Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանի պարզաբանումը ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հայտարարության հետ կապված

Մարտ 20,2013 13:07

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի զարմացած հարցադրումները հանգեցնում են այն մտքին, որ պարոն Ուրիխանյանը չի տիրապետում բյուջետային ծրագրավորման գործընթացներին, քանի որ արտաքուստ տպավորություն ստեղծելու համար արվող հայտարարությունները առնվազն պետք է հիմնված լինեն որոշակի հաշվարկների և համեմատությունների վրա։

Հարկ է նշել, որ Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեով արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի համար նախատեսվել էր 81 712.0 հազ.դրամ գումար, սակայն փաստացի ծախսը կազմել է 46 467.0 հազ.դրամ (խնայողությունը կազմել է 35 245 հազ.դրամ), ինչը հստակ նշված է բյուջեի կատարման հաշվետվության մեջ, որն ի դեպ ավագանու՝ ներառյալ ԲՀԿ անդամների, կողմից միաձայն հաստատվում էր հենց այն պահին, երբ պարոն Ուրիխանյանը զարմանում էր  այդ թվերից։

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի համեմատությանը ՀՀ ԱԳՆ-ի և կամ ՀՀ ԱԺ-ի հետ, ապա Երևանի քաղաքապետարանը ևս արտաքին հարաբերությունների գծով անելիքներ ունի, որովհետև  համագործակցում է արտերկրի մի քանի տասնյակ քաղաքների և միջազգային կազմակերպությունների հետ:  Ասեմ, որ թվաբանական համեմատությունը արված է առանց վերլուծական հաշվարկների, քանի որ Երևանի քաղաքապետարանի գործուղումների  ծախսերը  ներառում են նաև Երևանի ավագանու անդամների և 12 վարչական շրջանների և դրանց աշխատակազմերի գործուղումները, որոնք հիմնականում իրականացվում են ըստ անհրաժեշտության կամ հրավերքի, իսկ այդ ծախսերը իրականացվում են նույն նորմատիվներով, որը կիրառում են ՀՀ ԱԺ-ն և գործադիր մարմնի նախարարություններն ու գերատեսչությունները։

Շենքերի գեղարվեստական լուսավորության ծրագրի հետ կապված  պատգամավորի  այն ակնարկը, թե “շենքերից դուրս ինչ է եղել”, խորհուրդ կտամ մանրամասնել  և ներկայացնել  պատկան մարմիններին: Իսկ ինչ վերաբերվում է ծրագրի նախահաշվային արժեքին, ապա ծրագրի բովանդակությունը և նախահաշվային փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացվել է ինչպես Երևանի ավագանու մշտական հանձնաժողովներին, այնպես էլ ավագանու նիստին և արժանացել է ավագանու՝ այդ թվում ԲՀԿ անդամների, հավանությանը։

Առնվազն տարակուսելի է ԱԺ պատգամավորի վերաբերմունքն ու հնչեցրած կարծիքը  Հայաստանի Հանրապետության դրոշների տեղադրման հիմնավորման հարցի շուրջ այն դեպքում, երբ  դրանց արժեքները ձևավորվել են սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծանախահշվային փաստաթղթերի հիման վրա, ինչը բխում է ՀՀ օրենսդրության պահանջներից։

Այդուամենայնիվ,  պարոն Ուրիխանյանը, հռետորաբանության փոխարեն, իր համար անհասկանալի հարցերը մինչև բարձրաձայնելը կարող է  ճշտել  Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամների հետ, որոնք առավել արհեստավարժ են և պատշաճ տիրապետում են բարձրացված հարցերի բովանդակությանը, ինչպես նաև  կողմ են քվեարկում դրանց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031