Լրահոս
Օրվա լրահոսը

«Սո՜ւտ է». գոռաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հերքելով Սերժ Սարգսյանին

Մարտ 20,2013 13:24

Հովսեփ Խուրշուդյանը գնահատական տվեց գործող նախագահի ասուլիսին

«Անհեթեթ, տարօրինակ գնահատականներ հնչեցին, ինքնահռչակ, ինչ-որ սատանայական եզրույթներ օգտագործվեցին, հեղաշրջում եզրույթն օգտագործեց Սերժ Սարգսյանը՝ խոսելով Բարեւի շարժման մասին հավանաբար»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսին՝ այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա վստահեցրեց. «Այս արտահայտությունները ցույց են տալիս, որ գործող իշխանությունները համարժեք չեն երկրում ստեղծված իրավիճակը գնահատելիս, քանի որ այս ամենը նախեւառաջ  բնութագրում է հենց իրենց գործողությունները՝ թե ինքնակոչը, թե՛ հեղաշրջումը, թե՛ աղանդավորականությունն այն քաղաքական իմաստով, իր իրենք դրա մեջ դնում են, քանի որ փետրվարի 18-ին հենց իրենք փորձ արեցին ժողովրդի հաղթանակը կեղծել: Այնպես որ, ես կարծում եմ, որ ՀՀ-ն նման պետական այրերով չի կարող դիմակայել այն մարտահրավերներին, որոնք ծառացած են մեր երկրի առջեւ՝ թե ներքին, թե՛ արտաքին»:

Ըստ պարոն Խուրշուդյանի, «Բավականին տարօրինակ է նաեւ, որ գործող նախագահը մեղադրում է արտագաղթի մեջ ԶԼՄ-ներին, որոնք լուսաբանում են երկրում ստեղծված իրավիճակը: Հավանաբար ԶԼՄ-ները պետք է զերծ մնային նաեւ լուսաբանելուց Սերժ Սարգսյանի այն արտահայտությունը, որ տարիներ շարունակ ատկատներ են արվում, կամ վարչապետի այն արտահայտությունը, որ երկրում տիրում է օլիգարխիան, որ ստվերը հսկայական չափերի է հասնում: Այդ բոլոր արտահայտությունները  հավանաբար եւս մամուլը պետք է չլուսաբաներ, որպեսզի չխթաներ արտագաղթը»:

Նա հիշեցրեց նաեւ, որ նույն տրամաբանությամբ էր նաեւ վարչապետն ասում, որ պետք չի լուսաբանել համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որպեսզի այն մեր կողքով անցնի:

Պարոն Խուրշուդյանը տեղեկացրեց, որ վաղը «Ժառանգությունը» կհրապարակի ավագանու ընտրությունների իր ցուցակը:

Լրագրողները հարցրեցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք, որ ինչպես Սերժ Սարգսյանն ասաց ասուլիսում, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով մասնակցել այդ ընտրություններին: Մինչ Հովսեփ Խուրշուդյանը կպատասխաներ, նստարանին նստած Րաֆֆի Հովհաննիսյանն իր տեղից բղավեց՝ «Սուտ է, այդպիսի բան չի՛ եղել»:

Հովսեփ Խուրշուդյանն էլ  պատասխանեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ էլ ասել է այդ մասին, որ գործող նախագահի շատ արտահայտություններ չեն համապատասխանում իրականությանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031