«Ինչ որ արատավոր ավանդույթ է ձևավորվել մեր երկրում: Ամեն անգամ ընտրությունները կեղծելուց հետո իշխանությունը սկսում է խոսել հանդուրժողականության, իշխանություն ընդդիմություն երկխոսության, ողջամիտ փոխզիջումների մասին, իսկ նոր ընտրություններ անցկացնելը համարում են մաքսիմալիստական»,- խորհրդարանական հայտարարությունների ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը`հիշեցնելով, որ իրենք բազմիցս են ասել, որ լավագույն երկխոսությունը՝ դա ժողովրդավարական ընտրությունն է :
«Ակնհայտ է, որ կեղծված ընտրությունների բացասական հետևանքները կարող են չեզոքացնել միմիայն նոր, արդար ընտրությունների անցկացմամբ, այլ լուծում չկա: Սա է միակ ողջամիտ քայլը, որը կարող է հանգուցալուծել ստեղծված իրավիճակը: Ոչ թե պետք է ամեն ընտրությունից հետո քննարկել ՍԴ փոփոխությունների հարցը, այլ կյանքի կոչել ՍԴ երկրորդ անփոփոխ հոդվածը, համաձայն որի, ժողովուրդը իր կամքը արտահայտում է ազատ ընտրությունների միջոցով: Ի վերջո պետք հասկանալ, որ ամեն կեղծված ընտրություն երկիրը ետ է շպրտում և նպաստում է արտագաղթին: Կեղծված ընտրությունների հետևանք են 2004 թ ապրիլի 12-ի, 2008 թ-ի մարտի մեկի ողբերգական իրադարձությունները: Ուզում ենք հավատալ, որ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովը ավելի ամբողջական կաշխատի քան նախորդը և կբացահայտի, թե ժողովրդի վրա կրակելու հրաման տվողներին և թե այն կատարողներին: Մարտի մեկի սպանդ կատարողները պետք է կանգնեն դատարանի առաջ: Դա պետք է մեր ժողովրդին, որպեսզի նման հանցագործությունները չկրկնվեն»,- ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ