«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԲՀԿ-ական պատգամավոր, Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը` Շերիֆը:
ԲՀԿ-ական պատգամավոր, Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը` Շերիֆը, ով անձամբ է եղել 2008թ. Մարտի 1-ի օպերացիան իրականացնողներից մեկը, մեզ հետ զրույցում պատասխանեց Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրած Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը և վստահեցրեց, որ Մարտի 1-ին որևէ զինվորական, այդ թվում` ինքը ինքնագլուխ չի գործել:
– Պարոն Գրիգորյան, Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը մեզ հետ հարցազրույցում ասել է, որ ԲՀԿ-ն թող Ձեզանից հարցնի` ի՞նչ է եղել մարտի 1-ին: Դուք պատրա՞ստ եք պատասխանել հարցերին:
– Անդրանիկ Քոչարյանը ես չգիտեմ` ձեզ ինչ է ասել: Մարտի 1-ի հետ կապված ամեն ինչ 2008թ. ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում շուրջ չորս ժամվա ընթացքում բոլորին և բոլոր հարցերին պատասխանել եմ` և ընդդիմության, և Դաշնակցության, և Հանրապետականի:
– Հենց այդ ժամանակ եք, չէ՞, ասել, որ հրաման եք կատարել մարտի 1-ին: Դրա մասին գրվեց մամուլում:
Կարդացեք նաև
– Ես այդ ժամանակ չեմ ասել որ…, ես ասել եմ` զինվորականները գործում են ըստ գործող կարգադրության, հրամանների: Ոչ մեկն ինքնագլուխ չի գործում:
– Ասել է թե` Դուք հրաման եք կատարել իրականում:
– Զինվորականները միշտ կատարում են հրաման, ոչ մեկն ինքնագործունեությամբ չի զբաղվում:
– Իսկ Ձեր կարծիքով` ԱԺ-ում ստեղծվող Մարտի 1-ի սպանությունների գործն ուսումնասիրող նոր հանձնաժողովն ի՞նչ կբացահայտի:
– Ճիշտն ասած, ես առանձնապես սպասելիքներ չունեմ: Հինգ տարի առաջ, երբ ամեն ինչ թարմ էր, շատ բան բացահայտվեց, շատ բան էդպես էլ մնաց չբացահայտված: Հիմա չեմ կարծում, շատ բան մոռացվել է, շատ բան մարդիկ չեն հիշի: Էսօր նոր բան չեմ կարծում, որ կբացահայտվի, պարզապես, իմ կարծիքով, քաղաքական շահարկումների նոր ձև է:
– Իսկ ինչո՞ւ հենց նախագահական ընտրություններից հետո այս որոշումը կայացրեց իշխանությունը և նման համաձայնության եկավ:
– Նախագահական ընտրություններից առաջ որոշումը կայացվել է, և համաձայնության են եկել ընդդիմության հետ, որ նախագահական ընտրություններից հետո հանձնաժողով ստեղծվի:
– Այսինքն` իշխանությունն, ըստ Ձեզ, փորձում է, քաղաքական դիվիդենտնե՞ր շահել:
– Հարցը երևի թե ուղղեք իշխանության ներկայացուցիչներին:
– Ի վերջո, Ձեր կարծիքով` 10 զոհերի և բազմաթիվ վիրավորների մեղավորները կպատժվե՞ն, թե՞ ոչ: Նաև` հրաման տվողները կպատժվե՞ն:
– Չեմ կարող այդ հարցին պատասխանել:
– Իսկ կոնկրետ Ձեզ հրաման տվողը կպատժվի՞:
– Ինձ ո՞վ ա հրաման տվել, բայց: Ես երբեք չեմ ասել, որ ինձ որևէ մեկը հրաման ա տվել:
– Ձեր ղեկավարը եղել է Հայկ Հարությունյանը:
– Հայկ Հարությունյանը եղել է ոստիկանապետը այն ժամանակ:
– Հրամանը ինքը չի՞ տվել:
– Ի՞նչ հրաման:
– Դուք եք ասում` զինվորականները բոլորը հրաման են կատարում:
– Ես ասում եմ` զինվորականները գործում են ըստ կարգադրությունների և հրամանների: Ոչ ոք ինքնագործունեությամբ չի զբաղվում: Ոչ միայն ես, այլև որևէ զինվորական երբևէ ինքնագործունեությամբ չի զբաղվում:
– Ասել է թե` մարտի 1-ին էլ ինքնագործունեությամբ չեք զբաղվել և հետևաբար կատարել եք ոստիկանապետի հրամա՞նը:
– Ո՞ր հրամանը: Դուք այդ հրամանի մասին ինչ-որ բան գիտե՞ք: …Եկեք սահմանափակվենք: Ես հրաման չեմ կատարել: Ընդհանրապես ես էդ ժամանակ գործել եմ իմ խղճի մտոք: Ես համարում եմ, որ ճիշտ եմ գործել:
– Իսկ զոհերը և վիրավորնե՞րը:
– Էդ զոհերը, երբ էդ քանակի մարդիկ հակասություններով-բանով հանդիպում են իրար… իմ մոտից էլ զոհեր եղան, իմ շարքերից վիրավորներ, զոհեր: Բա դրանց համար ինչի՞ ոչ մեկը հաշիվ չի պահանջում: Երկու զոհ, շուրջ 400 վիրավոր, որից 80-ից ավելին` հրազենաբեկորային: Բա մեր վրա ո՞վ էր կրակում, ինձ շատ հետաքրքիր է:
– Դուք չե՞ք փորձել գոնե դա պարզել:
– Փորձել եմ, չեմ կարողացել:
– Իսկ ի՞նչն է պատճառը, որ չեք կարողացել:
– (Չի պատասխանում):
– Լավ, Ձեր կարծիքով, ի վերջո, չպե՞տք է պատասխան տան մեղավորները, ովքեր կրակել են ժողովրդի վրա, զինվորի վրա:
– Ո՞ր մեղավորները, ովքե՞ր են մեղավոր` չգիտեմ:
– Դուք պատրա՞ստ եք լինել այդ հանձնաժողովում:
– Ես միշտ էլ պատրաստ եմ: Ոչ մի անգամ չեմ խուսափել: Էն ժամանակ էլ ԱԺ հանձնաժողովում ես բոլոր հարցերին սպառիչ պատասխանել եմ, բացեք, նայեք` ինչ եմ ասել:
Մարինե Խառատյան