Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյան. «Ցանկացած գիտնական աշխատում է մի սկզբունքով` որտեղ հաց` էնտեղ կաց»

Մարտ 20,2013 15:41

Այսօր ՀՀ ԿԳՆ Գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանը «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց կոմիտեի 2013 թվականի անելիքները: Պարոն Հարությունյանը խոսեց ՀՀ կառավարությանը ներկայացված ծրագրերից, այդ թվում նաեւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծից: Վերջինիս ընդունմամբ սահմանվելու են այնպիսի նոր հասկացություններ, որոնք նախկինում սահմանված չեն եղել: Դրանցից են` հետազոտական համալսարանը, ազգային գիտական լաբորատորիան, գիտական դրամաշնորհը եւ այլն:

Մյուս կարեւորագույն աշխատանքը, որ պետք է իրականացվի 2013-ին, ըստ պարոն Հարությունյանի, գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիրն է: Եթե մինչեւ 2008 թվականը այս ոլորտում ղեկավարի դիրքում երիտասարդները կազմում էին ընդամենը 3-4 տոկոս, ապա այժմ այդ թիվը գրեթե տասնապատկվել է:

Խոսելով 2013թ. կոմիտեի ծրագրերից` պարոն Հարությունյանը նշեց, որ առավել մեծ թափ է ստանալու տվյալ ոլորտում մրցույթների կազմակերպումը: Նախկինում 3-4 տարին մեկ հաճախականությամբ էին կազմակերպվում գիտական մրցույթները, ապա այժմ տարեկան մեր հանրապետությունում անցկացվում են մի քանիսը` ներառելով նաեւ արտասահմանյան մրցույթները, որոնց մասնակցում են նաեւ հայաստանցի գիտնականները:

Հետագա ծրագրերի մեջ ներառվում են նաեւ արտասահմանցի խորհրդատուների ընդգրկումը, եւ արդեն իսկ կոմիտեն ստացել է այդպիսի շուրջ 70 հայտ: Ըստ կոմիտեի նախագահի` նրանց ներգրավումը էապես կնպաստի գիտության ոլորտում եվրաինտեգրման գործընթացին:

Բանախոսն անդրադարձավ նաեւ հանրապետությունից ուղեղների արտահոսքին` նշելով, որ դրա հիմնական պատճառը սոցիալական պայմանների սղությունն է. «Ցանկացած մարդ, ցանկացած գիտնական աշխատում է մի սկզբունքով` որտեղ հաց` էնտեղ կաց: Հայրենասիրությունը նույնպես որոշակի դերակատարում ունի, քանի որ ոչ բոլորն են պատրաստ աշխատել ավելի ցածր վարձատրման պայմաններում: Իսկական գիտնականի համար վաստակած գումարը կարեւոր է, բայց դա չէ նրա հիմնական նպատակը»:

Գոհար ՍԱՅԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. “Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին” ՀՀ Օրենքը պիտի մշակեն երկրի ընտրանի գիտնականներից բաղկացած խմբի կողմից այլ ոչ թե կոռուպցիայով շահագրգիռ չինովնիկների կողմից, որի պատճառով համարյա ոչնչացվել է երկրի երբեմնի հզոր գիտական պոտենցիալը:
    Իսկ նման գիտնականների խումբ կազմելու համար անհրաժեշտ է նախ պետականորեն սահմանել գիտնականների ակտիվության գնհատման միջազգայնորեն չափորոշիչներ:Վերջիններիս օգտագործմամբ մաքրել գիտական դաշտը կեղծ գիտնականներից և փաստագրել երկրի իրական գիտական ներուժը: Ակնհայտ է, որ առանց նման չափորոշիչներ երկրում չի կարող լինել իրական փորձագիտություն, չի տարբերվի գիտնականը տգետից, բնագավառը կմնա ներկայիս կոռուպցիոն դաշտում և տգետները կշարունակեն ղեկավարեն գիտության իրական մշակներին:
    Ուրախ կլինեմ պատասխանելու նշված հարցերի վերաբերյալ ցանկացած մեկնաբանություն:
    պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյան 21.03.2013թ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031