Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիք ամերիկացիների միջոցով են մեր «հախից գալիս»

Մարտ 20,2013 14:48

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի վերլուծությունը՝ Սերժ Սարգսյանի մեղմ քաղաքականության եւ Ադրբեջանի հետ մրցակցության մասին:

«Ես գնամ՝ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած եւ արդեն 8 օր սոված մարդու հետ»,- հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի մասին նախօրեին ասված նախագահ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը շատերի համար ծաղր թվաց, նույնիսկ՝ «բեսպրիդելի» դրսեւորումներ:

Բայց կան քաղաքական վերլուծաբաններ, որոնք գտնում են, որ այս խոսքերի մեջ ոչ մի բացասական իմաստ չկա:

Արդյոք դա քաղաքական գործչի արտահայտությո՞ւն էր, թե՞ նախագահի՝ դեռեւս քարոզարշավի ժամանակներից սկսած կենցաղային մակարդակի անկեղծ արտահայտություններ, «Առավոտը» փորձեց պարզել քաղաքագետ, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանից: Նա նախագահի այդ խոսքերում որեւէ բացասական էլեմենտ չի տեսնում, դա մարդկային խոսքեր էին: Ինչ վերաբերում է «բեսպրիդելին», ապա Ստեփան Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի օրոք քաղաքական դաշտում իրավիճակն ավելի է մեղմացել, ընդդիմությունն ավելի ազատ կարող է գործել. «Ընտրությունները՝ չասեմ լավ, բայց անհամեմատ ավելի մեղմ մթնոլորտում են անցնում, ե՛ւ պառլամենտական, ե՛ւ նախագահական ընտրություններում ընդդիմությունն ավելի ազատ է արտահայտվել, դա պետք է գնահատենք: Եվ հենց այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսքան ձայն հավաքեց, ոչ միայն նրա շնորհիվ էր, որ լավ ընտրարշավ էր, նաեւ հեռուստաալիքները բացվեցին ընդդիմության առջեւ: Այո, իշխանությունները շատ թերություններ էլ ունեն, բայց նաեւ Սերժ Սարգսյանի մոտեցումով էլ, իսկ մեր պետական համակարգն այնպիսին է, որ նախագահի դերը շատ մեծ է, եւ նրա շնորհիվ էլ Հովհաննիսյանը այդքան ձայն հավաքեց»:

Պարոն Ստեփանյանի խոսքերով՝ հաշվի առնելով ներկայիս հետընտրական իրավիճակը եւ առաջիկայում Երեւանի ավագանու ընտրությունները, Սերժ Սարգսյանը 2 կարեւոր խնդիր պետք է լուծի՝ պատժել ընտրակեղծարարներին եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել: Կարծում եք Սերժ Սարգսյանը կգնա՞ այդ քայլին, նա արդեն մերժել է այդ առաջարկը, բացի այդ, կեղծիքներն էլ առանց իր գիտության չեն լինում, ինչպե՞ս պիտի պատժի՝ մեր այս հարցերին պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը ռեալիստ է, կնայի՝ այս բողոքի ալիքը կշարունակվի՞, թե՞ ոչ, եւ կգործի»: Ինչ վերաբերում է ընտրակեղծարարներին, ապա քաղաքագետը նույնիսկ վստահ է, որ դրանց հրահանգները վերեւից չեն գալիս. «Ես կողմնակից չեմ այդպիսի մեղադրանքներին, շատ ու շատ գյուղապետեր իրենց նախաձեռնությամբ են կեղծում, իրենք հասկանում են՝ իրենց պաշտոնին չեն մնա, եթե շատ տոկոս չտան, շատ տեղերում կեղծելու հրահանգ չի էլ եղել»:

Խորհրդարանի կազմի փոփոխությունն այսօր Հայաստանի համար, ըստ քաղաքագետի, օրհասական է. խորհրդարանում անհրաժեշտ են լուրջ քաղաքական դեմքեր ու վերլուծաբաններ: Քաղաքագետը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց՝ քաղաքական այս իրավիճակին նայում է, իր խոսքերով ասած՝ ոչ թե ներքին սպառման տեսանկյունից, այլ՝ արտաքին. «Մենք գտնվում ենք դաժան մրցակցության մեջ Ադրբեջանի հետ, իմ կուտակած փորձը, ուսումնասիրածն ու տեսածը վերջին 5 տարում ցույց են տալիս, որ շատ լուրջ է իրավիճակը, Ադրբեջանը հիմա մեզ հետ չի մրցակցում, նա չի ասում՝ Ղարաբաղը մերն է: Նա այլ հարթության վրա է գործում, նա ուրիշ ճանապարհով է գնում. նրանք ասում են՝ այս ազգը, այս ժողովուրդը չկա, այս տարածաշրջանի հետ հայերը կապ չունեն, ագրեսոր են, մենք անպայման ուժով կլուծենք խնդիրը: Այ, մեզ ժողովրդավարությունը նաեւ դրա համար է պետք. մեզ նորմալ ընտրություններ, նոր մարդկանց ներգրավումը նոր համակարգում պետք է ոչ միայն նրա համար, որ լավ ապրենք, այլեւ իշխանությունները պետք է գիտակցեն, որ պետք է դիմանանք այդ ահավոր մրցակցությանը»:

Պարոն Գրիգորյանը վերջերս Վրաստանում մասնակցել է միջազգային կոնֆերանսի եւ ուղղակի ապշած է ադրբեջանական հակահայկական քաղաքականությունից, որն իրականացվում է միջազգային մակարդակի ամերիկացի պրոֆեսորների միջոցով. «Հարավային Կովկասի խնդրին նվիրված կոնֆերանս էր, եւ շատ լուրջ փորձագետներ էին, Նյու Յորքի առաջատար համալսարաններից մեկի փորձագետներ, լուրջ պրոֆեսորներ, հազարավոր գրքերի հեղինակներ, որոնք մեզ երկար բացատրում էին, որ հայերը քոչվոր են, այս եկեղեցիները մերը չեն. իսկ սա կատակ բան չէ: Ես տեսնում եմ հայ ժողովրդի պատմության նպատակաուղղված վարկաբեկում, դա սիստեմատիկ աշխատանք է, ադրբեջանցիների լոբբին է՝ կասկածի տակ դնել հայերի գոյությունն այս տարածաշրջանում: Այս ֆոնի վրա չհասկանալ խնդիրը, չներգրավել նոր մասնագետների, լուրջ վերլուծաբանների պետական համակարգում, չունենալ նորմալ խորհրդարան՝ կործանարար է: Այսօր պառլամենտում 130-ից 30 նորմալ պատգամավոր ունենալը շռայլություն է մեզ համար: Ամբողջ պառլամենտը պետք է քաղաքական լուրջ փորձագետներ լինեն, որ դիմադրեն այդ մարտահրավերներին: Էն, որ ասում են՝ հայերը եկածներ են, դա լսել ենք, բայց մի բան է՝ ադրբեջանցուց լսել, մեկ այլ բան է՝ ամերիկացուց, այն էլ՝ միջազգային մակարդակի պրոֆեսորից: Ապացույցներ են բերում, ասում են՝ դուք քրիստոնյա եք, բայց այդ եկեղեցիները ձեզանից առաջ այլ քրիստոնյաներ են կառուցել»:

Օրինակ՝ Ադրբեջանը, պարոն Գրիգորյանի խոսքերով՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակեց ոչ թե կրթությամբ դիվանագետի, այլ մի հասարակական կազմակերպության ղեկավարի, որը լուրջ փորձագետ էր, եւ հենց նրա վարած քաղաքականության շնորհիվ ԱՄՆ-ի 2 նահանգներ ճանաչեցին Խոջալուի կոտորածը, այն էլ՝ առանց լրջագույն փաստերի. «Իշխանությունը պետք է համակարգի մեջ ներգրավի հասարակական կազմակերպությունների լուրջ փորձագետների, ինչպես Իվանիշվիլին արեց. այսօր նրա նախարարների 80%-ը հ/կ-ների ղեկավարներ են եղել: Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիական խորհրդի ստեղծման գաղափարը իշխանությունը պետք է վերցնի ու ասի՝ տղերք, ճիշտ բան արեցիք, եկեք՝ մենք էլ մարդկանց կբերենք ու կքննարկենք: Մեզ մոտ բոլորը մտածում են՝ գողականներին պետք է համակարգում ներգրավեն»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Tigran says:

    Ահա թե ինչ է լինում,երբ փորձագետ են դառնում մարդիկ,որոնք սեփական երկրի իրականությունից ընդհանրապես գաղափար չունեն…Ընտրությունների ամբողջ օրվա ընթացքում մեր աչքի առջև գյուղապետը անընդհատ հեռախոսազանգեր էր ստանում,որոնցով պահանջում էին գործ անել և ապահովվել անհրաժեշտ թվերը-զանգողը ԱԺ պատգամավոր էր…Իսկ վերջում,երբ իրեն հրաժեշտ էինք տալիս,ասաց,որ մենք ոչ միայն իր,այլև ամբողջ գյուղի գլխին սարքեցինք-Րաֆֆին ջախջախիչ հաղթանակ էր տարել…Եվ վերջում-էդ ձեր նշած մարդիկ երբեք պատգամավոր չեն դառնա,քանի որ նրանք փող չունեն…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031