Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարության կազմի փոփոխության չսպասե՞լ

Մարտ 20,2013 12:10

«Հիմա ես ձեզ չեմ կարող պատասխանել, որ կառավարությունն ամբողջ կազմով փոխվելու է: Իմ պատասխանը հետևյալն է`այսօր դեռևս ես պատճառ չեմ տեսնում կարդինալ փոփոխություններ անելու, բայց դա չի նշանակում, որ կառավարության անդամները երաշխավորված են այդպիսի փոփոխություններից կամ ես նրանց ինչ-որ արտոնություն եմ տալիս»,- ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա որպես հիմնավորում ներկայացրեց այն փաստը, որ 2012թ. արդյունքներով մեր տնտեսական աճը կազմել է 7,2 տոկոս, այն դեպքում, երբ Եվրամիության տնտեսությունը աճել է 0,2 տոկոսով: Ուստի ինքը ո՞ր բարոյական իրավունքով կանչի այդ կառավարությանը և ասի՝ գնացեք հրաժարական տվեք: Ս. Սարգսյանը հարցրեց, թե ո՞վ է երաշխավորելու, որ նոր մարդիկ ավելի լավ կանեն դա:

Aravot,am-ի հետ զրույցում նախագահի այս պնդման հետ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը համաձայնեց ու մանրամասնեց. «Նրա նախագահության պարագայում էական չէ, թե ինչ դեմքեր ներկա կլինեն կառավարությունում, քանի որ իրական պահանջները, որ նա դնում է տնտեսական քաղաքականության մեջ, բացարձակ կապ չունեն հայտարարվածների հետ: Նախարարներն իրենց աթոռին են մնում, վարչապետը իր պաշտոնին մեկ օլիգարխի տնտեսություն կառուցելու շրջանակներում, և բնական է, որ ինքը փոխելու կամ չփոխելու խնդիր չունի: Եթե Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ բարոյական իրավունք չունի 7 տոկոս ապահովող կառավարությունը փոխել, ապա ի՞նչ բարոյական իրավունք կար դրամական տեսքով 14.4 տոկոս և դոլարային տեսքով 30 տոկոս տնտեսական անկում ապահոված կառավարությանը պահպանել: Այնինչ խոստացվել էր, որ դա լինելու է 9 տոկոս: Այս կառավարությունը որևէ խոստում չի կատարել, որը տրվել է 2007-ի ծրագրում և 2008-ի նախագահական ընտրություններից հետո: Ինքն այդ առումով փաստորեն արձանագրել է, որ իր ուզածը` տնտեսության կենտրոնացումը, բիզնեսի վերաբաշխումը Տիգրան Սարգսյանը լուծում է: Ուղղակի Ս. Սարգսյանն ասաց, որ դա դանդաղ է անելու, այնինչ երիտօլիգարխիան ուզում է արագ սեփականաշնորհել ամեն ինչ: Բայց մեծ հաշվով դա հիշեցնում է նեոբոլշևիկյան, կամ թուրքմենբաշիական տնտեսական համակարգ: Տ. Սարգսյանը լուծում է այդ խնդիրները, ուստի փոխելու խնդիր չունի: Նա գտածո է Սերժ Սարգսյանի համար, քանի որ կատարում է նախագահական նստավայրից բոլոր առաջադրանքները»:

Ա. Թևանյանը նախագահից փոփոխությունների ակնկալիք չունի` անկախ նրանից, թե դեմքերի առումով ինչ կփոխվի. «Ս. Սարգսյանը խոսում էր, որ պիտի քաղաքականությունը փոխել, ոչ թե դեմքերին, բայց քաղաքականության փոփոխությունն էլ կոնցեպտ չունի: Սա մեծ հաշվով առաքելություն չունեցող իշխանություն է: Իշխանություն հանուն իշխանության»:

Ա. Թևանյանը նշեց, որ Ս. Սարգսյանը հայտնվել է Չեռնենկոյի կարգավիճակում`դարձել է փտած համակարգի խորհրդանիշը, որն այլևս որևէ դրական փոփոխության ոչ ներուժ, ոչ էլ ցանկություն ունի: Նա հավելեց, թե ներպալատական վեճ են ընդամենը լուծում. փեսան` ժառանգորդը, ցանկանում է, որ մնա նախագահական համակարգը, որպեսզի հետո ինքը ժառանգի այն, իսկ Ս. Սարգսյանը ցանկանում է լուծել ինքնավերարտադրման հարց:

Դառնալով նախագահի ասուլիսին` Ա. Թևանյանն այն անվանեց «ամենաբուտաֆորիկ ասուլիսը» ու մանրամասնեց. «Նորանկախ պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ որևէ լայն ասուլիս մեկ տեսախցիկ նկարում է բոլորի համար ու տեսագրությունը երկու օր ցույց չի տրվում ու հասարակությանը ներկայացվում է միայն մոնտաժից հետո: Նման բուտաֆորիկ ասուլիս միայն Հյուսիսային Կորեայում է լինում»:

Civilnet-ի տնտեսական մեկնաբան Արմենակ Չատինյանն էլ նկատեց, որ 7 տոկոս տնտեսական աճը պարզապես թղթի վրա է գեղեցիկ երևում: Նա հորդորեց բովանդակության մեջ մտնել ու հասկանալ` որքանով են դրանք առարկայական. «Արդյոք այդ 7.2 տոկոս աճի արդյունքում մեր քաղաքացիների կենսամակարդակը բարելավվե՞լ է: Թղթի վրա կարելի է ապահովել 10-15 տոկոս աճ, բայց քո երկրում աղքատությունը շարունակում է մնալ 35 տոկոս, գործազրկության կտրուկ նվազում և աշխատատեղերի կտրուկ աճ տեղի չի ունենում: Ուստի այդ 7.2 տոկոսը պարզապես մեխանիկական աշխատանք է թվերի հետ: Կառավարության տնտեսական բլոկի մասնագետները բավականին խելոք են, բայց նախագահը կառավարությանը տվել է փայտե հրացան ու ասում է` կրակի: Փաստորեն կառավարության գործունեությունը սահմանափակված է քաղաքական մակարդակում: Սրա համար էլ բարեփոխումները դանդաղ են ընթանում: Իմ կարծիքով` որևէ արմատական փոփոխություն տեղի չի ունենալու, վարչապետը կմնա, նրա հետ իր տնտեսական բլոկը: Եթե լինի քաղաքական կամք, այս կառավարությունը կարող է իրականացնել արմատական փոփոխություններ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031