլորտը: Ըստ քննարկման մասնակիցների այս հարցի միանշանակ լուծումն է ներկրման դադարեցումը:
Կարդացեք նաև
Քննարկվեցին նաև անասնաբույժների և գյուղատնտեսության ոլորտում մասնագետների վերականգնման և պատշաճ վարձատրման մասին:
«Առավոտը» քննարկման մասնակիցներից հետաքրքրվեց, թե արդյոք կառավարության կողմից ներկայացված ծրագիրը այդքան բացեր ունի, քանի որ մասնակիցները նիստի ժամանակ անընդհատ շեշտում էին աշխատանքի ծավալի և ժամանակի սղության մասին: «Կառավարության կողմից ներկայացված ծրագրի 70-80%-ը հեքիաթ է, կարելի է ասել՝ այն արժեք չի ներկայացնում: Չկան կոնկրետ նպատակներ, չկա թիրախ և չկան հստակ մոտեցումներ: Այս աշխատանքը, իրոք, շատ ծավալուն է, սակայն կառավարությունը նշում է, որ ժամանակ չկա երկար քննարկելու ծրագիրը, և ապրիլին մենք պետք է ներկայացնենք բարեփոխված ծրագիրը»:
Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ