20-ամյա Արամ Թովմասյանը շեփորահար է: Ուղիղ 15 տարի առաջ իր ուսուցիչը ստուգել է լսողական ընդունակություններն ու տվել փողային ամենադժվար գործիքը` շեփորը: Դա էլ Արամի համար ճակատագրական է դարձել իր մասնագիտության ընտրության հարցում: Նա պատմում է, որ ամենասկզբից էլ սիրել է երաժշտական այդ գործիքը. «Ժամանակի ընթացքում ավելի կապվեցի հետը: Հիմա նենց եմ խոսում, ոնց որ իմ ընկերոջ մասին կխոսեմ»:
Հաճախել է կոմպոզիոցիոն դասերի եւ սիրել ջազը: Ասում է` ջազն իր համար ստեղծել է մի առանձին աշխարհ, որտեղ ոչ մի բացասական բան չկա, ամեն ինչ մաքուր է ու լավ. «Այդ աշխարհից չեմ ուզում դուրս գալ եւ մտնել ցավերով ու տառապանքներով լի աշխարհ: Հենց շեփորը դիպչում է շրթունքներիս ու մտնում եմ այդ աշխարհ: Երաժշտությունը երակներիս մեջ է մտնում»:
Արամը երաժշտություններ գրում է, սակայն դրանց մասին չի բարձրաձայնում: Ասում է` գրում է ոչ թե, որ լսեն, այլ այդ ձեւ նա կարողանում է դուրս հանել իր մեջ եղածը, այն ինչ զգում է այդ պահին: Երաժշտություն գրում է, երբ հոգեպես ճնշված է զգում, երբ ցանկանում է մենակ մնալ, երբ զայրացած է. «Ունեմ մի խնդիր` լսում եմ, բայց չի ստացվում դուրս հանել այն, ինչ իրոք լսում եմ ու ուզում եմ հանեմ»:
Երիտասարդ երաժիշտը հիմա ծառայում է հայոց բանակում: Իր խոսքով, նույնիսկ այս դեպքում չի կարողանում առանց շեփորի ու օրական յոթ ժամ զբաղվում է իր սիրելի գործիքով:
Կա երաժիշտ, ում Արամը ընդունում է որպես իր ուսուցիչ` դա հենց ինքն է, բայց փորձում է նմանվել Լուի Արմսթրոնգին: Նրա ամենամեծ նպատակն է`լինել լավագույնը. «Դրա համար գիշեր-ցերեկ պարապում եմ: Ես իմ երաժշտական շրջապատում միշտ առաջինն եմ ու լավագույնը: Ուզում եմ, որ այդպիսինը լինեմ ամբողջ աշխարհում»:
Բացի շեփորից` Արամը նաեւ դաշնամուր է նվագում: Այս երկու երաժշտական գործիքներից ոչ մեկն էլ չի առանձնացնում, քանի որ, ինչպես ինքն է ասում` սիրում է երաժշտությունը:
Արամ Արարատյան