Հայաստանը պետք է խնդրի՝ Մաքսային միության անդամ դառնալու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ, կրեմլյան փորձագետ Սմբատ Կարախանյանն՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ասուլիսին և նրա հնչեցրած այն մտքին, թե Հայաստանին չեն պարտադրում դառնալ Մաքսային միության անդամ: Սմբատ Կարախանյանը ևս նշեց, որ ՌԴ-ն Հայաստանի առջև Մաքսային միությանն անդամակցելու խնդիր երբեք չի դրել:
«Ի սկզբանե ես ինքս Մաքսային միության վերաբերյալ քննարկումներին մասնակցել եմ, և երբեք նման հարց չի քննարկվել: Այդ շանտաժն առաջին հերթին արվում է եվրաչինովնիկների կողմից այն դեպքում, երբ ՀՀ-ի՝ Մաքսային միության անդամակցության վերաբերյալ որևէ գործնական, փաստացի, առարկայական քայլ չկա, նյութ չկա: Հայաստանին ոչ ոք չի ուզում տանել որևէ ուղղությամբ: Մի ծիծաղելի իրավիճակ է ստեղծվել: Մաքսային միության հարցը մի խնդիր է դարձել, որը երկկողմանի օգտագործվում է և՛ ՀՀ իշխանությունների, և՛ եվրոպացի չինովնիկների կողմից: ՀՀ իշխանությունները ցույց են տալիս, թե ՌԴ-ն իրենց ուզում է տանել Մաքսային միություն, իրենք չեն գնում, դիմադրում են։ Մյուս կողմից էլ՝ իրականում եվրաչինովնիկներն իրենց գլխից վեր են թռնում և, կոպիտ ասած, սկսում են Հռոմի պապից կաթոլիկ դառնալ: Շատ հաճախ եվրոպական լուրջ քաղաքական գործիչների հետ ենք խոսում ՀՀ-ի՝ Մաքսային միության անդամակցության վերաբերյալ, նման շանտաժներ չեն անում: Սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները, եվրաչինովնիկի հետ պայմանավորված, նման հայտարարություններ են անընդհատ բաց թողնում»,- ասաց Սմբատ Կարախանյանը:
Վերջինիս մասնագիտական կարծիքով՝ Մաքսային միությանն անդամակցելու համար Հայաստանը որոշակի ճանապարհ պետք է անցնի, պետք է արժանի դառնա Մաքսային միության անդամ լինելուն, քանի որ մինչ այդ միությանն անդամակցելը տնտեսական բարեփոխումների մի ահռելի փաթեթ պետք է իրականացվի, որն առաջին հերթին խփում է Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգին: Բայց, ըստ Կարախանյանի, Հայաստանն այսօրվա դրությամբ ի վիճակի չէ այս հարցերը լուծել, քանի որ դրա համար համակարգային փոփոխությունների պետք է գնա:
«Որքան ես տեսնում եմ, խոսակցություններ ժամանակ առ ժամանակ սկսվում են, բայց ժամանակ առ ժամանակ էլ մեռնում են, նույն կերպով օլիգարխների գումարներն արտահանվում են, նույն կերպով՝ ներդրվում: Հայաստանը պետք է խնդրի, պետք է կատարի տնտեսական բարեփոխումներ, որպեսզի կարողանա անդամակցել Եվրասիական միությանն ու Մաքսային միությանը: Եթե Հայաստանը պետք է դառնա Մաքսային միության անդամ, պետք է բացառի քրեաօլիգարխիկ համակարգն ու ստվերային գումարները»,- ասաց Սմբատ Կարախանյանը՝ հավելելով, որ նույն պահանջները չունի ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, ավելին՝ այն հեշտացնում է օլիգարխների կարգավիճակը:
Սմբատ Կարախանյանը նշեց, որ այդ համաձայնագրի դեպքում քրեաօլիգարխիկ համակարգի ելումուտն ավելի ազատ է լինելու, իսկ ստվերը մեծանալու է, մանր ու միջին բիզնեսը տուժելու է, իսկ օլիգարխը՝ շարունակելու է հարստանալ: Նրա համոզմամբ՝ այդ համաձայնագիրը միտված է օլիգարխների վերարտադրմանը: «Եթե Հայաստանը լիներ օրինապաշտ, սահմանադրական երկիր, դա չէր լինի, բայց Հայաստանն ի սկզբանե քրեաօլիգարխիկ համակարգի վրա է հիմնված, ուստի եվրոպական չինովնիկները հայ օլիգարխների համար լայն հնարավորություններ են բացում, որը Մաքսային միությանն անդամակցելու պայմաններում կբացառվեր՝ խաղի հստակ կանոնների պատճառով»,- ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ներքաղաքական իրողություններին՝ Կարախանյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին հարգում է, բայց ընդդիմության առաջին դեմք դառնալու ծրագիրն ամբողջությամբ տապալվում է:
«Բոլորին պարզ է, որ նա հստակ քայլեր չի կարողանալու անել: Կարող ենք անել հանրահավա՛ք, հանրահավա՛ք մինչև վերջ։ Խոսեցինք, դատարկախոսություն արեցինք. այն, ինչ 5 տարի անում էինք, դրա թույլ տեսակն արեցինք մինչև վերջ: Այս մանկապարտեզին պետք է վերջ տալ: Ես ասել եմ, թե ինչ պետք է անել: Պետք է գնալ ստեղծել քաղաքացիական կոմիտեներ՝ շրջաններում, գյուղերում, քաղաքներում, թաղամասերում, կազմակերպել աշխատանք երիտասարդների հետ, այսօր կարող են նստացույցերի, երթերի պլան կազմել, հստակորեն գնան մասնակցեն Երևանի քաղաքապետարանի ընտրություններին: Կարելի է Երևանի քաղաքապետարանը վերցնել: Իհարկե, իդեալական մոդել կլիներ, եթե միասնական ցուցակով գնային: Ուստի, եթե դա չստացվեց, կա՛մ Րաֆֆին մասնակցում է պայքարին հստակ ուժերի հետ, կա՛մ ավարտում կատակերգությունը»,- ասաց Սմբատ Կարախանյանը՝ հավելելով, որ «այդ մարդն» այդպես էլ քաղաքական ուժ չդարձավ. «Այսօր «Ժառանգության» և նրա քայլերն անլուրջ են, մանկապարտեզի մակարդակի»:
Հարգելի,՝ Սմբատ Կարախանյան: Ռաֆֆի Հովհաննիսյանը շատ լուրջ փոփոխություն է ակնկալում,
և գնում դրան, որը այսօրվա մեր մենթալիտետին չի համապատասխանում: