Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ նախագահը իր խոստումը չի կարողանում իրականացնել, ստիպված է ասել, որ ԱԺ-ում օլիգարխներ չկան». Զոյա Թադեւոսյան

Մարտ 19,2013 17:52

ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հարցին, թե ինչն է խանգարում, որպեսզի խորհրդարանում չլինեն գործարար-օլիգարխներ, որին Սերժ Սարգսյանը պատասխանել էր, թե «ՀՀԿ-ի ցուցակում չկան այդպիսի մարդիկ, եւ որ դա իրենց դիրքորոշումն է, այսինքն՝ կուսակցության դիրքորոշումը խորհրդարանի մասով ամբողջովին արտացոլվում է իր համամասնական ցուցակում», ասաց.

«Երբ երկրի նախագահը, իր խոստումն այն մասին, որ օլիգարխները, խոշոր բիզնեսմենները չեն լինելու խորհրդարանում, չի կարողանում իրականացնել, ստիպված է ասել, որ այդպիսիք չկան խորհրդարանում: Դա նշանակում է, որ օլիգարխներից ազատվելը այնքան էլ հեշտ չէ, հատկապես այն օլիգարխներից, որոնք սնում են այդ նախագահին: Նրանք իրենց բիզնեսներում նախագահին համապատասխան շահ են ապահովում, նրանից անջատ չեն գործում: Բոլորին էլ պարզ է, թե ինչու գոյություն ունի օլիգարխիա եւ այն արտոնությունները, որոնցից օգտվում են սամվելալեքսանյաններն ու նրա նմանները: Դրանք բիզնեսի համակենտրոնացման հնարավորություն ունեն , իսկ համակենտրոնացման արդյունքներից օգտվում է ՀՀ նախագահը»:

Դիտարկմանն էլ, թե Սերժ Սարգսյանն ասել է, որ փաստաթղթերով նրանք գործարար չեն, այսինքն՝ ամեն ինչ կարգին է, Թադեւոսյանը նշեց, որ

դժվար չէ այսօր սեփականությունը գրանցել կնոջ, մոր, բարեկամի, կամ ինչ- որ մեկի անունով եւ փաստաթղթով ցույց տալ. ասել, որ ամեն ինչ կարգին է. «Հենց այդ չակերտավոր ոչ օլիգարխը, երբ դուրս է գալիս փողոց, նրան ուղեկցում են ամենաթանկարժեք ավտոմեքենաները, բազմաթիվ թիկնապահներ եւ սա ցույց է տալիս ակնհայտ ճչացող փաստը, որ այդ անձը տնօրինում է այնպիսի միջոցների, որ կարող է իրեն նման բաներ թույլ տալ: Սա փողոցում թափառող, երեւացող փաստ է, այդ մարդկանց տները, վիլաները, ուղեւորությունները, ճոխ ապրելակերպը, մի՞թե օլիգարխիայի փաստ չէ, պարզ չէ՞, որ խոսքը գնում է օլիգարխ տեսակի մասին: Ամեն ինչը չէ, որ փաստաթղթով պետք է ապացուցել, հիմա ինչ, եթե նրանք փաստաթուղթ բերեն, որ ասենք՝ սեւամորթ են, ուրեմն պետք է հավատալ այդ թղթին: Չէ՞ որ տեսնում ենք, ամեն ինչ պարզ է: Սա պրիմիտիվ մոտեցում է հարցի լուծման, կամ այն չլուծելու համար: Այսպիսի մեկնաբանությունը հարիր չէ այդ մասշտաբի քաղաքական գործչին: Ինչ է, նա ասեց ու լրագրողները իրենց մեջ մտածեցին ու համաձայնվեցին, որ խորհրդարանում չկան օլիգարխներ: Իսկ եթե նրանք օլիգարխներ չեն, ապա պետք է լինեն օրինաստեղծ անձինք, որոնք ԱԺ-ում զբաղված են իրենց պարտականություններով: Լավ, իսկ պահանջել ե՞ն ցույց տալ, թե այս մարդիկ ինչ են արել ԱԺ-ում, քանի օրենք են մշակել, քանի անգամ ելույթ ունեցել, ինչ կարեւոր փոփոխություններ են արել, բացի հայհոյելուց, իրենց կոլեգաներին վիրավորական խոսքեր ասելուց, սաբոտաժ ու դեմոնստրատիվ արհամարհական վարքագիծ դրսեւորելուց»:

Տիկին Թադեւոսյանը հարցնում է, իր նշածներից բացի ինչո՞վ են զբաղվել «չօլիգարխները» խորհրդարանում. «Ոչնչով: Նրանք միայն խանգարում են ԱԺ աշխատանքները, դեմ քվեարկում կարեւոր օրենքների օգտին, նրանք ընդամենը գլխաքանակ են ապահովում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031