Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոմիտասն ու ոստիկանները

Մարտ 20,2013 14:56

Այսօր հակասություն կա կոմիտասյան արժեքների եւ եթերով հաճախ պրոպագանդվող «արժեքների» միջեւ

Զրուցակիցս կոմպոզիտոր, ԵՊԿ պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ, Հայկական երաժշտական համաժողովի նախագահ Լեւոն Չաուշյանն է: Համաժողովի նպատակներից մեկը, արտերկրում արդի հայ կոմպոզիտորների երկերը ներկայացնելուն զուգընթաց, Երեւանում եւ մարզերում հայ դասական ժամանակակից երաժշտության տարածումն է՝ յուրատեսակ էկոլոգիա երաժշտական ոլորտի մաքրման համար: Լ.Չաուշյանը նշում է՝ երաժշտական ուսումնական օջախներում իրականացվող մարզային համերգ- հանդիպումների ընդգրկումը դեռեւս լայն չէ, սակայն դա էլ բավական է զգալու համար՝ մարզային հանդիսատեսը ծարավի է բարձրակարգ, այդ թվում եւ դասական ժանրի արդի հայ երաժշտության:

– Բացի երաժշտական ակտիվ գործունեությունից, համագործակցո՞ւմ եք մեր երկրի բարօրությանը միտված քաղաքացիական նախաձեռնողական շարժումների հետ՝ ընդդեմ եթերը, նաեւ հասարակական վայրերը հեղեղած էժանագին, հաճախ նաեւ կործանիչ երաժշտության:                   – Նկատել եմ՝ քաղաքացիական նախաձեռնողական շարժումներում ներգրավված են շատ երիտասարդներ: Նրանց մեջ իսկական նվիրյալներ կան: Մաշտոցի պուրակի հայտնի դեպքերի ժամանակ մի անգամ այցելեցի պուրակ ու տեսա մի խումբ երիտասարդների եւ մի խումբ ոստիկանների: Կարծում էի՝ երիտասարդները պիտի աշխույժ խոսելիս կամ ծիծաղելիս լինեն: Երբ մոտեցա… նրանք Կոմիտաս էին երգում, իսկ ոստիկանները ուշադիր լսում էին. հուզիչ էր…                Համաժողովը դեռ չի համագործակցել քաղաքացիական շարժումների հետ, սակայն դա չի բացառվում. մենք բոլորս մի՛ երկրում ենք ապրում, բոլորիս նպատակը մեր երկրին ծառայելը պետք է լինի: Համաժողովում առայժմ քիչ են երիտասարդները. նրանք կաշխուժացնեն մեր գործունեությունը՝ այդ թվում եւ քաղաքացիական նախաձեռնությունների առումով:

– Ի՞նչ ասել է՝ ծառայել հայրենիքին:

– Հայ լինելն առաջին հերթին պարտականություն է. ցանկացած հայ, անկախ իր մասնագիտությունից, պարտավոր է ջանալ Հայաստանի բարեկեցության համար, նպաստել մեր երկիրը լավագույն կողմերով աշխարհին ներկայացնելու գործին: Ինչ վերաբերում է կոմպոզիտորին, ապա նա երբեք չպետք է մոռանա իր արմատները: Մեր ազգը երկար պատմություն ունի եւ այդ պատմությունը պետք է երկա՛ր շարունակվի: Շարունակության ապահովման համար ինձ պատասխանատու եմ զգում: Կցանկանայի՝ մեր ազգն ունենա արժանապատվության հզոր զգացում, այլ ազգերին հարգելու հետ մեկտեղ՝ առաջին հերթին կարեւորի ի՛ր ազգային արժեքը:

– Ասում եք՝ կոմպոզիտորը չպետք է մոռանա իր արմատները, նշեցիք նաեւ՝ հուզիչ էր, երբ Մաշտոցի պուրակում երիտասարդները Կոմիտաս էին երգում: Հնարավո՞ր է, որ գենետիկ խորը հիշողություն կրող անաղարտ հայ դասական երաժշտությունն ամեն հայ ընտանիքի կենցաղի անքակտելի մասը դառնա եւ ինչպե՞ս:

– Երբ ասում ենք հայ դասական երաժշտություն՝ նախեւառաջ նկատի ունենք հայկական կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի ժառանգությունը: Մեր երաժշտության ուղեցույց աստղը, արեւը մշտափայլ Կոմիտասն է: Մեզանում հասարակության որոշ շերտեր Կոմիտասի երաժշտությունն ընկալում են մեծ ջերմությամբ՝ որպես բացահայտում: Շերտ էլ կա, որը չի ընկալում այն. մանկուց չի լսել, ծանոթ չէ դրան… Այսօր հակասություն կա կոմիտասյան արժեքների եւ եթերով հաճախ պրոպագանդվող «արժեքների» միջեւ. հայկական հեռուստաալիքները՝ իբրեւ մտածողություն, ճաշակ ձեւավորող հզոր զենք, բավարար քանակով չեն մատուցում դասական արվեստն ու երաժշտությունը: Սրա հետեւանքով շատանում են այն հայ ընտանիքները, որտեղ առավել ընկալվում եւ սիրվում է ո՛չ հայկական երաժշտությունը: Հեռուստատեսությունը գրաված ցածրաճաշակ երաժշտություն տարածող երգիչ-երգչուհիների մեծ մասի կատարումները հիմնականում հակասում են մեր ազգային երաժշտամտածողությանը: Հասարակական վայրերում մեծ տեղ է զբաղեցնում էժանագին, օտար երաժշտությունը. օրինակ՝ ռեստորաններում հաճախ «հայկական ռաբիս» ենք լսում: Ի՞նչ է այն՝ մուսուլմանական երաժշտական մտածելակերպի ներխուժում հայ երաժշտություն: Օտարամոլությունը մեզանում նոր չէ. հիշում եմ՝ 1950-ականներին հայերի մի զանգված ռադիոյով փնտրում էր այլ երաժշտություն, նույնիսկ չասեմ՝ ինչ ազգերի: 1960-70-ականներին էլ Խորհրդային Հայաստան էին գալիս հարեւան հանրապետության երգիչ-երգչուհիներ, որոնց շա՜տ ջերմ էր ընդունում նույն այդ զանգվածը: Ցավալին այն էր, որ այդ երաժշտությունն ուղղակիորեն հակառակ էր հայ երաժշտության ակունքներին եւ կոմիտասյան մտածողությանը: Մենք փոքր ազգ ենք, պիտի ամեն ինչ անենք մեր դիմագիծը պահպանելու համար: Ցանկություն ունեմ, որ հայկական՝ մանավանդ պետական հեռուստաալիքներով շատ լինեն պրոֆեսիոնալիզմով պատրաստված ուսուցողական հաղորդումները, մեթոդաբար պրոպագանդվեն դասական երաժշտության հատկապես հայազգի կատարողներն ու կոմպոզիտորները: Կարծում եմ՝ հայ դասական երաժշտությունն ամեն հայի հոգում տարածելը պետական նշանակության ռազմավարական խնդիր է, եւ դրանով առաջին հերթին պետք է զբաղվի պետությունը՝ օգտագործելով բոլոր լծակները:

Զրուցեց երիտասարդ կոմպոզիտոր

ԱՐՓԻՆԵ ԿԱԼԻՆԻՆԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031