Լրահոս
Օրվա լրահոսը

«Գետամեջ»-ի գլխին սեւ ամպե՞ր են կուտակվել

Մարտ 19,2013 21:01

«Գետամեջ»-ի վարկանիշը փրկելու համար սեփականատերն իր արտադրանքը լրացուցիչ փորձաքննության է հանձնել:

Aravot.am-ի տեղեկություններով՝ «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ընկերության գլխին, որը հանրությանն առավել հայտնի է «Գետամեջ» անունով, «սեւ ամպեր» են կուտակվում: Ըստ որոշ լուրերի, թռչնաբուծարանի բիզնեսը ցանկանում է ձեռք բերել ՀՀ մի բարձրաստիճան պաշտոնյայի բարեկամը, որն արդեն իր «մարդկանց» ուղարկել է ֆաբրիկան տնտղելու: Թռչնաբուծական ֆերմայի աշխատակիցները, լսելով, որ սեփականատիրոջ փոփոխություն է սպասվում,  նույնպես խուճապի մեջ են: Նշենք, որ այս պահին «Գետամեջ»-ի գործունեությունը կասեցված է` արտադրական գործընթացում հայտնաբերված մի շարք խախտումների պատճառով:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 5-ին հրապարակել էր «Գետամեջ» ընկերությունում հայտնաբերած խախտումները, որոնց համաձայն, ի թիվս տեխնիկական բնույթի խախտումների, ընկերությանը պատկանող սառեցված հավերի մեջ լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել էր սալմոնելա տեսակի մանրէ, ինչը մասնագետների խոսքերով, մարդու համար հադիսանում է աղիքային ինֆեկցիայի հարուցիչ:

Aravot.am-ի հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ այս պահին թռչնաբուծական ֆաբրիկան վաճառելու բանակցություններ են ընթանում, «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ընկերության համասեփականատեր Գայանե Սարգսյանի հայրը` Ռաֆիկ Սարգսյանը, որը «Դվին» կոնցեռնի սեփականատերն է, ասաց. «Նման խոսակցություն չկա»:

Ինչ վերաբերում է «Գետամեջի» վարկանիշը փրկելուն, ապա պարոն Սարգսյանը հայտնեց, որ այս օրերին իրենք արտադրության 25 նմուշ են հանձնել լաբորատորիա` փորձաքննության համար, եւ վաղը երեկոյան արդեն արդյունքները հայտնի կլինեն, որոնց մասին կտեղեկացնեն հանրությանը:

Մեր հարցին, թե չե՞ք վստահում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության արդյունքներին, որ լրացուցիչ փորձաքննության եք կատարում, պարոն Սարգսյանն ասաց, որ իրենց կողմից փորձաքննության տված նույն խմբաքանակի թարմ հավի մեջ ոչինչ չի հայտնաբերվել, եւ այդ պատճառով մեկ անգամ էլ են ցանկանում համոզվել սառեցված հավերի խմբաքանակում խնդիր կա՞, թե՞ ոչ:

Ե՞րբ կարող է Թռչնաբուծական ընկերությունը գործունեությունը շարունակել՝  Aravot.am-ի հարցին, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ եթե դիմեն ծառայությանը եւ հայտնեն, որ բոլոր արձանագրած խախտումները վերացվել են, լրացուցիչ ստուգումների արդյունքում էլ պարզվի, որ իսկապես այդպես է, ապա տնտեսվարողը կարող է վերսկսել գործունեությունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031