Լրահոս
Օրվա լրահոսը

Սիմոն Աղազարյանի մասով գործի վարույթը կասեցվեց

Մարտ 20,2013 14:31

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բնակարաններ վաճառելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով այսօր որոշում ընդունեց գործի քննությունը շարունակել ամբաստանյալներից մեկի՝ Գագիկ Պապոյանի մասով:

Ւսկ ամբաստանյալ Սիմոն Աղազարյանի մասով գործի վարույթն առանձնացվեց ու կասեցվեց՝ մինչև ամբաստանյալի առողջանալը: Դատարանը հիշյալ որոշմամբ պարտավորեցրեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկին՝ դատարանին տեղյակ պահել ամբաստանյալի առողջական վիճակի բարելավման մասին: Գործից մասն առանձնացնելու ու կասեցնելու որոշումն ընդունվեց Ս.Աղազարյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա: Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ Ս.Աղազարյանի հիվանդություններից երեքը՝ սրտի իշեմիկ հիվանդությունը, ծանր ընթացքով երկրորդ տիպի շաքարային դիաբետը և երրորդ դասի արյան շրջանառության ֆունկցիոնալ անբավարարությունը, դասվում են կառավարության որոշմամբ սահմանված պատժի կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին, ուստի նա «ռիսկային, նյարդա-հուզական սթրեսի» պայմաններում չի կարող մասնակցել դատաքննությանը:

Ամբաստանյալ Գագիկ Պապոյանը պնդեց գործը արագացված դատաքննության կարգով շարունակելու մասին իր միջնորդությունը, իսկ նման միջնորդություն արվում է այն դեպքում, երբ ամբաստանյալն ընդունում է իր դեմ առաջադրված մեղադրանքը և դրա հիմքում ընկած ապացույցները:

Մեղադրող, գործով դատավարական հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը սկսեց հրապարակել մեղադրական եզրակացությունը:

Ըստ մեղադրանքի՝ անհատ ձեռնարկատեր, «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանը խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով, բնակարաններ վաճառելու պատրվակով, միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի` 10.202.947.840 դրամ արժողությամբ գույքը:

Իսկ «Գապբնակշին» ՍՊ ընկերության փոխտնօրեն Սիմոն Աղազարյանն, ըստ մեղադրանքի, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Կառավարության 2004թ. հունիսի 17-ի թիվ 909-Ն որոշմամբ իրացման գոտի ճանաչված՝ Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005–2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց հետ կնքած՝ բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի հիման վրա միասնական դիտավորությամբ Գագիկ Պապոյանի հետ գանձել ու հափշտակել են 1.253.891.550 ՀՀ դրամ:

«Փաստինֆո» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031