Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԹԿ ներկայացուցիչը՝ Անահիտ Բախշյանին. Ինչու է բողոքում, երբ ինքը ԳԹԿ լիազոր է եղել

Մարտ 20,2013 15:25

ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանի՝ ասուլիսում արված հայտարարություններին, ասաց, «Նա մի քանի կետով խեղաթյուրված է ներկայացրել ինֆորմացիան: Բացի հայոց լեզու եւ գրականություն առարկայի շտեմարաններից, մյուսները այլ հրատարակչություններ են տպագրում, իսկ ԳԹԿ-ն հաստատում է ընդամենը նրանց բովանդակությունը»:

Ինչ վերաբերում է կրթության ոլորտի փորձագետի այն պնդմանը, թե «շտեմարանային բիզնեսում» ԳԹԿ-ն շրջանցում է մի շարք օրենքներ, այդ թվում «Գնումների մասին օրենքը», այս մասին էլ պարոն Իսպիրյանը հայտնեց.« Տիկին Բախշյանն ասել է, թե «Գնումների մասին օրենքով» պետք է մրցույթ հայտարարվեր, բայց որպեսզի մրցույթ հայտարարվեր, պետք է նախ գնում լիներ ու բյուջեից գնումների համար հատկացված գումար լիներ, մինչդեռ գնում չկա: Եթե գնում չկա, մրցույթ լինել չի կարող»:

Անդրադարձ կատարելով Անահիտ Բախշյանի այն արտահայտությանը, թե 2008 թվականից հայոց լեզու եւ մաթեմատիկա առարկաների գրավորների գնահատման մեջ կա, այսպես կոչված, «պնդումների փունջ» առաջադրանքի ձեւ, որի համաձայն՝ հարցին ճիշտ պատասխանելու դեպքում շրջանավարտը ստանում է մեկ միավոր, սխալի դեպքում՝ մինուս մեկ, մինչդեռ մինուս մեկ գնահատական ՀՀ ոչ մի չափորոշիչով ամրագրված չէ, Արա Իսպիրյանը նշեց. «Միայն մաթեմատիկա առարկայում է եղել «պնդումների փունջ», որի գնահատման մեթոդաբանությունը մի քիչ այլ է: Ի դեպ, 2007-2008թթ., երբ այդ հարցը քննարկվել է միջազգային փորձագետների եւ մասնագետների կողմից, հավանության է արժանացել այդ մեթոդաբանությունը: Նշեմ, որ մինուս մեկ չկա ոչ մի առաջադրանքում, ուղղակի հայտնի առաջադրանքի ներքին մեխանիզմում գոյություն ունի 0, 1, – 1 : Այդ առաջադրանքի առանձնահատկությունն այն է, որ հարց է տրված, եւ ընդամենը այո-ոչի խնդիր կա, որը նպատակ ունի տարբերակել հստակ իմացող երեխային: Ի դեպ,

2008-ից մինչեւ օրս մաթեմատիկա առարկայի հետ կապված խնդիր չենք ունեցել: Զարմանալի է, որ 5 տարի հետո է այդ հարցը բարձրացնում մարդ, որը ԳԹԿ-ի կողմից եղել է լիազոր ներկայացուցիչ տարբեր տարիների քննությունների ժամանակ»:

Խնդրեցինք մեկնաբանել Անահիտ Բախշյանի այն արտահայտությունը, թե ԳԹԿ խորհրդի նախագահ չի կարող լինել ԿԳ նախարարի տեղակալը: «Կարելի էր եւ չպատասխանել այդ հայտարարությանը, որովհետեւ դա չիմացության արդյունք է: ԳԹԿ-ի լիազոր մարմինը կառավարություննն է, լիազոր մարմնի ղեկավարն էլ կառավարության աշխատակազմի ղեկավարը, այնպես որ ԿԳ նախարարությունը լիազոր մարմին չէ, որ փոխնախարարը իրավուք չունենա լինել ԳԹԿ խորհրդի նախագահ: Զարմանալի է, որ նման հարցերը բարձրացնում են մարդիկ, որոնք պետք է այդ ամենը անգիր իմանային»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031