Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մարզահամալիրում այսօր տեղի ունեցավ ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի հանդիսավոր բացումը, որին մասնակցեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ողջույնի խոսք հղելով եւ հաջողություններ ցանկանալով ուսանող-մարզիկներին եւ մարզուհիներին:
Լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ տարին ամբողջ աշխարհի ուսանողական սպորտի համար կարեւոր է, քանի որ Կազանում տեղի են ունենալու համաշխարհային ուսանողական մարզական խաղերը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի պատվիրակությունը` հունահռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, շախմատ, դյուդո, ծանրամարտ եւ այլ մարզաձեւերում: «Հայ ուսանող-մարզիկները պետք է ձգտեն, որ Հայաստանը նվաճումներով վերադառնա: Դրա համար կառավարությունը եւ ԿԳՆ-ն պատրաստ են անել ամեն ինչ»,-հավելեց պարոն Աշոտյանը:
Նախարարի դիտարկմամբ. «Այսօր ուսանողական սպորտի հանրայնացման խնդիր ունենք: Առհասարակ, առողջ ապրելակերպը որպես մշակույթ հատկապես երիտասարդների շրջանում դեռեւս վերջնականապես արմատավորված չէ: Բոլորս էլ բուհերում կարող ենք տեսնել երիտասարդների, որոնց արտաքինը հեռու է ֆիզիկական լավ վիճակի մասին հուշելուց: Միաժամանակ, ակնհայտ է, որ սա միայն վարչական եւ կրթական եղանակներով լուծվող հարց չէ: Խնդիրը կարելի է լուծել մտածելակերպի փոփոխությամբ: Առողջ մարդը նա է, որ կարողանում է լուծել իր առջեւ դրված ցանկացած խնդիր: Երիտասարդները չպետք է չարաշահեն իրենց առողջությունը եւ ձեւավորեն առողջ ապրելակերպի մշակույթը` որքան հնարավոր է վաղ հասակից: Դա դասերի միջոցով չէ, որ արվում է: Քաղաքակիրթ աշխարհում ֆիզիկական կուլտուրան մշակույթի մի մաս է ոչ թե այն պատճառով, որ պարտադրված է ստուգարքային գրքույկով, այլ իրականում սեփական կյանքով մտահոգ մարդկանց ամենօրյա կենսակերպն է»:
Հավելենք, որ ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերին մասնակցում է 17 բուհ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ