Հովսեփ Խուրշուդյանը պատասխանում է նախագահի նախկին թեկնածուին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը փակուղի է մտնելու
«Այն ուժերը, որոնք ցավոք նախագահական ընտրությունների ժամանակ ձեռնպահ մնացին մասնակցելուց՝ համարելով, որ հնարավոր չէ ոչ մի բան փոխել, այս ընտրություններում, չգիտես ինչու, որոշեցին, որ հնարավոր է եւ կարելի է ինչ-որ բան փոխել հիմա»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսում այսպիսի գնահատական տվեց Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը՝ ավագանու ընտրություններում ընդդիմադիր ուժերի մասնակցության մասին:
«Ողջունում եմ իրենց դիրքորոշումը՝ թեկուզ ուշացած, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ համատեղ պայքար է լինելու: Իրենք էլ իրենց մասնակցությունը կունենան այդ պայքարի մեջ՝ համենայնդեպս ժողովրդի քվեները պահելու: Մյուս կողմից որեւէ խնդիր չեմ տեսնում, որ ընդդիմադիր ուժերը հետագայում նաեւ համագործակցեն ավագանիում՝ Երեւանում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար»,- ասաց պարոն Խուրշուդյանը:
Թե ով է գլխավորում ցուցակը եւ ովքեր են առհասարակ ներգրավված՝ կհայտարարվի վաղը՝ ԿԸՀ այն հանձնելուց հետո:
Կարդացեք նաև
Հարցին՝ հնարավո՞ր է ԲՀԿ-ի հետ համագործակցություն՝ ավագանու ընտրություններին՝ նա պատասխանեց, որ «ցանկացած քաղաքական ուժի հետ, որը մտահոգ է, այլ ոչ թե ձեւ է տալիս, որ մտահոգ է, այս դեպքում Երեւանում ստեղծված իրավիճակը հաղթահարելու հարցում, մենք պատրաստ ենք համագործակցել»:
Նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը կարծիք է հայտնել, որ շարժման այս գործընթացը փակուղի է մտնելու: Այս առնչությամբ, լրագրողների հարցին, պարոն Խուրշուդյանը պատասխանեց Արման Մելիքյանին՝ ասելով. «Ես կարծում եմ, Արման Մելիքյանը ճիշտ կլինի քննարկի իր մասնակցությունն այս ամենի մեջ, թե ինչպիսի մասնակցություն եւ ինչպիսի ազդեցություն է ունեցել այս պայքարի մեջ: Եթե նա համարում էր , որ սա պայքար էր, որին ինքը մասնակցում էր, ամեն դեպքում նա նախագահի թեկնածու էր, ուրեմն ինքը ճիշտ կլինի նախ դա գնահատի, թե ինչ ազդեցություն թողեց իր մասնակցությունը՝ դրակա՞ն, թե՞ բացասական այդ պայքարին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ