Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի շրջապատը ապատեղեկացնո՞ւմ է նրան

Մարտ 19,2013 17:19

ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը դեռ չի լսել կամ ընթերցել նախագահ Սարգսյանի`լրագրողների հետ երեկ կայացած հանդիպման մանրամասները, բայց ենթադրելով, որ նախագահը Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին հացադուլը դադարեցնելու հորդոր ուղղած կլինի, ասաց, որ կիսում է այդ հորդորը: «Րաֆֆին պետք է կոնստրուկտիվ հուն գնա: Ես էլ եմ նրան հացադուլը դադարեցնելու կոչ անում»,- Aravot.am-ին ասաց Մանվել Բադեյանը: Aravot.am-ից տեղեկանալով այն երեք տարբերակների մասին, որոնք իրենց առանձնազրույցի ժամանակ նախագահն առաջարկել էր Րաֆֆի Հովհաննիսյանին, Մանվել Բադեյանն ասաց, որ Ազատության հրապարակում այդպես նստելն անհեռանկարային տարբերակ է. «Լավ կլիներ, որ Րաֆֆին գլխավորեր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որովհետեւ, մենք իրոք ունենք կուտակված խնդիրներ եւ ժամանակն է, որ Սահմանադրությունը որոշ հարցերում փոփոխվի: Եվ, որ ավելի օպերատիվ իր արդյունքները կտա, դա հակակոռուպցիոն ինչ-որ կառույց գլխավորելն է, որովհետեւ ակնհայտ է, որ մեր երկրի հիմնական արգելակը հիմա հենց կոռուպցիան է: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ուզում է պիտանի լինի հայ ժողովրդին, ես, իմիջիայլոց, չեմ կասկածում, որ ուզում է պիտանի լինի, ես էլ նրան խորհուրդ կտայի`ընտրել այդ երկուսից մեկը: Ավելի լավ կլիներ երրորդը: Ի տարբերություն այն խորհրդատուների, որոնք օգտագործելով Րաֆֆիի ազնվությունը, նրան ապատեղեկացնում են: Վստահ եմ, որ Րաֆֆին կարծում է, որ ինքն է հաղթել: Բայց նրա կարծիքը ձեւավորում են մարդիկ, ովքեր, ի տարբերություն նրա , զուրկ են օբյեկտիվությունից եւ շատ հեռու են ազգի շահի մասին մտածելուց»: Անուններ հստակեցնել, մեր զրուցակիցը չցանկացավ`խորհուրդ տալով`Րաֆֆի Հովհաննիսյանի շրջապատին նայել ու հասկանալ:

Սերժ Սարգսյանն ասաց, որ եթե Ազատության հրապարակում ակցիաները շարունակվեն, իրավապահ մարմինները կգործեն իրենց լիազորությունների շրջանակներում: ՀՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցինք`իր տպավորությամբ բախում կլինի՞, մանավանդ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ այսօր իր ասուլիսում հերքել էր Սերժ Սարգսյանի պարզաբանումները եւ պայքարը շարունակելու իր պատրաստակամությունը հայտնել: Բադեյանն ասաց, որ դա անցանկալի տարբերակ կլինի: Ու մեղադրանք ներկայացրեց ընդդիմությանը`իշխանությանն այլընտրանք չթողնելու համար. «Պետք է իշխանությանը հնարավորություն տաս, որ նա այդ ճանապարհով չգնա: Իշխանությունը պարտավոր է կարգ ու կանոն պահպանել, իսկ այդ կարգ ու կանոնը գրված է մեր օրենքներում, որոնցում ասվում է, որ մի խմբի կամ մեկ մարդու գործողությունները պետք է չխանգարեն այլ մարդկանց, բացառությամբ՝ արտոնված դեպքերի: Եթե ցուցարարները թույլտվություն չեն ստանա ցույց անցկացնելու, բայց կանցկացնեն, իշխանությունը պարտավոր է գործել օրենքի սահմաններում, ինչն, իհարկե, անցանկալի է: Բայց դրա պատասխանատվությունն արդեն ընկնում է նրանց վրա, ովքեր փորձում են կարգը խախտել»:

Ի տարբերություն իր կուսակից որոշ ընկերների, ովքեր սվիններով ընդունեցին Ազատության հրապարակում հայտարարված ստվերային կառավարության ձեւավորման մասին իրողությունը, Մանվել Բադեյանը նույնիսկ դրական է վերաբերվում ստվերային կառավարության գոյությանը: Ազատության հրապարակում հրապարակված ցուցակին ծանոթ չէ, այդ իմաստով ոչինչ ասել չի կարող. «Երեւույթին ես դեմ չեմ, դա ընդունված բան է աշխարհի տարբեր երկրներում, որովհետեւ պրոֆեսիոնալների խմբերը վերահսկում են կառավարության գործունեությունը: Դա պիտանի բան է: Անգլիական պառլամենտում դա նույնիսկ ավանդույթ է եւ շատ օգուտներ է բերում իրենց: Այլ հարց, եթե դրա քողի տակ ամեն ինչ քաղաքականացնել, փորձել լուծել այլ խնդիրներ, ոչ թե երկրի զարգացման խնդիրները: Վստահ եմ, որ կարդամ պերսոնաները`այնտեղ այլ նպատակներ պետք է հետապնդվեն: Մանավանդ, որ էդ կաբինետը չի ձեւավորել ինքը`Րաֆֆին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. mika says:

    շուշո պետրոսյանն ու մարգո եսայանը լռեցին: Հիմա էլ էսա սկսել անկապ, հանրապետականավարի դուրս տալ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031