Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միշտ երազել եւ հիմա էլ երազում եմ բեմի մասին». Ալին Գոյան

Մարտ 20,2013 14:44

Երիտասարդ երգչուհի Ալին Գոյանի (Ալինա Ենգոյան)  կատարումներն լսելուց հետո առավել շատ ցանկացա զրուցել նրա հետ. մեղմ, պարզ, մաքուր  եւ նոր մատուցմամբ Կոմիտասն իսկապես գրավիչ  եւ առավել քան ընկալելի դարձավ ինձ համար նրա շուրթերից: Իսկ մինչ երգչուհու հետ հանդիպումը խմբագրությունում, ես շարունակում էի անհագորեն լսել ինձ համար նոր բացահայտված կոմիտասյան արվեստի` երիտասարդ երգչուհու մատուցումը:  Մեկ օր շարունակ նրան լսելուց հետո` հարցազրույցի ընթացքում արդեն ինձ համար զարմանալի չէր երգչուհու պատրաստվածությունը, կիրթ, ճաշակով, անկեղծ եւ նուրբ լինելը:

  

Առաջին մասնագիտությամբ իրավաբան եք, տեղյակ եմ՝ հիմնականում ծնողների հորդորով եք ընտրել այդ մասնագիտությունը: Որպես իրավաբան Ձեզ ինչպե՞ս եք զգում՝ հաշվի առնելով այն, որ միշտ սիրել եք երգը.

Մինչ իրավաբան դառնալը յոթ տարեկանից երգել եմ. մեզ մոտ, որ ասում են՝ չորս տարեկանից, հինգ տարեկանից երգել եմ, ինձ մոտ ծիծաղ է առաջացնում, բայց իրականում այդպես է եղել. մայրիկս սիրում էր երգել, նվագել, շատ գեղեցիկ ձայն ուներ, իսկ ես մինչ յոթ տարեկը երբեւէ չէի փորձել երգել, ոչ մի կերպ չէր արտահայտվել իմ շնորհքը  կամ հակումը երաժշտության հանդեպ: Մի օր մայրս նվագում էր, երգում էր, ես եկա, դաշնամուրը փակեցի. հասկացա, որ խանդի արտահայտման ձեւ էր, ու մայրս առաջարկեց՝ երգեմ ու հենց առաջին անգամ այդ տարիքում փորձեցի երգել: 7 տարեկանից գնացի հատուկ երաժշտական  դպրոց, կոչվում էր վոկալ-երաժշտական հատուկ ձայնի պահպանման մասնագիտացված դպրոց եւ նպատակը հենց երիտասարդ ձայների պահպանումն էր: Չգիտես ինչու՞, երբ արդեն հասունացավ պահը, որ պետք է բարձրագույն կրթություն ստանայի, ծնողներս հորդորեցին եւ խորհուրդ տվեցին շարունակել մեծ քրոջս ճանապարհը, նա ընդունվել էր Իրավաբանության ֆակուլտետ, ասացին, որ ավելի հեշտ կլինի, հետո կայուն մասնագիտություն է, հետագայում ֆինանսապես ինքնուրույն լինելն ավելի հեշտ կլինի: Բայց մագիստրատուրայում հասկացա, որ չեմ կարող կտրվել երաժշտությունից եւ ոչ թե դա պետք է լինի հոբբի, այլ նաեւ մասնագիտություն: Ընդունվեցի կոնսերվատորիա, շատ դժվար էր, սովորում էի եւ աշխատում դատարանում որպես իրավաբան:

Ինչպե՞ս եք Ձեզ դրսեւորել որպես իրավաբան:

Որպես իրավաբան երկար չաշխատեցի: Վճռաբեկ դատարանում, իրավաբանի առաջին փորձս Իրավական փորձաքննությունների վարչությունում արեցի, բայց չէր անցել մեկ տարուց էլ քիչ ժամանակահատված, երբ Վճռաբեկ դատարանի նախագահն առաջարկեց մամուլի քարտուղարի աշխատանքը, որովհետեւ կարծում էր, որ դատական համակարգի մամուլի քարտուղարը պետք է մասնագիտությամբ իրավաբան լինի: Ըստ էության, աշխատանքը որ ես կատարում էի, իրավաբանի չէր. լրատվամիջոցների, հասակության հետ կապ, միջազգային կառույցներ, մամուլի ասուլիսներ, կոնֆերանսներ, լրագրողների հետ սեմինարներ եւ այլն, որը շատ հետաքրքիր էր ինձ համար եւ կարծում եմ՝ եթե ես երկար զբաղվեի իրավաբանությամբ, երեւի այդքան երկար չէի մնա:893768_503451536378797_565824702_o

 

Վարում էիք «Դատաժամ» հաղորդումը: Ինչպսի՞ն էր հեռուստատեսային աշխարհը Ձեր համար:

Առաջարկվեց, որպեսզի հաղորդման պատրաստման աշխատանքները ես կազմակերպեմ: Երբ կազմակերպության տնօրենի հետ հանդիպեցինք, ով շահել էր տենդերը, նա ինձ առաջարկեց վարել հաղորդաշարը: Փորձ արվեց, եւ տեսան, որ կարողանում եմ: Այդպես ազդարարվեց իմ մուտքը հեռուստատեսություն: Շատ հետաքրքիր էր, ոնց որ սկսվեց երկրորդ փուլը, նոր շունչ հաղորդվեց իմ աշխատանքին:

Իրավաբանության ֆակուլտետը գերազանցությամբ եք ավարտել, վստահ եմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում էլ պակաս առաջադիմություն չեք դրսեւորել: Իսկ ծնողները մասնագիտության փոփոխությունը ինչպե՞ս ընդունեցին:

Կոնսերվատորիայում առաջադիմությունս բարձր էր, բայց էնպես չէր, որ գերազանց էի սովորում, որովհետեւ շատ դեպքերում չէի հասցնում, աշխատում էի: Իսկ փոփոխությունը կտրուկ չեղավ, զուգահեռ իրավաբանի աշխատանքիս սովորում էի: Ծնողներս բավական հետաքրքիր ռեակցիա ցույց տվեցին. մայրս միշտ կողմ է եղել, որ ես զբաղվեմ երգարվեստով: Հայրս, պրագմատիկ մարդ լինելով, կարծում էր, որ բավական դժվար կլիներ, որ ես ինքնադրսեւորվեի, եւ ինքը ճիշտ էր…

Ի՞նչ գնահատականի ես արժանանում նրանց կողմից:

Դե գովասանքի խոսքեր իհարկե լինում են, որովհետեւ ցանկացած ծնողի համար իր երեխան բավական լավն է, բայց քննադատությունն առաջին հերթին է. թե’ հայրս, թե’ մայրս, երաժշտությունից հեռու մարդիկ չեն, բավական ճաշակով եւ կիրթ են եւ կարողանում են ճիշտ կոմղնորոշել եւ ճիշտ խորհուրդ տալ ինձ:

Ձեր պաշտամունքը Կոմիտասն է: Ե՞րբ առաջին անգամ առնչվեցիք նրա գործի հետ եւ ինչպե՞ս որոշեցիք, որ պիտի Կոմիտասի երգերով զբաղվեք:

Երբ պետք է ընդունվեի կոնսերվատորիա, ինձ ծանոթացրեցին մի հրաշալի պրոֆեսորի՝ Օլգա Զաքարյանի հետ, ով Գոհար Գասպարյանի առաջին շրջանավարտներից էր եւ երկար տարիներ եղել է մեր Օպերային թատրոնի մեներգչուհին, հրաշալի մարդ, հրաշալի ուսուցիչ, եւ հրաշալի երգչուհի: Նա ինձ առաջարկեց, որպես կոնսերվատորիայի ընդունելության ծրագիր, ընտրել նաեւ Կոմիտաս, մենք ընտրեցինք «Կանչե կռունկ» ստեղծագործությունը, եւ ժյուրին զարմացավ, որ ընտրել էի Կոմիտաս, որովհետեւ արդարացիորեն նրանք եւս կարծում էին, որ Կոմիտասի կատարումը բավական բարդ է, այսինքն՝որքան էլ առաջին հայացքից կարող է թվալ, թե պարզ է ստեղծագործությունը, այնքան այդ ստեղծագործության մեջ երեւում են երգչուհու թերացումները՝ թե’ ձայնային, թե’ տեխնիկայի, թե’ լսողության: Այդտեղից է սկսվել. ես սիրահարվեցի Կոմիտասի ստեղծագործություններին, եւ մինչեւ կոնսերվատորիան ավարտելը իմ բոլոր քննական ծրագրերում Կոմիտաս միշտ եղել է:

Ալին Գոյանը` իր ուսուցչուհու Օլգա Զաքարյանի հետ

Ալին Գոյանը` իր ուսուցչուհու Օլգա Զաքարյանի հետ

 

Բոլոր երաժիշտները, ովքեր ինչ-որ ձեւով առնչվում են Կոմիտասին, մեծ երաժշտին եւ նրա գործին միշտ ինչ-որ բնորոշումներ են տալիս: Տեւական ժամանակ է՝ ապրում եք Կոմիտասով, ո՞րն է Ձեր բնորոշումը:

Ինձ համար Կոմիտասի ստեղծագործությունները թափանցիկ, մաքրամաքուր  են, որոնք իրենց պարզության մեջ իրոք հանճարեղ են: Երբ խոսում եմ կոմիտասյան ստեղծագործությունների մասին, միշտ հիշում են հետեւյալ թեւավոր  խոսքերը. «Ցանկացած հանճարեղ բան պարզ է»: Այսինքն՝  նրա հանճարը պարզության եւ մաքրության մեջ է:

Դուք փորձում եք  Կոմիտասի հնչյուններն ավելի ժամանակակից դարձնել, որպեսզի  երիտասարդ սերնդին ընկալելի  եւ հասկանալի  դառնա: Այլ կատարողներ էլ կան, որ փորձում են նույնը անել, ինչպե՞ս եք գնահատում նրանց  փորձերը, որպես կողքից լսող:

 Ցանկացած փորձարարություն ինձ համար ընդունելի է, քանի որ ի վերջո մենք 21-րդ դարում ենք, եւ երեւույթները զարգանում են սիներգետիկ արագությամբ, եւ կյանքն այնքան արագ ռիթմերի մեջ է, որ շատ դժվար է երիտասարդների եւ, ինչո՞ւ չէ, նաեւ այլ տարիքի մարդկանց համար լսել դասական երաժշտություն: Իմ խնդիրը կոմիտասյան ստեղծագործությունները դարձնելն է ամենօրյա լսելի` ե’ւ երիտասարդների, ե’ւ այլ կատեգորիայի մարդկանց համար: Իհարկե շատ եմ քննադատվում, որոնց ես նորմալ  եմ վերաբերում: Իսկ ինձ համար անընդունելի է, որ Կոմիտաս կարելի է կատարել ոչ այլ կերպ, քան ակադեմիական երգեցողությամբ:

Alin Goyan 1

Շատ քննարկվեց  Սիրուշոյի «Պռեգոմեշ» երգը, Դուք ի՞նչ կարծիք ունեք դրա մասին:

Բայց դա Կոմիտաս չէ: Նա ոգեշնչվել էր Կոմիտասի ստեղծագործությունից եւ գրել էր իր սեփական ստեղծագործությունը եւ կատարել էր այնպես, ինչպես ինքն էր ճիշտ գտել: Ես մեկ անգամ էլ եմ ասել` ցանկացած դեպքում գնահատականը պիտի տա ժողովուրդը. եթե ինչ-որ մի փորձարարություն, նորարարություն, նոր մոտեցում, նոր ընկալում, նոր ընթերցում արվի եւ դա մնա եւ դառնա սիրելի ժողովրդի համար, ուրեմն կահամարվի հաջողված փորձ: Ես կարծում եմ` եթե պիտի քննադատեն կամ գովաբանեն, ապա պիտի դա անեն կայացած երաժիշտները, կոմպոզիտորները, երաժշտագետները:

 Իմացա` մեծ կենդանասեր եք, անդամակցում եք կենդանիների կամավորների խմբին, Ձեր ամենասիրելի կենդանին ո՞րն է:

 Ճիշտն ասած, բոլոր կենդանիներին սիրում եմ, շատ եմ սիրում շներին եւ ձիերին, բայց քանի որ թափառող ձիեր Երեւանում չկան եւ նրանց պաշտպանության խնդիրը այդքան հրատապ չէ (ծիծաղում է-հեղինակ), շների պաշտպանությամբ ենք զբաղվում: Ի դեպ, հարցազրույցից մի փոքր ուշացա, որովհետեւ նորից մի շան ճակատագրով էի զբաղվում: Իրականում լուրջ է խնդիրը. ոչ թե սիրողական մոտեցում ենք դրսեւորում, այլ փորձում ենք կամավորներով փոխել ժողովրդի վերաբերմունքը կենդանիների հանդեպ, չնայած արդեն տենդենց կա դեպի լավը. եթե տարիներ առաջ մենակ ես էի շուն պահում , այսօր հատուկենտ մարդիկ են, որ տանը ինչ-որ կենդանի չեն պահում:

Դուք ռոմանտիկ  եք: Ինչպիսի՞ն չեք ու չեք կարող լինել:

Լկտի: Ինձ համար մարդկային անընդունելի հատկանիշն է լկտիությունը: Ցանկացած հատկանիշ կարող եմ տանել, բացի լկտիությունից: Կա մարդկային լկտի տեսակ, ով իրեն դրսեւորվում է ցանկացած բնագավառում` թե անձնական, թե գործնական: Ինձ համար այդ լկտիությունը եւ ցինիզմն անընդունելի են, եւ փորձում եմ իմ շրջապատում ձերբազատվել նման հատկանիշներով մարդկանցից:

Ռոմանտիկին լրացնող ի՞նչ կավելացնեք:

Մաքսիմասլիստ եմ  եւ իդեալիստ:

Կարծիք, որ Ձեզ պարտավորեցնում կամ կարող է պարտավորեցնել:

Երեւի առաջին հերթին ուսուցչիս կարծիքն է շատ պարտավորեցնող ու երբ գովեստի խոսքեր է ասում, ինձ անընդհատ թվում է, որ չափազանված կարող են լինել կամ գուցե ինձ շատ սիրելու հետեւանքով են ասված, չնայած ինքն այնպիսի պրոֆեսիոնալ երգչուհի է եւ ուսուցչուհի, որ իհարկե քննադատություն էլ իր կողմից միշտ կա: Կարող եմ ասել, որ ինձ համար յուրաքանչյուրի կարծիքը պարտավորեցնող է եւ կարեւոր: Ինձ համար կարեւոր է մարդկանց հավաքական կարծիքը. Միշտ հնչում են այնպիսի կարծիքներ, որոնց վրա ես շատ զարմանում եմ. օրինակ՝ աստվածային ձայն, երկնքից իջած ձայն եւ նման բնութագրումներ, որ երեւի երաժշտության մաքրության, պարզության հետ է կապված, բայց շատ պարտավորցնող են…

Ինչպիսի՞ն է իրավաբան Ալինա Ենգոյանը, եւ ինչիպիսի՞ն է երգչուհի Ալին Գոյանը:

Իրավաբան Ալինա Ենգոյանը միշտ դժգոհ, խիստ է, բայց հետաքրքիր է, որ այդ երկու մասնագիտությունները ես զուգակցում եմ, որովհետեւ ես շատ դեպքերում կարող եմ լինել ծայրահեղ ժպտերես, ուրախ, անչափ, անսահման անհոգ, եւ միեւնույն ժամանակ կարող եմ լինել շատ անտանելի. անտանելին իրավաբանն է (ծիծաղում է-հեղինակ), իսկ երբ անհոգ, ժպտերես եմ լինում, արդեն արվեստագետի հոգին է արթնանում:

Ի՞նչ ծրագրեր, նպատակներ կան:

Մի շարք մրցույթներ կան, որ պետք է մասնակցեմ արտասահմանում, առաջինը Մոլդովայում է՝ երիտասարդ երգիչ, երգչուհիների մրցույթ է: Ամենակարեւոր գործը կոմիտասյան ալբոմի աշխատանքների ավարտն է, որովհետեւ շատ ձգվեց, անընդհատ ուզում եմ ավարտել, բայց անընդհատ ինչ-որ բաների հետեւանքով չի ստացվում: Շատ ընդգրկուն աշխատանք է. ալբոմը երկու սիդի պետք է ունենա՝ մեկում 10 աշխատանքներ` Կոմիտասի գործերը ժամանակակից գործիքավորմամբ, մյուսում` այդ նույն 10 ստեղծագործությունները դասական մաքուր կատարմամբ եւ նվագակցությամբ. մեծ աշխատանք է տարվում, հուսամ` մինչեւ գարնան վերջ կավարտեմ:529892_341147892609163_1013458815_n

 Ո՞րն է եղել փոքրիկ Ալինայի երազանքը եւ  ո՞րն է մեծ Ալինայի, միգուցե երազանքը լավ չհնչի, ասենք՝ նպատակը:

ՉԷ, էլի երազանք է մնացել. չնայած ինչքան մեծանում ես, էնքան հասկանում ես, որ շատ երազանքներ դժվար իրականանալի են: Փոքր ժամանակ սենյակներից մեկում միշտ ինչ-որ առարկա, իբրեւ միկրոֆոն, ձեռքիս կանգնել եմ հայելու առջեւ, երգել եմ. միշտ երազել եւ հիմա էլ երազում եմ բեմի մասին: Ինձ համար ամենաբաղձալի ցանկությունը, ապագա կյանքը բեմն է:

Կգա՞ մի պահ, որ կասեք՝ վերջ, ես հասա ամեն ինչին , ստացա այն, ինչ ուզում էի.

Չեմ կարծում, որովհետեւ երեւի թե չեմ հասնի ամենին, ինչ ուզում եմ (ժպտում է- հեղինակ): Միշտ երազել եմ ինչ-որ համաշխարհային բեմերի մասին, ոչ հայաստանյան… փոքրուց երազել եմ « Լա Սկալայի» մասին: Հիմա հասկանում եմ, որ  օպերային երգչուհու կարգավիճակն այդքան էլ իմը չէ, այսինքն՝ ես նախընտրում եմ էստադային բեմը, բայց այն ոճով, որով ես եմ հանդես գալիս: Բայց կարծում եմ, եթե նույնիսկ հասնես այն ամենին, ինչ ուզում ես, չպիտի դա համարես վերջը, որովհետեւ դա իրականում կլինի վերջը՝ բոլոր առումներով:

 

Հռիփսիմե Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031