Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետ Ռուբինյանն է խոստովանում իր սխալները եւ ներողություն խնդրում

Մարտ 19,2013 20:12

Նա պատմում է, թե 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ինչպես է շրջապատը խաբել Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Այսօր Ազատության հրապարակում քաղաքացիները Կարապետ Ռուբինյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ, երբ 1996 թվականին նախագահական ընտրություններում հաղթել էր Վազգեն Մանուկյանը, նույն կերպ դուրս չեկավ հրապարակ եւ չպաշտպանեց նրան ընտրողների քվեն:

Նա պատմեց, որ այդ ընտրություններում եղել է Լոռվա մարզային պատասխանատուն. «Իմ խնդիրը եղել է օրինականության ապահովումը: Ես խնդրում եմ իմ անկեղծությանը հավատաք: Ոչ մի հանձնարարություն չեմ ունեցել, ոչ մի խախտում չեմ կազմակերպել: Ավելին՝ այն ժամանակ թաղային հեղինակություններից մեկը կար, չեմ ուզում անունը տալ, եկավ ասեց՝ էսքան հոգանոց ջոկատ ձեր տրամադրության տակ է, գնանք, ջարդենք, փշրենք: Ասի՝ ոչ, գնացեք ձեր տեղը նստեք: Գիշերը իմացա, որ Վանաձորում պարտվել է  Լեւոն Տեր-Պետրոսյանը: Գիշերը քնել եմ, առավոտյան գնացել եմ խորհրդարան, ինձ զանգել են ասել են՝ Լեւոն  Տեր-Պետրոսյանը հաղթել է, գնացել եմ շամպայն խմելու, որ Րաֆֆին շատ է սիրում»,- ասաց նա ու ծիծաղեց՝ ավելացնելով, որ իր կուսակցական ընկերներից է իմացել, որ այնուամենայնիվ խայտառակ ընտրություններ են եղել. «Ինչպես այս ընտրություններում իմ ընկերներից մեկը պատմեց, որ Աշտարակի մի գյուղում այ մարդ, լցրեցինք, լցրեցինք, լցրեցինք, էլի տեսանք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է հաղթել: Լեւոն Տեր-Պետրոսյանին շրջապատը  համոզել էր, որ ՀՀՇ-ն է իրեն դավաճանել, դրա համար այդպիսի վատ արդյունքներ են եկել: Ես մի անգամ իրեն ասեցի՝ այ մարդ, լավ էլի, ոչ միայն ՀՀՇ-ն չի դավաճանել, այլեւ ապարատը աշխատացրել է իր օգտին: Ցավալի է: Ցավալի է, որ այն ժամանակ բան չեղավ, այդ քննությունը իշխանությունները չբռնեցին, որովհետեւ որպեսզի ժողովրդավարական դառնա երկիրը, մեկ արդար, ազնիվ ընտրությունն էլ բավարար չի: Պետք է իշխանությունը մի անգամ էլ ազնիվ ընտրություններով զսպի, որ նոր իմանանք՝ այդ երկիրը ժողովրդական է դարձել: Էլի եմ ասում, խորը ցավով եւ իմ մեղքն էլ ընդունում եմ՝ այն ժամանակ այդ քննությունը մենք չկարողացանք բռնել, դրա համար այս հետեւանքները դրա պատճառով են»:

Հելսինկյան կոմիիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ողջունեց Կարապետ Ռուբինյանին՝ ասելով, որ Հայաստանի հազվագյուտ քաղաքական գործիչներից է, որ իր սխալներն ընդունում է: Ավետիք Իշխանյանն իր հերթին խոստովանեց իր սխալներից մեկը, որ չի հավատացել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսպիսի փայլուն արդյունք կարող է գրանցել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Tigran says:

    Լավ է ուշ,քան երբեք…

  2. Anahit says:

    Րաֆֆիի մարդկային տեսակը հաղթեց,ժողովուրդը մերժում է նենգությամբ ու գռեհիկ,ցինիկ,ինքնագոհ պահվածքով մարդկային տեսակը:Ժողովուրդը իմաստուն է,գիտակից,մերժելով մաֆիոզ կլանին,միեվնույն է,արյուն չի ուզում ,անգամ իրեն դաժանորեն կեղեքողի արյունը:Պահանջում է,որ հանգիստ հեռանան:Փառք Աստծո,այսքան խոհեմ մարդիկ կան :

  3. dyadyur says:

    Երբեք չեմ հավատա ոչ մի ՀՀՇ-ականի (իսկ նախկին ՀՀՇ-ականներ չեն լինում) ոչ երդմանը,ոչ էլ զղջմանը:

  4. Արծրուն Պեպանյան says:

    հավանեցի:
    Ես էլ իմ մեղքերն ունեմ: Թեպետ ոչ մի ընտրարշավի պատասխանատու չեմ եղել:
    Երբ 1996 նախագահական ընտրություններին հաջորդող օրերին կայացած ՀՀՇ վարչության նիստին /ես մասնակցում էի որպես թերթի գլխավոր խմբագիր/ տարածքային կառույցներից մեկի ղեկավարը հարց բարձրացրեց՝ թե արդյո՞ք մենք գնում ենք չիլիական տարբերակով՝ մեր թեկնածուին պարտադրելով ժողովրդին, մի շատ բարձր պաշտոնյա շատ հանգիստ պատասխանեց՝ ,,Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է ազատ, արդար ընտրություններում,,:
    Ոչ ոք չառարկեց: Ես էլ: Դա էլ իմ մեղքն է:
    Ճիշտ է, այդ ընտրություններից հետո թողեցի գլխավոր խմբագրի պաշտոնը, բայց դա բավարար արդարացում չեմ համարում:

    Հիմա՝ արդար նընտրությունների անցկացման մասին: Դրանց չանցկացումը իր խոր պատճառներն ունի, միայն իշխանությունների ուզել-չուզելով չի պայմանավորված: եթե ուզում ենք խնդիրը լուծել, պիտի պրոբլեմը բացահայտենք ամբողջությամ ու հասկանանք, թե որ ծայրից է հարկավոր սկսել: Մենք հակառակ ծայրից ենք սկսում և էլ ավելի փչացնում գործը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031