Լրահոս
Օրվա լրահոսը

Ինֆորմացիոն քաոսը եւ նրա ազդեցությունը հասարակության վրա

Մարտ 20,2013 14:52

Հայտնի է, որ մարդկության կողմից գիտության նվաճումները միշտ հանդիսացել են հասարակության զարգացման խթան։ Սակայն միշտ չէ, որ գիտության հայտնությունները ծառայել են ի բարօրություն մարդկությանը (միջուկային, քիմիական, կենսաբանական եւ այլ զենքեր)։

Այսօր խոսքը բնագիտության հիմնական օրենքներից մեկի, թերմոդինամիկայի երկրորդ օրենքի՝ ինֆորմացիոն էնտրոպիա՝ քաոս բաժնի, կենսահամակարգերում կիրառության մասին է, որի դրույթները խիստ առնչվում են հասարակության մեջ տեղի ունեցող երեւույթների հետ։ Բանն այն է, որ «ինֆորմացիոն քաոս» հասկացությունը խիստ կարեւոր դեր ունի կենսահամակարգերի կայունության եւ երկարակեցության գործում։

Եթե որպես գործող համակարգ վերցնենք մարդու օրգանիզմը, ապա նրա երկարակեցությունը կամ նյութափոխանակության անընդհատությունը ապահովելու համար նրա գենետիկական կոդը կրող մոլեկուլից՝ ԴՆԹ-ից եկող ինֆորմացիան պետք է այնքան վստահելի եւ ճիշտ լինի, որպեսզի այս կամ այն օրգանի առաջացումը եւ զարգացումը կատարվի տվյալ ինֆորմացիոն ծրագրին խիստ համապատասխան եւ օրգանիզմում ինֆորմացիոն քաոսի աճ տեղի չունենա, այլ այն մնա հաստատուն վիճակում։

Հակառակ դեպքում՝ արտաքին միջավայրից եկող ինֆորմացիոն քաոսի ազդեցության տակ (վիրուս, մրսածություն, թունավորում եւ այլն) օրգանիզմում տեղի կունենա քաոսի մեծացում, որը պատճառ կհանդիսանա մուտացիայի՝ ուռուցքագոյացության, բորբոքման, խոցի առաջացման։

Դրանց դեմն առնելու համար մարդը դիմում է բժշկին, որն էլ այս կամ այն մեթոդի օգնությամբ ստանում է ճիշտ ինֆորմացիա այս կամ այն օրգանի ախտահարման մասին։ Իսկ երբ մարդու անփութության հետեւանքով օրգանիզմում ինֆորմացիոն քաոսը անցնում է անկառավարելիության շրջան, ապա բժշկի ջանքերն անցնում են ապարդյուն, եւ տեղի է ունենում համակարգի ոչնչացում։

Եթե օրգանիզմի առողջության եւ կենսունակության գրավականը ԴՆԹ-ից եկող ճշգրիտ ինֆորմացիան է, ապա հայտնի է, որ օրգանիզմում ԴՆԹ-ի մոլեկուլի սինթեզի համար պահանջվում է 1200 բիթ ինֆորմացիա (8 բիթը հավասար է 1 բայթի), սակայն սովորական սպիտակուցի մոլեկուլի սինթեզի համար պահանջվում է 860 բիթ ինֆորմացիա։ Ուստի կարելի է ասել, որ ԴՆԹ-ի մոլեկուլի սինթեզին 340 բիթ ինֆորմացիա ավելի է տրվում, որպեսզի նրա գոյացման ժամանակ շեղումներ տեղի չունենան, եւ այն լինի խիստ կատարյալ, քանի որ օրգանիզմի կատարյալ զարգացումը կախված է ԴՆԹ-ից եկող ինֆորմացիայից։ Որպեսզի համակարգը մնա առողջ եւ կայուն, նրանում գոյություն ունեցող ինֆորմացիոն էնտրոպիան՝ քաոսը, պետք է լինի փոքր, հաստատուն եւ գերճիշտ։

Վերոնշյալ օրենքի դրույթներն այսօր օգտագործվում են աշխարհի գերտերությունների հասարակագետների կողմից՝ այս կամ այն պետության կայունության վիճակը թուլացնելու եւ ապակայունացնելու համար։ Եթե տվյալ պետության ղեկավարությունը առողջ, զարգացած ու ճիշտ տեղեկացված է եւ ճշգրիտ ինֆորմացիան փոխանցում է իր ժողովրդին, ապա ժողովրդի մեջ ինֆորմացիոն քաոսը, հետզհետե փոքրանալով, ժողովրդին բերում է կայուն վիճակի, հասարակությունը համախմբվում, դառնում է զիջող ու ստեղծագործող։

Սակայն պատահում է այնպես, որ որոշ գերտերությունների կողմից տվյալ պետության կամ հասարակության կայուն զարգացող վիճակը դուր չի գալիս, ուստի գոյություն ունեցող ինֆորմացիոն միջոցների օգնությամբ (համացանց, սոցիալական ցանցեր, գործակալներ) տվյալ երկրում տարածում են կեղծ կամ կեղծ, բայց հրապուրիչ բնույթի ինֆորմացիա, որը հասարակությանը բերում է քաոտիկ վիճակի, ինչպես պատերազմական պայմաններում, եւ այդ վիճակը եթե հետզհետե շարունակվի, տվյալ երկրում ինֆորմացիոն քաոսը կդառնա անկառավարելի եւ համակարգը կգնա դեպի ոչնչացում, ինչը որ տեղի ունեցավ Գորբաչովյան պլյուրալիզմի ժամանակ։ Որպեսզի նման բան տեղի չունենա, միակ ելքը հասարակությանը հուսալի ու ճշգրիտ ինֆորմացիայի տրամադրումն է, որը կկանխի համակարգը փլուզումից:

Ստացվեց, որ որոշ ինֆորմացիոն միջոցներ կարող են հզոր զենք հանդիսանալ այս կամ այն գերտերության ձեռքին՝ կեղծ ինֆորմացիայի կամ ինֆորմացիոն էնտրոպիայի միջոցով ցանկացած երկրին կայուն վիճակից դուրս բերելու, հենց իր իսկ ժողովրդի օգնությամբ դարձնելու անկառավարելի։ Այսօր մի շարք երկրներ՝ Նիգերիա, Եմեն, Սիրիա, Եգիպտոս եւ այլն, այս զենքի օգնությամբ գտնվում են կառավարելի քաոսի վիճակում, որը հեշտացնում է գերտերություններին այդ երկրներում իրենց կամքի թելադրմանը։ Միջնադարյան հայ հանճարեղ մտածող ու բանաստեղծ Գրիգոր Նարեկացին կեղծ ինֆորմացիա տարածող մարդկանց անվանում էր այլասերված։

Այսօր մեր երկրում ժողովրդավարության զարգացման ֆոնի վրա հաճախ ի հայտ են գալիս կեղծ, սակայն հրապուրիչ ինֆորմացիայի արտահայտման միջոցներ, որոնք մեր հասարակությանը շեղում են հիմնական զարգացման ուղուց եւ մղում կառավարվող ինֆորմացիոն քաոսի վիճակի։

Սակայն, Աստված մի արասցե, եթե այդ կառավարվող էնտրոպիական վիճակը անցնի անկառավարելի վիճակի, այդ դեպքում համակարգի փլուզումը կլինի անխուսափելի։

ՖԵԼԻՔՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Քիմիական գիտությունների

դոցենտ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031