Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետարանի պաշտոնյա. «Գյումրու դիահերձարանը ամոթն է Շիրակի մարզի»

Մարտ 20,2013 13:50

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետը ևս դիահերձարանի հարցով բողոքավոր է

Երեկ ԱԺ գյումրեցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին, անդրադառնալով քաղաքացիների բողոքներին ու բարձրաձայնելով մարզերի դիահերձարանների խնդիրը, մի տխուր ու տպավորիչ օրինակ բերեց Գյումրու դիահերձարանից: Պատգամավորը բողոք է ստացել այն մասին, թե ինչպես 75-ամյա հանգուցյալին հարազատները մեկ օր թողնելով Գյումրու դիահերձարանում ու վճարելով 36 հազար դրամ, հաջորդ օրը տեսել են, որ առնետները կերել են դիակի ձեռքի մատները:

ՕԵԿ-ական պատգամավորը նաև փաստում է, որ Գյումրու դիահերձարանում սառնարանային համակարգ չկա, դիակներին, տեղ չլինելու պատճառով, կարտոֆիլի պարկերի նման միմյանց վրա են շարում: Մի խոսքով, շատ դեպքերում էլ գյուղերի մեռելներին դիահերձում են հենց տեղում ` տնային պայմաններում, քանի որ մոտակա քաղաքներում դիահերձարան չկա:

Նշենք, որ Aravot.am-ը անդրադարձել է այսպիսի մի խնդրի, որը ներկայացրել էին Շիրակի մարզի մեծությամբ երրորդ քաղաք` Մարալիկի բնակիչները: Նրանք դժգոհում էին, որ իրենց անհայտ պատճառներով փակվել է քաղաքի միակ դիահերձարանը, սպասարկում էր Անիի տարածաշրջանի բոլոր գյուղերին, և իրենք ստիպված մեծ ծախսեր են անում մեռելներին Գյումրի հասցնելու համար: Եվ քանի որ Գյումրու դիահերձարանն էլ իր հերթին շատ ծանրաբեռնված է աշխատում, մարալիկցիների ներկայացմամբ, օրերով հերթ պիտի կանգնես, մինչև կարողանաս հարազատիդ դիահերձել ու բերել հողին հանձնել: Իսկ այդ ընթացքում դիակը նեխում է , հոտ է գալիս:

Նշենք, որ Գյումրու դիահերձարանին, նախքան ՏԻՄ ընտրությունները, իրենց նախընտրական ծրագրում անդրադարձել էին նաև «Քաղաքը մերն է» քաղաքացիական շարժման ակտիվիստները` պահանջելով անհապաղ միջոցներ տրամադրել «անմարդկային ու գարշելի պայմաններին» վերջ տալու համար: «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն այս առիթով գրել էր . «Էս քաղաքի մարդկանց արժանապատվությունը ամենաշատ ոտնահարողը քաղաքի այլանդակ դիահերձարանն է, որը մոտ 20 տարի է` չգիտեմ ինչ վիճակում է, այստեղ խոսքը 120-130 հազար դոլարի մասին է, պետք է ստեղծվի անհրաժեշտ ինֆրաստրուկտուրա, գործի մեկ պատուհանի սկզբունքը, որպեսզի հարազատները գործ չունենան կտրողի, հերձողի հետ: Այս հարցը պետք է լուծվի պետական միջոցների հաշվին, այլապես այն կառուցելու համար կարելի է ծախսել Գյումրու քարե գորգի 10 տոկոսի չափով գումար»:

Այսօր Aravot.am –ը Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի վերջո ի՞ նչ է լինելու Գյումրու դիահերձարանի հարցը և ճի՞շտ են, արդյոք, մեր տեղեկությունները, որ կառավարությունը նախահաշիվ է պահանջել: Պաշտոնյան հաստատեց մեր տեղեկությունը` նշելով, նախահաշիվներն արդեն ուղարկված են, 100 հազար դոլար կպահանջվի նոր դիահերձարանի կառուցման համար, և որ ակտիվ բանակցության մեջ են: Իսկ թե որտե՞ղ կկառուցվի Գյումրու նոր դիահերձարանը, պաշտոնյան ասաց, որ ինքը տարածք է փնտրում: Մեր այն դիտարկմանն էլ՝ միգուցե Վանաձորի օրինակով կառուցվի որևէ բժշկական կենտրոնի կողքի՞ն, Շիրակի պաշտոնյան սա բացառեց` ասելով, որ այն տխուր հիմնարկ է ,և դա ընդունելի ձև չէ:

Նա այս կապակցությամբ կատակեց՝ ասելով , որ մայրաքաղաքի պաթանատոմիական կենտրոնների շենքերի վրա գրված է «Մահը օգնում է կյանքին»: Հովհաննես Հովհաննիսյանը նաև ասաց, որ դիահերձարանից ոչ միայն բողոքավոր են բնակիչները, այլ ինքը անձամբ:

«Ես ինքս բողոքում եմ և ասում եմ` այս դիահերձարանը ամոթն է Շիրակի մարզի»,-հայտարարեց առողջապահության վարչության պետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031