Նամակներով հանդես եկողները Սերժ Սարգսյանին` որպես ՀՀ նախագահի, չեն ընդունում:
2013 թվականի ՀՀ նախագահական ընտրություններից դժգոհ մի խումբ վանաձորցի ակտիվիստներ մարտի 18-ից Վանաձորում մեկնարկած «Փակ նամակ Սերժ Սարգսյանին» քաղաքացիական նախաձեռնությամբ որոշել են հնարավորություն ընձեռել մյուս քաղաքացիներին` նամակ հղելու Սերժ Սարգսյանին` այդկերպ թույլ տալով արտահայտել իրենց դժգոհությունը կայացած ընտրություններից:
«Ես Սերժ Սարգսյանին որպես ընտրված նախագահ չեմ ճանաչում, նա չի ընտրվել, չեմ ցանկանում, որ նա լինի մեր նախագահը, քանի որ երկիրը տանում է կործանման»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է մի վանաձորցի կին, ով մաքուր թերթը ձեռքին, շրջիկ արկղից քիչ հեռու, պատրաստվում էր նամակ գրելուն:
Բացի մաքուր թղթի վրա իրենց նամակը շարադրող անձանցից` շրջիկ արկղի տարածքում կային նաեւ մարդիկ, ովքեր համաձայնություն տալով պատրաստի նամակի բովանդակությանը, իրենց անուն-ազգանուններն էին գրում դրա վրա, ստորագրում եւ գցում արկղի մեջ:
Կարդացեք նաև
«Ես` որպես ՀՀ քաղաքացի, չեմ ճանաչում Ձեզ որպես ՀՀ եւ իմ նախագահ, քանզի 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունները համարում եմ կեղծված եւ լի ընտրախախտումներով: Պահանջում եմ քաղաքական կամք ցուցաբերել, նպաստել արդարության վերականգնմանը եւ հարգել ՀՀ քաղաքացիների մեծամասնության քվեն ու սահմանադրական իրավունքը»,-նշված է պատրաստի նամակներից մեկում:
«…Որպես ՀՀ քաղաքացի, հետեւելով 2013 թվականի փետրվարի 18-ի քվեարկությանը եւ դրան նախորդող իրադարձությանը, եկել եմ այն եզրակացության, որ այս քվեարկության արդյունքները չեն համապատասխանում ՀՀ ժողովրդի իրական կամքին, եւ ըստ այդմ, չեմ համարում, որ դուք ընտրվել եք ՀՀ նախագահ, քանի որ իրականում չեք ստացել թեկնածուների օգտին տրված ձայների կեսից ավելին, ինչպես պահանջում է Սահմանադրության 51-րդ հոդվածը…»,-նշված է մեկ այլ նամակում:
«Խաղաղության երկխոսություն» հ/կ նախագահ Էդգար Խաչատրյանը եւս մասնակցում է այս միջոցառմանը: «Մասնակցում եմ եւ որպես հ/կ նախագահ, եւ որպես քաղաքացի, քանի որ ընտրություններից հետո բան ունեմ ասելու»,-նշում է նա` մանրամասնելով, որ իր ղեկավարած հ/կ-ն եւս աջակցում է այս միջոցառմանը:
Ըստ նրա` սա մի գործընթաց է, երբ քաղաքացին գիտակցում է իր քաղաքացի լինելը, բնակչից վերածվում է քաղաքացու. «Սա մի գործընթաց է, երբ մարդը գիտակցում է իր կարեւորությունը քաղաքական եւ քաղաքացիական որոշումներ կայացնելու մեջ: Միջոցառման բուն նպատակը քաղաքացիներին ակտիվացնելն է, մյուս կողմից էլ այն ուղղված է Սերժ Սարգսյանին, որովհետեւ այս նախագահը ի վերջո պետք է հասկանա, որ ինքը նախագահ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ քաղաքացիներն են իրեն ընդունում, երբ գիտակցության գա, որ ինքը հասարակության ծառան է, ոչ թե թագավորը»:
Միջոցառմանը այսօրվա դրությամբ մասնակցել է շուրջ 100 քաղաքացի: Նամակահավաքը կտեւի մինչեւ մարտի 22-ը, իսկ արդեն ապրլիլի 2-ին նամակները Վանաձորի կենտրոնական փոստից կուղարկվեն ՀՀ նախագահի նստավայր:
Էդգար Խաչատրյանը հավելում է, որ քաղաքացիները կարող են նաեւ նամակներ ուղարկել էլեկտրոնային եղանակով:
«Այս պահի դրությամբ նամակներ են ստացվել նաեւ սփյուռքից»,- տեղեկացնում է նա:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ