Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանի ամենաերկար ասուլիսը

Մարտ 20,2013 10:58

Երկար մտորումներից հետո Սերժ Սարգսյանը, փաստորեն, հրաժարվեց Ազատության հրապարակ այցելելու մտքից, փոխարենը ասուլիս հրավիրեց։ Ասուլիս ասվածը տվյալ պարագայում խիստ պայմանական ձեւակերպում է, քանի որ այն միջոցառումը, որ տեղի ունեցավ նախագահական նստավայրում, ամեն ինչի նման է, բացի ասուլիսից։ Խնդիրը միայն այն չէ, որ ասուլիսին հրավիրվում են բոլոր ԶԼՄ-ները, որոնք իրենք են ընտրում մասնակցել դրան, թե ոչ, լուսաբանել, թե ոչ։ Խնդիրը նույնիսկ այն էլ չէ, որ այս «ասուլիսին» հրավիրված հեռուստաընկերությունների ներկայացուցիչները օպերատորներ չեն ունեցել իրենց հետ եւ հեռարձակել են նախագահական նստավայրից իրենց տրամադրված՝ մոնտաժված նյութը։ Ավելի լուրջ խնդիր է «ասուլիսի» տեւողությունը եւ բովանդակությունը։ Դրա տեւողության մասին պատկերացում կազմելու համար, նշենք որ president.am կայքում տեղադրված, ասուլիսի ամբողջական սղագրությունը տպագրելու դեպքում, այն կզբաղեցներ մեր թերթի բոլոր՝ 1– 8 ութ էջերը, այն էլ՝ առանց նկարների։ Ընդ որում, բոլոր հարցերը միասին վերցրած կկազմեին կես էջը, մնացած յոթ ու կես էջը՝ միմիայն Սերժ Սարգսյանի մտքերը։ Աշխարհում չեք գտնի նախագահի պաշտոնը զբաղեցնող երկրորդ մեկին, ով կոնկրետ իրավիճակի առիթով նման տեւողությամբ ասուլիս տված լինի մեկ տասնյակ լրագրողների։ Նման ասուլիսներ պատմությունը չի արձանագրել համաշխարհային պատերազմների ժամանակ, չի արձանագրում այսօր՝ նույնիսկ ամենակարեւոր միջազգային իրադարձությունների վերաբերյալ։ Երկրների առաջին դեմքերը սովորություն ունեն լրագրողների հարցերին պատասխանել՝ կարճ, կոնկրետ, հստակ, երբեմն՝ այլաբանորեն, երբեմն՝ ենթատեքստերով, նայած թե ինչ խնդիր են իրենց առաջ դրել, ում՝ ինչ մեսիջ են ուղարկում։ Երբեք որեւէ պետության ղեկավար՝ այլ քաղաքական գործչի հետ իր հանդիպման մասին ԶԼՄ-ներին չի պատմում՝ «ես իրեն ասացի…, ինքը ասաց…, հետո ես ասացի…, նա պատասխանեց…, այն ժամանակ ասացի…., ինքը, թե…՝ ես էլ ասացի՝ դե որ տենց ա…ինքն էլ ասաց…, դրանից հետո…. » ոճով, եւ այսպես՝ մեր թերթի ուղիղ մեկ էջի չափով։ Նման պատմություններ մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպումներում իրենց թույլ չեն տալիս անգամ նորաթուխ, եւ 10-րդական նշանակության պաշտոնյաները։ Ինչ նպատակ էր հետապնդում Սերժ Սարգսյանն իր այս միջոցառմամբ, արդյոք ցանկանում էր ներկայանալ որպես բաց, բարդույթներից զերծ, գաղտնիքներ չունեցող, բոլոր հարցերին մանրամասն պատասխանող գործիչ, եթե՝ այո, ապա դա իսկապես չհաջողվեց։ Իսկ եթե նրա նպատակը երկրռւմ ստեղծված լարվածությունը մեղմելն էր, ներքաղաքական իրավիճակը վերահսկելի դարձնելը, որեւէ կերպ լուծում աոաջարկելը, ապա դա առավելեւս չհաջողվեց։ Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանը լրատվամիջոցներին ավետել էր, որ Սերժ Սարգսյանը սկսում է ասուլիսների շարք եւ եթե այս անգամ հրավիրվել էին միայն հիմնականում հեռուստաընկերությունները, ապա հաջորդներին կհրավիրվեն էլեկտրոնային կայքերի եւ տպագիր մամուլի ներկայացուցիչներ։ Հետաքրքիր է, եթե պլանները չփոխվեն եւ նման երկրորդ ասուլիս էլ կայանա, ինչից է խոսելու Սարգսյանը, հնարավո՞ր է՝ նույն ոճով պատմի իր եւ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպման մասին, թե ինչպես, օրինակ, Պուտինը շնորհավորեց իրեն, ինչպես ժպտաց, որ բառի վրա ծիծաղեց, որ մտքից հետո դեմքը խոժոռեց, որ պահին ուսին թփթփացրեց։ Միգուցե պետք է փորձել, դա իսկապես նոր խոսք կլինի միջազգային քաղաքական պրակտիկայում։ Տպագիր մամուլի եւ կայքերի լրագրողների հետ նմանատիպ միջոցառում կազմակերպելու դեպքում՝ մեկ այլ հարց էլ է առաջանում. ինչպես է վերահսկվելու դրա հրապարակումը, այս անգամ էլ ձայնագրիչներ չեն լինելու եւ նախագահի աշխատակազմը բոլորին նույն տեքստն է տրամադրելո՞ւ՝ տպագրելու համար։

 

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031