Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում այսպես ամփոփեց բաց քաղաքացիական խորհրդի հերթական նիստը՝ Կարապետ Ռուբինյանի եւ Ավետիք Իշխանյանի մասնակցությամբ. «Եթե Սերժ Սարգսյանը քանակ է ուզում, եթե հնացած միակ չափանիշը քանակն է, ապա գյուղը եւ քաղաքը ինքը իր կամքով կգա եւ կհասնի ինքը իր այդ նպատակին: Բայց մենք փորձառու միտինգավոր ժողովուրդ չենք, կույր հավատացյալ չենք, Րաֆֆիի համար եկած չենք: Մենք եկել ենք սահմանադրական Հայաստան կառուցելու: Թող իր ապարատները, որ հաշվում են եւ մի քանի անգամ քիչ են հաշվում, ասեմ, որ մենք միայն Ազատության հրապարկում չենք, ամենուր ենք՝ տրանսպորտի, ավտոբուսների մեջ, սրճարաններում»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ իր սիրտը լցվում է, տեսնելով, թե ինչ որակ է Ազատության հրապարակում՝ լավ իմաստով. «Սա նոր Հայաստանի որակն է: Նոր Հայաստանի որակն այսպես է»:
Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց նաեւ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանին, որն Ազատություն ռ/կ-ին ասել էր, որ սատանիզմ է տեսնում այս շարժման մեջ եւ սատանիստական գաղափարախոսություն ու ծիսակարգ. «Իշխող կուսակցության մեջ մարդիկ կան, որոնք ասում են, որ իրենք եղել են խորհրդային այլախոհներ եւ այս որակը գնահատում են սատանայական: Ես չեմ պատասխանելու նույն կեղտոտ, հակահայկական, անամոթ լեզվապաշարով, բայց ասում եմ, որ սատանան պատկանում է այդ ուժին, այդ մարդկանց, այդ պաշտոնյաներին, ովքեր փետրվարի 18-ին խեղեցին ժողովրդի ձայնը: Այնպես որ՝ լռեք»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ ինքը միայնակ նոր Հայաստան չի կառուցելու, դա անելու է ժողովրդի հետ միասին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ