«Գեղեցիկ չի, Տիգրան ջան»
« ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ մամուլի խոսնակի հնչեցրած հայտարարությունը տարակուսելի, զավեշտալի եւ տարօրինակ էր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը: Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը քննադատություն հնչեցրեց ՀՀԿ-ի հասցեին` Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների համատեքստում :
Թիվ մեկ զավեշտը ԲՀԿ մամուլի խոսնակի հայտարարության մեջ ՀՀԿ խորհրդի անդամը համարում է այն, որ մինչ Տիգրան Ուրիխանյանը քննարկում եւ քննադատում է Երեւանի բյուջեի արդյունավետությունը, նույն օրը Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկում քաղաքապետարանի բյուջեի հաշվետվությանը: «Ավելին, նույն բյուջեին, որի արդյունավետության մասին խոսում է Տիգրան Ուրիխանյանը, Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը հաստատման ժամանակ էլ է կողմ քվեարկել»,- ասաց մեր զրուցակիցը: Գագիկ Մելիքյանը զավեշտ է համարում նաեւ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ խոսնակի նկատառումները, քանի որ վերջինիս կուսակցությունն, ըստ մեր զրուցակցի, այդ ընտրություններին չմասնակցելով` հայտնվեց լուսանցքում եւ մինչ օրս հասարակությունը ԲՀԿ-ից ոչ դրական, ոչ էլ բացասական կարծիք չի լսել այդ կարեւորագույն քաղաքական իրադարձության մասին:
«Առնվազն անառողջ է հայ տղամարդու կողմից գեղեցկուհի, աշխարհահռչակ պարուհի Վոլոչկովայի վերաբերյալ արված նման արհամարհական արտահայտությունը: Տիգրան, գեղեցիկ չէ»,- եզրափակեց Գագիկ Մելիքյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ