Լրահոս
Օրվա լրահոսը

«Րաֆֆի Հովհաննիսյանն իր քայլերով ստեղծեց մի իրավիճակ, երբ իր ֆոնին Սերժ Սարգսյանը ազատ խոսքի ու թափանցիկության ռահվիրա եւ ջատագով է ներկայանում»

Մարտ 20,2013 13:08

Ինչպես հիշում եք, թեեւ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Հովհաննիսյանը Ազատության հրապարակում մի քանի բառով ներկայացրել էր իր ու Սարզսյանի խոսակցությունը, սակայն հանդիպման մանրամասներն այդպես էլ անհայտ էին մնացել։ Հովհաննիսյանի հասցեին անգամ մեղադրանքներ հնչեցին ոչ թափանցիկ գործելու պատճառով։ Անգամ մարդկանց այդ մտահոգություններից հետո Հովհաննիսյանը ջանք չգործադրեց կասկածները ցրելու նպատակով Սարգսյանի հետ հասարակությանը հանդիպման մանրամասները հանգամանորեն ներկայացնելու ուղղությամբ։

Առավոտից գիշեր քաղաքական գործընթացների թափանցիկության անհրաժեշտության մասին նախկինում խոսող Հովհաննիսյանի թիմը, որ ոչ շատ վաղ անցյալում բանուգործը թողած՝ առանց որեւէ հիմքի Հայ ազգային կոնգրեսին մեղադրում էր իշխանությունների հետ ոչ թափանցիկ երկխոսության գործընթաց վարելու մեջ (եւ սա այն դեպքում, երբ երկխոսության ողջ փուլում հենց ՀԱԿ-ն էր հասարակությանը ներկայացնում

դրա ընթացքի մանրամասները), մի այնպիսի խորհրդավորության շղարշով պատեց Հովհաննիսյան-Սարգսյան հանդիպման մանրամասները, որ տարաբնույթ ենթադրությունների տեղիք տվեց։

Եվ ահա, այդ հանդիպման մանրամասները զարմանալիորեն բացահայտում է ինքը՝ Սարգսյանը, այդպիսով Հովհաննիսյանին ստիպելով դրանց վերաբերյալ սեփական մեկնաբանություններով հանդես գալ։ Նման երեւույթ, երբ Հայաստանում իշխանությունն ուզուրպացրած ռեժիմն է քաղաքական գործընթացների թափանցիկության ոչ միայն ապահովողը, այլ նաեւ հրահրողը, իսկ հրապարակում կանգնած ընդդիմադիր ուժն, ընդհակառակը, հրահրվողն է, Հայաստանի անկախությունից ի վեր դժվար է մտաբերել։ Րաֆֆի Հովհաննիսյանն իր քայլերով ստեղծեց մի իրավիճակ, երբ իր ֆոնին Սերժ Սարգսյանը ազատ խոսքի ու թափանցիկության ռահվիրա եւ ջատագով է ներկայանում։ Նման աբսուրդ դաժան երազում անգամ պատկերացնելը դժվար էր…

Սարգսյանի հարցազրույցից պարզ է դառնում, որ Բաղրամյան 26-ում Րաֆֆի Հովհաննիսյան ի հետ տեղի ունեցած հանդիպումն ըստ էության եղել է ոչ թե ընդդիմադիր ու իշխանական երկու թեկնածուների միջեւ բանակցությունների գործընթաց՝ դրա դասական իմաստով, այլ Սարգսյանն ուղղակի քաղաքագիտության լիկբեզ է անցկացրել Րաֆֆի Հովհաննիսյանի համար՝ հընթացս հանդես գալով խորհրդատուի դիրքերից եւ վերջինիս սովորեցնելով մտածել։ Նման երեւույթ, երբ Հայաստանում իշխանությունն ուզուրպացրած ռեժիմն է քաղաքագիտական դասախոսություն կարդում հրապարակում կանգնած ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդի գլխին, Հայաստանի անկախությունից ի վեր եւս դժվար է մտաբերել։ Րաֆֆի Հովհաննիսյանն իր քայլերով ստեղծեց մի իրավիճակ, երբ իր ֆոնին Սերժ Սարգսյանը մտքի տիտան է ներկայանում…

Արթուր ՄԻՆԱՍՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031