Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նկատողություն էր տվել Արտաշատի ոստիկանապետին՝ իր պարտականությունը կատարելիս թերանալու համար, ինչպես նաեւ նկատողություն էր արել ոստիկանության այն մայորին, որը Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին խոչընդոտել էր, հայհոյել էր լրագրողներին եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հարցմանն էլ ներկայացել բիզնեսմեն՝ բոլորովին այլ անուն-ազգանունով:
Այսօր Aravot.am-ը Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեց, թե այդ քայլը ոստիկանապետի կողմից ինչպե՞ս է գնահատում, որովհետեւ դա բացառիկ դեպքերից է, որ հանրահավաքների համար ոստիկանին են նկատողություն անում եւ արդյոք միայն նկատողությունը բավարա՞ր է:
Նա պատասխանեց. «Ամեն դեպքում դրական եմ գնահատում դա: Մինչ այդ էլ ԿԳ նախարարն էլ նկատողություն էր արել որոշ տնօրենների: Թե այդ նկատողության արդյունքում ինչ-որ ավելի լուրջ հետեւանքներ կլինեն կարգազանցներին թե ոչ՝ չգիտեմ, բայց ամեն դեպքում դա դրական քայլ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ