Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիպը և սուր շնչառական վարակները շարունակում են աճել

Մարտ 19,2013 20:44

Վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ` գրեթե 1,3 անգամ։ Եթե մարտի 4-ից 10-ն արձանագրվել է հիվանդության 8433 դեպք, ապա մարտի 11-ից 17-ը` 11404:

Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքներով վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացության աճ է արձանագրվել հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչի արդյունքում Երևանի մանկական հիվանդանոցներն ու բաժանմունքներն  աշխատում են գերծանրաբեռնված։

Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ անկախ այդ հանգամանքից, բոլոր հիվանդները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Ելնելով իրավիճակից` ուժեղացվել է հսկողությունը նախադպրոցական կազմակերպություններում։

Ներկայումս հանրապետության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններում բուժում են ստանում`

Մարզերում`

սուր շնչառական վարակներով` 270 հիվանդ,

թոքաբորբերի թեթև ձևերով` 90 հիվանդ,

Երևանում`

սուր շնչառական վարակներով` 384 հիվանդ,

թոքաբորբի թեթև ձևերով` 89 հիվանդ:

Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 31 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Վերջին շաբաթվա ընթացքում  իրականացվել է  լաբորատոր 86 հետազոտություն, որի արդյունքում 20 դեպքում հայտնաբերվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը,  25 դեպքում` գրիպի Բ տեսակը, իսկ մնացած դեպքերում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել։

Հանրապետությունում շրջանառում են նաև շնչառական այլ վարակների  հարուցիչներ` ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ:

2013 թվականի մարտի 16-ին Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում արձանագրվել է 7 տարեկան երեխայի մահվան դեպք։ Երեխայի մոտ գրեթե մեկ շաբաթ նկատվել են գրիպանման երևույթներ, սակայն բժշկական օգնության չեն դիմել։ Հետագայում երեխայի մոտ զարգացել է շնչառական անբավարարություն: Երեխայի եղբայրը ևս հիվանդ է գրիպով։ Նա հոսպիտալացվել է ժամանակին և ստացել անհրաժեշտ բուժում, ինչի արդյունքում ունի առողջացման դրական տեղաշարժ։ Նրա մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը, իսկ մահացած երեխայի լաբորատոր հետազոտություններն ընթացքում են։

Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը, ինչպես նաև ներկայումս սուր շնչառական վարակներով հիվանդացության աճը ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում և հիշեցնում է.

  1. Գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, բարձրագույն ուսումնական հաստատություններ
  2. Չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման և նոր դեպքերի առաջացման ու տարածման
  3. Չշփվել գրիպանման երևույթներով անձանց հետ
  4. Եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ, պահպանել 2 մ հեռավորություն
  5. Չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ` կամզակերպելով բժշկի այցը տուն
  6. Պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը
  7. Խստորեն հետևել անձնական հիգիենային
  8. Հագնվել եղանակին համահունչ
  9. Հաճախակի օդափոխել փակ տարածքները:

 

   ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031