Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը նկատի ուներ, որ իրեն գրպանահատ են անվանել «Երկիր մեդիա՞յի» եթերում

Մարտ 19,2013 21:43

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսի ժամանակ  «Երկիր Մեդիա»  հեռուստաընկերության քաղաքական ու լրատվական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը բարձրացրեց այն հարցը, թե, ի վերջո, մինչև ե՞րբ է շարունակվելու աշխատաձևը՝ երբ կտրուկ հանձնարարություններ են լինում, մի քիչ դրա շուրջ ակտիվացում է լինում, հետո ամեն ինչ հանդարտվում է, ամեն ինչ գնում է նույն հունով: Նա որպես օրինակ բերեց նախագահի՝ հայտնի «ատկատների» շուրջ ելույթը, գոմեշի մսի գործը, որը մինչև վերջ բացահայտված չէ, մեկ-երկու հոգու հարց է, դեռ ավելին՝ բանտարկված մարդը նորից տենդեր է շահում ու այլ հարցեր: Ի պատասխան Ս. Սարգսյանն ասաց հետեւյալը. «Կարծում եմ, ուղղակի մի քիչ գույները սևացնում եք: Ես չեմ կարծում, որ ընդհանրապես մեր երկրում փոփոխություններ չեն եղել: Եթե եղել են, ուրեմն որոշակի հանձնարարականներ կատարվել են, իսկ եթե չեն եղել, ես լավ չեմ հասկանում, այդ ինչպե՞ս է ստացվում, որ հեռուստաընկերություններից գոնե երկուսը ինչ ասես կարող են Հանրապետության նախագահի, վարչապետի, բոլորի հասցեին ասել, ազատության աստիճանն այնքան մեծ է, որ դա ամենաանվտանգ զբաղմունքն է դարձել: Չգիտեմ, եթե այդ ոլորտում ոչինչ չի փոխվել, ապա ինչպես է ստացվում, որ Հանրապետության նախագահին գրպանահատ են անվանում, այս բառը հնչեցնող հեռուստաընկերության ներկայացուցիչը նստած է նախագահականում և հարց է ուղղում Հանրապետության նախագահին: Արդյո՞ք հինգ տարի առաջ, յոթ տարի առաջ, տասը տարի առաջ այդ բաները հնարավոր էին»: 

Aravot.am-ը պարոն Մանուկյանից հետաքրքրվեց՝ իրականում ՀՀ նախագահը նկատի ուներ «Երկիր մեդիայի՞ն», իսկապե՞ս հեռուստաընկերության եթերում նախագահին գրպանահատ են անվանել: Հարցի առաջին մասի կապակցությամբ Գ. Մանուկյանը պատասխանեց, թե՝ թող նախագահի մամուլի ծառայությունը մեկնաբանի, իսկ երկրորդ հատվածի առթիվ ասաց. «Երկիր մեդիայի» եթերում քաղաքական գործիչներից մեկը նման արտահայտություն է արել, ինչը թողնում եմ նրա բարոյական գնահատականին: «Երկիր մեդիան» չի կարող ամեն հաղորդման հյուրի բերանը փակել, անգամ եթե համաձայն չլինենք նրա հայտարարությունների հետ ու դատապարտենք դրանք»:

ՀՀ նախագահի ասուլիսին ընդհանուր գնահատական տալով էլ՝ Գ. Մանուկյանը նշեց. «Անգամ եթե որոշ պատասխանների հետ համաձայն լինես, կամ շատերի հետ համաձայն չլինես, նախագահը փորձեց հարցերին պատասխան տալ»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արսինյա says:

    Այսինքն նախագահը ուզում է ասել, որ գոհ եղեք, որ Ձեր կարծիքը արտահայտելու համար լրագրողը դեռ չի փտում ԱԱԾ նկուղներում ??? Դա նա առաջընթաց է համարում ????

    • Ավետյան says:

      Իսկ ձեր կարծիքով դա առաջընդաց չէ՞ մի ժողովրդի համար, որը 70 տարի ապրել է մի երկրում որտեղ սեփական կարծիք, անգամ մտքի մեջ, արգելվում էր ունենալ: Իսկ 20 տարի արաջ փակվում էին կուսակցություններ ու մարդիկ արտաքսվում կամ փտում էին ԱԱԾ-ի նկուղներում նաև:

  2. Փիրուզ says:

    Խոսքի ազատությունը սկսում է առաջին հերթին մտքի ազատությունից: Թերևս Եզոպոսի օրինակը դասականներից է, ֆիզիկապես ստրուկ, բայց մտքով իր տերերից ավելի ազատ մի մարդ: Տարբեր իրողությունների վերաբերյալ սեփական կարծիք ունենալը, նվազագույնը սեփական մտքում, պարտադիր է յուրաքանչյուր բանական մարդու դեպքում: Այլ խնդիր է, թե այդ խմբից քանիսը կարող են ազատ, անվախ ու հասկանալի արտահայտել իրենց միտքը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031