Ֆելիքս Ցոլակյանը փողոցների թեմայով խորհրդակցություն է հրավիրել
Մի քանի օր է` գյումրեցի երիտասարդներն ու վարորդները ցեխոտ, քարուքանդ փողոցների պատճառով բողոքի ակցիաներ են կազմակերպում Գյումրու տարբեր հատվածներում` քննադատություններ հնչեցնելով կառավարության ու մասնավորապես երկրի նախագահի հասցեին: Նրանք արդեն սպառնում են` կամ երկրի առաջին դեմքը պիտի գնա երկրից, կամ բոլորս միասին:
Ըստ նրանց, իշխանական վերնախավը գավառի տեղ է դրել հանրապետության` մշակութային մայրաքաղաք հռչակված երկրորդ քաղաքը` պատրաստվելով հյուրերի մոտ խայտառակ անել թասիբով գյումրեցիներին:
Ինչևէ, այս բողոքների ֆոնին Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը երեկ փողոցների թեմայով խորհրդակցություն է անցկացրել ` հրավիրելով ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության ՙՀայավտոճան՚ ՊՈԱԿ տնօրեն Հենրիկ Քոչինյանին և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Այս մասին Aravot.am- ին տեղեկացրեց մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը՝ տրամադրելով հետևյալ պաշտոնական հաղորդագրությունը. «Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մոտ անցկացված խորհրդակցության նպատակը Գյումրի քաղաքի ճանապարհների բարեկարգման հետ կապված խնդիրների քննարկումն էր: Մինչ խորհրդակցությունը մարզպետարանում կազմվել էր քաղաքի բոլոր փողոցների (գլխավոր եւ երկրորդային) տվյալների բազան (երկարություն, լայնություն, ներկայիս տեխնիկական վիճակ): Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա երկու օրերի ընթացքում «Հայավտոճան»-ից մասնագետներ գործուղել Գյումրի, որոնց կմիանան տեղի` մարզպետարանի եւ քաղաքապետարանի մասնագետները: Հանգամանորեն կուսումնասիրվի քաղաքի փողոցների վիճակը, մի քանի օրից կտրվի մասնագիտական եզրակացություն:
Կարդացեք նաև
Քաղաքապետարանին հանձնարարվել է մասնագիտական առաջարկությունները ստանալուց հետո` եղանակային բարենպաստ պայմանների դեպքում, անմիջապես սկսել փողոցների վերականգնողական, բարեկարգման աշխատանքները»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
https://shirakcentre.org/hy/news/20111-shirak-centre-ngo