Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը վերադարձել է Տեր-Պետրոսյանի դիրքորոշումներին

Մարտ 20,2013 11:15

Սերժ Սարգսյանի մամլո ասուլիսը դեռ երկար ժամանակ թերեւս կքննարկվի քաղաքական, փորձագիտական շրջանակներում: Երկու օր է` առավելապես նրա ելույթի ներքաղաքական թեմաններն են գերակշռում մեկնաբանություններում ու գնահատականներում, մինչդեռ Ս․Սարգսյանի խոսքում արտաքին քաղաքական հատվածը, որը մի տեսակ ստվերում մնացած, առավել կարեւոր էր եւ բավական ուշագրավ շեշտադրումներ էր պարունակում:

Նախ, անդրառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու գաղափարին, Ս․Սարգսյանը տրամաբանական հարցադրումներ առաջ քաշեց, նշելով, թե ի՞նչ է տալու ԼՂՀ անկախության ճանաչումը ԼՂ-ի եւ ՀՀ-ի քաղաքացիներին: «Դրանից Հայաստանն ավելի անվտա՞նգ է դառնալու: Դրանից մեր զինվորների կյանքն ավելի անվտա՞նգ է դառնալու: Դրանից Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրանալո՞ւ է: Դրանով մենք շահելո՞ւ ենք մեր գործընկերների վստահությունը: Մենք ասելու ենք, որ միջազգային հանրության լիիրավ եւ պատասխանատու անդա՞մ ենք: Չեմ տեսնում մի բան, որ տալու է ՀՀ քաղաքացիներին կամ ՀՀ-ին: Հիմա, խնդրեմ, հարցին անդրադառնանք մյուս կողմից: Որքանո՞վ է վտանգելու այդպիսի որոշումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Կարծում եմ, այստեղ տարակուսելու բան չկա: Բայց ավելի կարեւոր հանգամանք կա: Այսինքն՝ որեւէ մեկը տարակույս չպետք է ունենա: Եթե մենք այդպիսի որոշում կայացնենք, ուրեմն բանակցությունները դադարեցվելու են: Դուք կասկածո՞ւմ եք դրանում: Կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում: Հակառակ պարագայում ինչի՞ մասին պետք է բանակցենք: Այսինքն, դա ապտակ է լինելու ոչ միայն բանակցող մյուս կողմին, այլ նաեւ համանախագահներին», ասաց նա, հարցնելով՝ եթե պատերազմ սկսվի, մենք միայնակ ամբողջ աշխարհի դե՞մ ենք կռվելու․․․

Իրավացիորեն, Ս․Սարգսյանը նկատեց նաեւ, որ այդպիսի հայտարարություններ կարող են անել մարդիկ, ովքեր պատասխանատվություն չունեն որեւէ բանի հանդեպ ու նրանց թվում է, թե ժողովրդի ականջին դա շատ հաճելի մի բան է: Նա շեշտեց նաեւ, թե որ դեպքում Հայաստանը կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը՝ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի կամ ստեղծի այնպիսի անելանելի դրություն, որ այլընտրանք չունենանք, այսինքն, այլեւս կորցնելու բան չունենանք:

Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը, ով 1998 թվականի փետրվարյան իշխանափոխությունից հետո լինելով Ռոբերտ Քոչարյանի զինակիցը, որն էլ 1998-ին խոստացել էր Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել փաթեթային` «հաղթողական» տարբերակով եւ 8 հազար քառ. կմ տարածքի վրա անկախ Ղարաբաղ ստեղծել (ընդ որում, առանց այդ հարցը հանրաքվեի դնելու եւ Ղարաբաղին բանակցային գործընթացում ներգրավվելու), այսօր փաստացի հանդես է գալիս գնահատականներով, որոնք համահունչ են Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հայտնի հոդվածի փիլիսոփայությանը:

Գալով ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ինչպես նաեւ Եվրասիական միությանը եւ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ հարցերին Ս․ Սարգսյանը խորհուրդ տվեց չհավատալ նրանց, ովքեր ասում են, թե ՌԴ-ն պարտադրում է Հայաստանի դառնալ Մաքսային միության անդամ: «Մաքսային միության անդամները դեռեւս ցանկություն չունեն որեւէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: ․․․ Մենք սեւ-սպիտակի խնդիր չենք լուծում: Կամ-կամի խնդիր չենք լուծում: Մենք ազնիվ ենք մեր մղումներում, իսկ մեր մղումները բխում են մեր ժողովրդի շահերից, ուզում ենք, որպեսզի մեր երկիրը զարգանա եւ այդ պրոցեսում օգտագործի եւ՛ Մաքսային միության, եւ՛ Եվրասիական միության, եւ՛ ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Մենք ազնիվ ենք մեր վարքում, մեր գործունեության մեջ: Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալու ենք ու հետո գնում մյուսին ասում՝ ոչ ձեզ մոտ ենք գալիս: Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել», ընդգծեց նա:

Այն, որ Ռուսաստանը Եվրասիական միության եւ Մաքսային միության ապագայի հարցում ունի խնդիրներ, եւ առավելապես Ուկրաինայի համաձայնությունից է կախված լինելու այդ կառույցների կենսունակությունը, թերեւս առայժմ Հայաստանին հնարավորություն է ընձեռում ինքնավստահ ու ազատորեն արտահայտվել այդ կառույցին Հայաստանի միանալու նպատակահարմարության մասին: Հենց այս անորոշությունն է թերեւս պատճառ հանդիսանում, որ ՌԴ-ն առայժմ չի ստիպում Հայաստանի իշխանություններին, եւ այստեղ էլ Ս․Սարգսյանը կարծես ճշմարտությունն է ներկայացնում։

Իսկ ինչ վերաբերում է ԵՄ Ասոցացման համաձայնագրին, Խորը, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու պայմանագրին, ապա Ս․Սարգսյանը նշեց, որ դրանք գրեթե ավարտուն տեսքի են բերված ու «տա Աստված մեզ կարողություն, որպեսզի այս տարի ավարտենք եւ ստորագրենք», եւ շեշտեց, որ դա պետք է իրագործել ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր՝ «ձեռքերը շփելով սպասում են սեւ-սպիտակի պատմությանը, սպասում են, թե երկրներից որը թշնամի կդառնա Հայաստանին»:

Այսպիսով, եթե ամփոփենք Ս․Սարգսյանի ելույթի արտաքին քաղաքական բլոկը, ապա պետք է փաստել, որ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո նա միջազգային հանրությանը հստակ մեսիջներ ուղղեց Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ, ինչպես 2008-ի նախագահական ընտրություններից հետո լծվեց միջազգային հանրության համար այդքան ցանկալի՝ Թուրքիայի հետ «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացին:

Եթե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ոչ Հայաստանի մեղքով խնդիրը փակուղի մտավ եւ իրականում այն անպտուղ դարձավ, ապա 2013-ի նախագահական ընտրություններից հետո Ս․Սարգսյանի առաջին հրապարակային, ծավալուն ելույթը վստահաբար դրական կընդունվի եւ կգնահատվի միջազգային հանրության կողմից՝ թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների եւ թե՛ Ղարաբաղյան խնդրի առնչությամբ ունեցած դիրքորոշման առիթով:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031