Կարապետ Ռուբինյանը «խայտառակ» է որակում Սերժ Սարգսյանի ասուլիսը:
Այսօր բաց քաղաքացիական խորհրդի նիստն Ազատության հրապարակում վարում են Կարապետ Ռուբինյանը եւ Ավետիք Իշխանյանը:
Կարապետ Ռուբինյանի ելույթը խորհրդարանական կառավարման մասին է: Նա իր խոսքում անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսին՝ այն գնահատելով «խայտառակ»: Պարոն Ռուբինյանը նշեց, որ Սերժ Սարգսյանն առաջարկել է, որ Րաֆֆիի Հովհաննիսյանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ղեկավարի. «Հեչ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանին ձեռք կտա իր իշխանական վերջին տարում այդպիսի բարեփոխում կատարվի եւ Հայաստանն անցնի խորհրդարանական կառավարման համակարգին: Նա էլ չի կարող նախագահ լինի, շատ կուզենա, որ այդպիսի ռեֆորմ լինի, որպեսզի կառչած մնա իր աթոռից եւ շարունակի իշխանավարել: Իհարկե, մենք չենք կարող դեմ լինել դրան, որովհետեւ ռեֆորմը ճիշտ է, բայց այդ ռեֆորմն անելուց կբացառենք, որ նրանք նորից շարունակեն իշխանավարել»:
Կարդացեք նաև
Պարոն Ռուբինյանը նշեց, որ մեր երկիրը խորհրդարանական կառավարման համակարգին անցել է, նման փորձ ունի. «1990-ին առաջին անգամ հայտնվեցին մեր բոլորիս հպարտությունը հանդիսացող Ղարաբաղյան շարժման անդամները՝ հայտնվեցին Աշոտ Մանուչարյանը եւ այլոք: Պառլամենտարիզմի ծնունդը կարելի է այդտեղից հաշվառել: Այդ կարճ ժամանակահատվածը՝ 1990-91-ի վերջը, զուտ խորհրդարանական կառավարում եղել է Հայաստանում, այսինքն, մենք այդ փորձն ունենք: Ընդհանուր ընդունված կարծիք կա, որ այդ թվականի Գերագույն խորհուրդն իր կազմով, քննարկումների որակներով լավագույնն է եղել մեր երկրի խորհրդարանների պատմության մեջ: Պատահական չի, որ հենց այդ ժամանակ էլ դրվել են հիմքերը մեր երկրի: Լեւոն Տեր-Պետրոսյանը ցավալի, կոպիտ սխալ թույլ տվեց, նա ներողություն խնդրեց այդ երկու անձնավորություններին՝ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին Հայաստան բերելու համար: Այն ժամանակ ո՞վ կմտածեր, որ սրանք այսպիսի որակներ կդրսեւորեին, էն ժամանակ նրանք կռված հերոսներ էին: Լեւոն Տեր Պետրոսյանի սխալն էր, որ Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ մեկ այլ երկրի նախագահին բերեց դարձրեց Հայաստանի վարչապետ: Եվ հենց Ռոբերտ Քոչարյանի ապաշնորհ քաղաքականությունն էր պատճառը, որ Ղարաբաղը դուրս մնաց բանակցային սեղանից: Նա հետո դարձավ էս երկրի նախագահ՝ ոչ բարով, հետո պարզվեց, որ նա էս երկրի ամենահարուստ մարդն է: Ֆորբսի տվյալներով՝ նա ամենահարուստ մարդկանցից է հիմա, ինչի՞ հաշվին՝ թալանի հաշվին: Տարին մեկ՝ մեկ դեղին համարանիշ են անում, մեկ՝ սպիտակ, էս ա սրանց որակը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ