Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը էրոզիայի է ենթարկում քաղաքական ուժերին». Քաղաքագետ

Մարտ 19,2013 19:36

Պետք է ստեղծել Բարեւի կոմիտեներ, որպեսզի այսօրվա շարժումը արդյունք ունենա:

 

Ապրիլի 9-ից հետո էլ, եթե իսկապես քաղաքացիական անհնազանդություն լինի, ոչ մի հետեւանք էլ չի լինի: Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այսօր «Հայացք» ակումբում` պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ զարգացումներ կլինեն, եթե Սերժ Սարգսյանը ոչ մի քայլ չձեռնարկի:

Քաղաքագետի ներկայացմամբ` «Հայաստանում շատ երեւույթների վերաբերյալ գնահատականները շատ պատրանքային են, այսինքն` մարդիկ ուզում են Հայաստանում անցկացվեն նորմալ ընտրություններ, բայց մարդիկ չգիտեն` ոնց: Կա համաշխարհային փորձ` թե ինչպես է դա գնացել, բայց մարդկանց մեծ մասը թքած ունի դրանց վրա: Մարդիկ անընդհատ փորձում են ինքնահաստատվել ինչ-որ նոր գաղափարների վրա: Օրինակ` քաղաքացիական անհնազանդությունն ի՞նչ է` ինքնահրկիզում, կամ այլ բան, եթե անգամ հարկեր չվճարեն եւ այլն, ոչ մի հետեւանք չի կարող ունենալ, այդ ամենը փուչիկի պես կպայթի»:

Պարոն Բոզոյանի դիտարկմամբ` եթե մենք ուզում ենք հասնել հաջողության, մենք պետք է ունենանք ճանապարհային քարտեզ` ինչպես դուրս գալ այս իրավիճակից: Ըստ քաղաքագետի՝ վերջին 20 տարիներին հայ հասարակությունը տրադիցիոն մեթոդներով է պայքարում, որը ոչ մի խնդիր էլ չի լուծում. «Պետական մեքենան դա մի հզոր կեղծիքի մեքենա է, եւ եթե մեզանից մեկը կառավարի այդ մեքենան, ավելի շուտ մենք կփոխվենք, քան այդ մեքենան, որովհետեւ այդպիսին է նրա մեխանիզմը: Բայց որպեսզի մենք կարողանանք փոխվել, կամ ջարդենք դրան, նախ քաղաքական բոլոր ուժերը պետք է կոնսոլիդացվեն, ինչպես ժամանակին ստեղծվեց Ղարաբաղ կոմիտեն»: Իսկ այսօր, քաղաքագետի ներկայացմամբ` փոխանակ քաղաքական ուժերը էրոզիայի ենթարկեն իշխանությանը, հակառակ գործընթացն է տեղի ունենում. «Միասնական մեքենա պետք է ստեղծեն ու հակադարձեն պետականին. իրեն առաջարկեն այնպիսի համակարգ, որը չի կրկնի այն, ինչ այսօր կա: Իշխանությունն էլ իդեաներ կգցի` այս կուսակցությունը` լավն է, նա` վատը, ՀԱԿ-ում մարդիկ են ներդրվում, որ ասվի` «Ժառանգությունը» կամ ԲՀԿ-ն վատն է, ստեղ էլ ասում են՝ սրանք են վատը, այս մարդկանց միջոցով իշխանությունը էրոզիայի է ենթարկում քաղաքական ուժերին»:

Պարոն Բոզոյանի խոսքերով` կան քաղաքական դեմքեր, ովքեր գուցե Սերժ Սարգսյանի քառատումը պահանջեն, բայց եթե նրանք չեն նպաստում քաղաքական ուժերի կոնսոլիդացմանը, ուրեմն նրանք պետական ապարատի բաղկացուցիչ մասն են` անկախ նրանից՝ մտածված են այդպես գործում, թե անմեղսունակ ձեւով:

Aravot.am-ի այն հարցին էլ, թե ի՞նչն է պատճառը, որ քաղաքական ուժերը չեն համախմբվում, պարոն Բոզոյանն ասաց. «Մի քանի գործոն կա: Անցած խորհրդարանական ընտրություններից առաջ 3 ուժեր, քաղաքական ուժեր` ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, կարողացան կոնսոլիդացվեն միասնական շտաբի շուրջ, որպեսզի կանխեին ընտրակեղծիքները, եթե այդ շտաբը կարողանային աշխատեցնել`ընտրակեղծիքի մեքենան կկանգնեցնեին: Միասնական շտաբի շուրջ իշխանությունը հակաքարոզչություն արեց, ցավոք «Ժառանգությունն» էլ մտավ, ասեց` Քոչարյանինն է, գաղափարը վարկաբեկվեց, պիտակավորեցին, որովհետեւ իշխանությունը լավ հասկանում է, որ վտանգը միասնության մեջ է»:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ նկատեց, որ  անհաջողությունների պատասխանատվությունը կարելի է ամբողջությամբ գցել հասարակության, քաղաքական գործիչների վրա, բայց կարեւորագույն գործոնը` իշխանությունների քաղաքական կամքի ձեւավորումն է, եթե չունի կամք, ուրեմն` ինքը ամբողջ երկիրը ջարդ ու փշուր կանի իշխանությունը պահպանելու համար. «Առանց քաղաքական կամքի հեռու չենք գնա: Սահակաշվիլին ինչ մեքենա ստեղծեց, ֆալսիֆիկացիայում պրոբլեմ չուներ, բայց մարդը հասկացավ, որ եկավ ժամանակը, որ պետք է հանձնի իշխանությունը»:

Իսկ պարոն Բոզոյանն էլ ավելացրեց, որ Հայաստանում  իշխանությունը երբեք քաղաքական կամք չի ունենում` դա հեքիաթային ժանրից է, դա պատրանք է եւ օգուտ չի բերի:

Րաֆֆի Հովհաննիսյանի ստեղծած շարժումն էլ, որպեսզի չմարի, Ստեփան Գրիգորյանը մի տարբերակ առաջարկեց` պետք է ստեղծել Բարեւի կոմիտեներ ամբողջ հանրապետությունով մեկ, որպեսզի շարժման արդյունքը մնա:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես ՉԵՄ հավատում այս Երվանդ Բոզոյանի ասածներին : Այս մարդն էլ «չի տեսնում», որ սա համաժողովրդական-քաղաքացիական (ներքևից վերև) շարժում է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031