Մարտի 20-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկու, ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի հետ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ սիրված ֆուտբոլիստների հետ հանդիպման կազմակերպումը նպատակ ունի ուսանողությանը ներկայացնել նվիրվածությամբ ու տքնաջան աշխատանքով մեծ նվաճումների հասած մարզիկների հաջողության պատմությունը։ ՙՄեր մարզիկների հաջողությունները կարող են ոգեշնչել հայ երիտասարդությանը, նրանց համախմբել և օրինակ դառնալ՚,- ասաց Կարեն Ավագյանը։ Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը պարբերաբար տարբեր բուհերում կազմակերպելու է անվանի մարզիկների հետ հանդիպումներ։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները հանդիպման ընթացքում պատասխանեցին բուհի ուսանողների բազմաբնույթ հարցերին։ Մասնավորապես, ուսանողուհիներից մեկին հետաքրքրում էր՝ արդյոք Յուրա Մովսիսյանը մտադիր չէ ֆուտբոլային ակումբ բացել Գյումրիում։ Ի պատասխան՝ Յուրա Մովսիսյանը նշեց, որ ինքը ցանկություն ունի հետագայում ֆուտբոլային ակումբներ բացել ամբողջ Հայաստանով մեկ, սակայն առայժմ խաղալու ժամանակն է։
Ո՞րն է կյանքում հաջողության գրավականը։ Ըստ Յուրա Մովսիսյանի՝ հաջողության գրավականն ամուր ընտանիքն է, Հենրիխ Մխիթարյանի կարծիքով՝ լավ մարդ լինելը, իսկ Ռոման Բերեզովսկու կարծիքով՝ երկուսը միասին։
Կարդացեք նաև
Հենրիխ Մխիթարյանը նշեց, որ իր համար ֆուտբոլային դաշտում նախընտրելին հարձակվողի դիրքն է, թեև պատրաստ է կատարել մարզչի հրահանգները և հանդես գալ ցանկացած դիրքում։
Իսկ այն հարցին, թե ո՞վ է այսօր լավագույն հայ ֆուտբոլիստը, և՜ Հենրիխ Մխիթարյանը, և՜ Յուրա Մովսիսյանը նշեցին՝ Ռոման Բերեզովսկին։
Հանդիպման ավարտին ուսանողները հաջողություն մաղթեցին հավաքականի տղաներին մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Չեխիա խաղում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն