Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ադրբեջանը թույլ տա Ստեփանակերտի օդանավակայանը գործել՝ դե-ֆակտո կճանաչի ԼՂ-ն

Մարտ 20,2013 14:42

Ըստ ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Արիֆ Յունուսովի՝ Իլհամ Ալիեւը կկորցնի իշխանությունը՝ միանշանակ, դա ժամանակի հարց է:

– Պարոն Յունուսով, ինչո՞ւ է պաշտոնական Բաքուն այդքան ագրեսիվ արձագանքում Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացմանը, չէ՞ որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կապ, այսպես, թե այնպես, կա, ո՞րն է խնդիրը:

– Դա կոնֆլիկտաբանության օրենք է, խոսքն այն մասին չէ, որ Ադրբեջանը դեմ է Երեւան-Ստեփանակերտ շփումներին: Խնդիրը այլ է. եկեք իրերը կոչենք իրենց անուններով: Եթե Ադրբեջանը թույլ տա այդ օդանավակայանին ընդունել օդանավեր, ապա վաղը առաջ կգա նաեւ այլ երկրներից օդանավերի ընդունման հարցը: Դա միայն Երեւանի օդանավերը չեն լինելու։ Քանի որ Ղարաբաղը միջազգային իրավունքի սուբյեկտ չէ՝ նա չի կարող ընդունել կամ ուղարկել օդանավեր՝ միջազգային կարգավիճակից ելնելով: Եթե Ադրբեջանը թույլ դա՝ դե-ֆակտո կճանաչի Լեռնային Ղարաբաղը, ահա սա է խնդիրը:

Դա նույնն է, թե ասել՝ ինչո՞ւ է Ադրբեջանը պահանջում, որպեսզի արեւմտյան դիվանագետները այցելեն Ղարաբաղ՝ ստանալով Ադրբեջանի համաձայնությունը: Իհարկե, կարելի է ասել՝ թող այցելեն, ինչ կա որ… Բայց դարձյալ սրա հիմքում եւս նույն խնդիրն է։ Ինչո՞ւ է Վրաստանը օրենք ընդունել՝ «օկուպացիայի մասին»: Մեզ մոտ դեռ նույնիսկ նման օրենք չկա, բայց, ի դեպ, կարող է ընդունվել, պետք է պատրաստ լինել, որ Ադրբեջանն էլ կընդունի նմանատիպ օրենք:

Այսինքն՝ այս ամենը ոչ թե ադրբեջանա-հայկական հարաբերություններին է առնչվում, այլ այստեղ գերիշխում է հակամարտության օրենքը, այսինքն՝ եթե երկու մարդ հակամարտում են, ապա նրանցից մեկը միշտ որեւէ առիթ պետք է փնտրի, որպեսզի մյուսի համար ավելի վատ վիճակ ստեղծի, եւ հակառակ կողմը՝ նույնպես: Եթե հակամարտությունը չլինի՝ արդեն որեւէ տարբերություն չի լինի՝ օդանա՞վ է թռչում, թե՞ չի թռչում, արդեն կլինեն տեխնիկական հարցեր, որոնք արագ կկարգավորվեն. դա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն է:

– Բայց հիմա Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը դարձել է ղարաբաղյան կարգավորման գործընթացի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի քննարկման հարց։ Այսինքն՝ այնպես է ստացվում, որ նորանոր խնդիրներ են առաջ գալիս, որոնք փակուղի են մտցնում բանակցային գործընթացը ընդհանրապես:

– Մինսկի խումբը ինքնին արդեն արգելակ է, քանի որ համանախագահների ինստիտուտի պայմաններում, եթե երկու կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, կամ չեն ցանկանում համաձայնության գալ, եւ հայտնվում է ինչ-որ մեկը, դրանք կարող են լինել մի քանիսը, պարզ է, որ նրանք էլ ունեն իրենց շահերը այդ հակամարտության մեջ: Դիտարկենք համանախագահող երկրները. Ռուսաստանն ունի՞ իր շահերը, իհարկե՝ ունի: Ֆրանսիան ունի՞, իհարկե՝ ունի, Միացյալ Նահանգները՝ նույնպես: Այսինքն՝ բացի նրանից, որ նրանք իբր փորձում են կարգավորել հակամարտությունը, նրանք նաեւ իրենց շահերն են դրսեւորում տարածաշրջանում: Այն փաստը, որ այդ շահերը չեն համընկնում, դա եւս իր հերթին խոչընդոտում է կարգավորման գործընթացին, եւ դրա ականատեսը մենք եղել ենք բազմաթիվ անգամ կարգավորման գործընթացի պատմության ընթացքում: Երբ համանախագահող երկրներից որեւէ մեկը բավական ակտիվ ինչ-որ առաջընթաց է ակնկալում, ապա մյուս համանախագահող երկիրը դա չի ցանկանում:

Ես միշտ նշել եմ, որ դեմ եմ համանախագահների ինստիտուտին: Բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ հայերն ու ադրբեջանցիները անմիջականորեն կսկսեն խոսել միմյանց հետ: Երբ դա արվում է որեւէ կողմի միջնորդությամբ, թե դուք, թե մենք էլ մեր հերթին ձգտում ենք ազդել Ռուսաստանի, ԱՄՆ-ի վրա: Այսինքն՝ գիտակցելով, որ նրանք իրենց դերն ու շահն ունեն՝ մենք եւս սկսում ենք այդպես վարվել, որից էլ առաջանում է շահերի հակամարտությունը: Իսկ այն փաստը, որ կողմերը անմիջականորեն չեն խոսում իրար հետ, դա վկայում է այն մասին, որ չենք վստահում իրար, այսինքն՝ իրականում մենք չենք ցանկանում հակամարտությունը կարգավորել:

Երբ Ադրբեջանում եւ Հայաստանում խոսում են փոխզիջումների մասին, ես միշտ ասում եմ՝ հարցրեք, թե ինչ է փոխզիջումը հայերի համար, եւ ինչ է փոխզիջումը ադրբեջանցիների համար. դա յուրաքանչյուր կողմի համար փոխզիջում է իր օգտին։ Օդանավակայանի հարցը հեշտ լուծելի է իրականում, փոխադարձ վստահության դեպքում, իսկ երբ վստահություն չկա, կա վախ, ոչինչ չի ստացվի:

– Պարոն Յունուսով, ի՞նչ է տեղի ունենում Ադրբեջանում։ Հայտնի է, որ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, իշխանությունները կարծես լարված են, հասարակական մեծ դժգոհություն կա: Դրանք սոցիալակա՞ն դժգոհություններ են, թե՞ նաեւ քաղաքական՝ ուղղված իշխանություններին։

– Ամբողջը միասին վերցրած: Ադրբեջանում սոցիալական դժգոհություններ կան, որոնք արտահայտվում են գյուղերում, այնտեղ դժգոհության ալիք բարձրացավ՝ ամենաթողության, կոռուպցիայի պատճառով: Իսկ քաղաքական դժգոհությունները կապված են ընտրությունների, ղարաբաղյան հակամարտության հետ եւ այլն, որոնք դրսեւորվում են Բաքվում: Մեզ մոտ ամեն ինչ խառնվել է։ Պարզապես մեզ մոտ ավելի ու ավելի է մեծանում դժգոհությունը իշխանությունների նկատմամբ։ Դրանք մարտահրավերներ են, սա եւս կոնֆլիկտաբանության մեջ կոչվում է մարտահրավեր, երբ ինչ-որ բան ճնշում է հասարակությանը, հասարակությունը պետք է համարժեքորեն արձագանքի, եթե չկարողանա արձագանքել, կտարվի:

Եթե դիտարկենք մեր երկրի իշխանություններին, ապա տպավորություն ես ստանում, որ նրանք բնակվում են ապակե մի պալատում, եւ միշտ չէ, որ հասկանում են, թե ինչ է կատարվում հասարակության մեջ: Երբեմն իշխանություններն են հենց խնդիրներ ստեղծում, երբ կարելի էր շատ հանգիստ այդ խնդիրները լուծել։ Ես երբեմն փորձում եմ հասկանալ, թե այս կամ այն դեպքում ինչո՞ւ են այդպես վարվում, հետո հասկանում ես, որ կամ նրանք ադեկվատ չեն իրավիճակին, ճիշտ չեն պատկերացնում դրությունը՝ մարդիկ դժգոհ են, սոցիալական խնդիրներ կան, ցածր աշխատավարձ, մեզ մոտ երկրաշարժ, ջրհեղեղ եղավ, մարդիկ տառապում են, բայց մյուս կողմից՝ լիակատար ամենաթողություն է տիրում:

– Այսինքն՝ այսօր վտա՞նգ կա, որ Իլհամ Ալիեւը կարող է կորցնել իշխանությունը:

– Նայած, թե խոսքը ինչ ժամանակահատվածի մասին է: Այն, որ Իլհամ Ալիեւը կկորցնի իշխանությունը՝ դա միանշանակ է, դա ժամանակի հարց է: Հարցը հետեւյալն է՝ ե՞րբ… Չեմ կարծում, թե դա այս տարի կարող է տեղի ունենալ, բայց այն, որ նա կկորցնի իշխանությունը, եւ մեզ մոտ պայթյուն կլինի՝ դա միանշանակ է։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031