«Րաֆֆի Հովհաննիսյանը առաջին հերթին պետք է դադարեցնի հացադուլը եւ անցնի ավելի լուրջ քայլերի եւ ինքն իրենից տարանջատի այն մարդկանց, որոնք ուղղակի տեսնելով Ազատության հրապարակում դրված խոսափողը` շտապում են այնտեղից մի քանի ելույթ ունենալ` իրենց անձնական հարցերը լուծելու համար: Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե ուզում է մնալ որպես ծանրակշիռ մարդ քաղաքական դաշտում, ապա պետք է հասկանա` ով ինչ նպատակով է հայտնվել իր կողքին»: Այսօր Պոստ Սկրիպտում» ակումբում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գեղամ Նազարյանը, ներկայացնելով պայքարի մոդել` թե ի՞նչ պետք է անի Րաֆֆի Հովհաննիսյանը, որպեսզի եւ մարդիկ չհիասթափվեն, եւ պայքարը չթուլանա:
«Պարզ է չէ՞, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին ու դրանից հետո չի պատրաստվում հրաժարական տալ կամովին, պետք է ստեղծել մի իրավիճակ, երբ կառավարողների համար արդեն անկառավարելի լինի այն ժողովուրդը, որն ապրում է Հայաստանում: Կողքից նայելով շատ անլուրջ է, երբ մարդկանց ասում են` ո՞վ է կողմ, որ կառավարության անդամը այսինչը լինի, ո՞վ է կողմ դիմենք Սահմանադրական դատարան»,-ասաց քաղաքագետը:
Ըստ պարոն Նազարյանի, երբ մարդկանց բերում են հրապարակ եւ այնտեղ պահում անորոշ ծրագրերով, դա վատ է անդրադառնում հրապարակ գնացող մարդու եւ նրա ընտանիքի անդամների վրա. «Մենք նայում ենք միայն արտաքին էֆեկտը, բայց կա նաեւ ներքինը. եթե լուրջ ուսումնասիրություններ անեն, կպարզեն, որ 2008 թվականից սկսած արտագաղթողների մեծ մասը նրանք են, ովքեր ավելի մեծ ակտիվությամբ են մասնակցել 2008-ի պայքարին: Այդ մասնակիցների մեծ մասը բնույթով ռոմանտիկներ էին, նրանք սպասում էին հեշտ, մի օրվա մեջ փոփոխություններին` այսօր գնացել ենք հանրահավաք, վաղը իշխանությունը կփոխվի: Եվ երբ չեն տեսնում այդ փոփոխությունը, նրանք հիասթափվում են եւ հավաքում իրենց իրերն ու արտագաղթում: Հիմա նույնը տեղի է ունենում այս անգամ, մի քիչ թվով, բայց նույն մարդիկ ապրելու են ծանր, խորը բացասական հետեւանքներ»:
Այս ամենից խուսափելու համար, քաղաքագետի դիտարկմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմը պետք է կարողանան մարդկանց հետ ճիշտ աշխատել. «Պետք է հասկացնեն մարդկանց, որ մենք գործ ունենք այնպիսի իշխանության հետ, որը մինչեւ վերջ չի կարողանում հասկանալ, թե ընտրակեղծիքը ինչ ծանր հարված է հասցնում Հայաստանին, որ այս իշխանության հետ նման ձեւ պայքարելով հնարավոր չէ 1-2 շաբաթում հասնել հարցի լուծման: Այսինքն` պետք է պատրաստել երկարատեւ պայքարի»:
Կարդացեք նաև
Գեղամ Նազարյանի խոսքերով` ամեն անգամ աչք ենք փակում այս կամ այն գործչի այս կամ այն հայտարարության վրա ու կատարած քայլին, ու նորից ընկնում նույն խնդրի մեջ: Այս տարվա հունվար-փետրվարին, ըստ քաղաքագետի, Հայաստանից արտագաղթել է մոտ 25 հազար մարդ, եւ եթե այս թիվը բազմապատկենք 6-ով, ապա այս տարվա ընթացքում 100 հազար կլքեն Հայաստանը. «Ի՞նչ ենք անում, ՄԱԿ-ի ծրագի՞րն ենք իրականացնում, որի կանխատեսումներով մինչեւ 2050 թվականը Հայաստանում մնալու է 1-1,5 միլիոն մարդ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ